Կոսովոն լարվածության պայմաններում հետաձգում է ավտոմեքենաների պետհամարանիշների մասին նոր օրենքը
Կոսովոյի կառավարությունը հետաձգել է նոր օրենքի կիրառումը, որը կստիպի էթնիկ մեծամասնությամբ սերբական շրջանների բնակիչներին փոխել սերբական համարանիշները Կոսովոյի համարանիշներով: Հայտնում է BBC-ին։
Օրենքը պետք է ուժի մեջ մտներ երկուշաբթի կեսգիշերին։ Կիրակի, սակայն, հյուսիսում գտնվող էթնիկ սերբերը փակել են ճանապարհները, իսկ զինված մարդիկ կրակել են ի նշան բողոքի: ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցություններից հետո օրենքի կիրառումը հետաձգվել է մեկ ամսով։
Կոսովոն միակողմանիորեն անկախություն հռչակեց Սերբիայից 2008 թվականի փետրվարին՝ մեկ տասնամյակ անց արյունալի պատերազմից, որի արդյունքում ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Սերբիան։ Այնտեղի սերբերի և ալբանացիների հարաբերությունները տարիներ շարունակ լարված էին։ Կոսովոն ճանաչվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի անդամ երկրների մեծամասնության կողմից։ Սերբիան, Ռուսաստանի աջակցությամբ, հրաժարվում է դա անել, ինչպես նաև Կոսովոյի ներսում գտնվող սերբերի մեծ մասը։ Հյուսիսի սերբական մեծամասնությամբ շրջաններում բնակվող մոտ 50,000 մարդ օգտագործում է Սերբիայի իշխանությունների կողմից տրված պետհամարանիշները և հրաժարվում է ճանաչել Կոսովոյի հաստատությունները:
Նոր օրենքներ կիրառելու Կոսովոյի կառավարության որոշումը ( այդ թվում սերբական համարանիշների փոխարինումը Կոսովոյի համարանիշներով ) հանգեցրել է բախումների։ ՆԱՏՕ-ն իրավիճակը բնութագրել է «լարված», քանի որ հարյուրավոր էթնիկ սերբեր կայանել են բեռնատարներ, տանկերներ և այլ մեքենաներ Սերբիայի հետ երկու առանցքային սահմանային անցակետերի մոտ՝ ի նշան բողոքի նոր օրենքների դեմ՝ ստիպելով ոստիկանությանը փակել երկու անցակետերը։
Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելությունը՝ Կֆորը, հայտարարել է, որ պատրաստ է միջամտել «եթե կայունությունը վտանգվի»: Հաղորդվում է նաև, որ զինված մարդկանց կողմից կրակոցներ են հնչել, թեև Կոսովոյի ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորների մասին հաղորդումներ չեն ստացել:
Լարվածության աճը հանգեցրեց խորհրդակցությունների ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետ: ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիերն ասել է, որ ինքը խնդրել է Կոսովոյի կառավարությանը հետաձգել պետհամարանիշի որոշման կատարումը 30 օրով, «քանի որ թվում է, թե ապատեղեկատվություն և թյուրիմացություն է եղել որոշման վերաբերյալ», ըստ BBC-ի թղթակցի: Այնուհետև Կոսովոն համաձայնեց հետաձգել նոր կանոնների իրականացումը 30 օրով: ԵՄ արտաքին քաղաքականության բարձր պաշտոնյա Ժոզեպ Բորելը ողջունել է հայտարարությունը թվիթերում և ասել, որ ակնկալում է, որ ճանապարհային բոլոր արգելափակումները անհապաղ կվերացվեն: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես նշել է, որ ակնկալում է, որ օրենքների հետաձգումից հետո լարվածությունը «թուլանա»:
Նմանատիպ բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նախորդ տարի՝ կապված պետհամարանիշերի կանոնները փոխելու առաջարկների հետ: Կոսովոյի և Սերբիայի միջև լարվածությունը շարունակվում է, չնայած երկու կողմերը պարտավորվել են ներգրավվել ԵՄ-ի կողմից հովանավորվող երկխոսության մեջ՝ փորձելու լուծել վաղեմի խնդիրները: