Եվրոպան չի դիմակայի Ռուսաստանի դեմ առանց ԱՄՆ աջակցության․ Սաննա Մարին
Եվրոպան բավականաչափ ուժեղ չէ Ռուսաստանին դիմակայելու համար առանց ԱՄՆ աջակցության, ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ Նա կարծում է, որ Եվրամիությունը ռազմավարական սխալներ է թույլ տվել Մոսկվայի հետ հարաբերություններում, հաղորդում է ERR-ն. «Մենք պետք է շատ ավելի վաղ լսեինք մեր բալթյան և լեհ ընկերներին»։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի խոսքով՝ Եվրոպան այնքան ուժեղ չէ, որ դիմադրի Ռուսաստանին առանց ԱՄՆ աջակցության։ Նա նաև քննադատել է արևմտյան երկրների կախվածությունը ավտորիտար երկրներից, ինչպիսին Չինաստանն է։
Նման գնահատականներ է հայտնել Սաննա Մարինը Ավստրալիա կատարած այցի ժամանակ՝ ելույթ ունենալով Սիդնեյի Լոուի ինստիտուտում, հաղորդում է ֆիննական Yle հեռուստաալիքը։
Նրա խոսքով, Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակումը բացահայտեց Եվրոպայի թույլ կողմերը և Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տված ռազմավարական սխալները։
«Ես պետք է չափազանց ազնիվ լինեմ: Եվրոպան հիմա բավականաչափ ուժեղ չէ: Առանց ԱՄՆ-ի մենք խնդիրներ կունենայինք»,- ասաց նա:
Մարինը նշել է, որ Ուկրաինային պետք է տալ հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթելու համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչ այժմ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ամենամեծ ռազմական, տնտեսական և հումանիտար օգնությունը։
Իր ելույթում Մարին խոստովանել է, որ «մենք պետք է շատ ավելի վաղ լսեինք մեր բալթյան և լեհ ընկերներին»։
Ֆինլանդիայի վարչապետը նաև ասել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան և Ֆինլանդիան, պետք է նվազեցնեն կախվածությունը ավտորիտար պետություններից, հատկապես էներգիայի արտադրության և տեխնոլոգիայի ոլորտներում։