Սահմանային լարվածության հիմնական միտումները 2017 թ. օգոստոս ամսվա ընթացքում. լարվածության աճի նախադրյալները
Օգոստոս ամսվա ընթացքում Արցախյան շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է եղել: Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հիմնականում հրաձգային զինատեսակներ, իսկ խոշոր տրամագծով ականանետեր, հրանոթներ և այլ զինատեսակներ չի գործածվել:
Հրադադարի խախտման դեպքերի թիվը ևս զգալիորեն նվազել են. օգոստոսին Բաքուն հրադադարը խախտել է միջինում օրական 25 անգամ, հուլիսին այդ ցուցանիշը 42-ն էր:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից արձանագրած խախտման դեպքերի հիմնական դինամիկան հետևյալն է.
Ամսաթիվ | Խախտման դեպքերի թիվը |
Հուլիսի 30-ից օգոստոս 5 | 110 |
Օգոստոսի 6-12 | 200 |
Օգոստոսի 13-19 | 220 |
Օգոստոսի 20-26 | 160 |
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2 | 200 |
Իհարկե պետք չէ ակնկալել, որ այսպիսի հարաբերականորեն հանգիստ վիճակը տևական կլինի, քանի որ ռազմավարական տեսանկյունից դա չի բխում Բաքվի շահերից: Այլ է հարցը, թե երբ սպասել հակառակորդի ակտիվացմանը:
Օգոստոսին Ադրբեջանում ներքին ռեպրեսիաներն և դրանց արդյունքում միջազգային քննադատություններն ու քաղաքացիական հասարակության դժգոհությունները նոր թափ առան: Այսպիսի ներքին լարվածությունը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի Բաքուն հերթական անգամ սրի իրավիճակն Արցախյան շփման գծում, ինչն Իլհամ Ալիևին հնարավորություն կտան խլացնելու հանրային բողոքը: Ադրբեջանի նախագահական ընտրություններին մնացել է մեկ տարի ժամանակահատված, այս ընթացքում երկրի ղեկավարի շուրջ ժողովրդի կոնսոլիդացիման լավագույն միջոցը մնում է արտաքին ագրեսիայի սպառնալիքը, ինչն էլ Ալիևն օգտագործելու է ըստ անհրաժեշտության: