Եվրամիության և Ուկրաինայի միջև «Ասոցացման համաձայնագիրն» ամբողջությամբ մտավ ուժի մեջ
Եվրամիության և Ուկրաինայի միջև «Ասոցացման համաձայնագիրը» սեպտեմբերի 1-ից մտավ ուժի մեջ ողջ ծավալով: Ուկրաինայի վարչապես Վլադիմիր Գրոյսմանի խոսքերով. «Սա չափազանց կարևոր փուլ է երկկողմ հարաբերություններում»:
Ասոցացման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2014 թվականին՝ «եվրամայդանի» հեղափոխությունից հետ: Նույն տարվա սեպտեմբերի 1-ից դրա մի շարք քաղաքական և սեկտորալ համագործակցության դրույթներ ժամանակավորապես կիրառության մեջ դրվեցին: Իսկ 2016 հունվարի 1-ից ժամանակավոր հիմքով սկսեց գործել նաև առևտրային բաղադրիչը՝ ազատ առևտրի գոտու խորացումը:
Իսկ արդեն 2017թ. հուլիսի 11-ին Եվրամիության խորհուրդը ավարտեց «Ասոցացման համաձայնագրի» վավերացման գործընթացը:
Գրոյսմանի դիտարկմամբ. «Այս ընթացքում Եվրոպական Միությունը դարձել է Ուկրաինայի գլխավոր առևտրային գործընկերը: Այժմ ԵՄ երկրների հետ առևտուրը կազմում է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 41,1 տոկոսը. 2017 թվականի առաջին կեսին դեպի Եվրամիություն ապրանքների ու ծառայությունների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ աճել է 22,8 տոկոսով՝ կազմելով 9,4 մլրդ դոլար»:
Նշենք, որ այժմ Եվրամիությունը հետխորհրդային տարածքում «Ասոցացման համաձայնագիր» է ստորագրել երեք հանրապետությունների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Թբիլիսիի և Քիշնևի հետ համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2016 թվականի հուլիսի 1-ից: Եվրամիության այս նախաձեռնողականությունը հակասում է Ռուսաստանի շահերին, ով հետխորհրդային տարածքը դիտարկում է իր ազգային-պետական առաջնային շահի գոտին ու բնավ չի պատրաստվում համակերպվել այդ երկրներում իր ազդեցության թուլացման իրողության հետ:
Դեռ 2013 թվականին Հայաստանը ևս մտադրված էր նախաստորագրելու այդ համաձայնագիրը, սակայն մեր երկրի՝ ԵԱՏՄ անդամակցության որոշումից հետ (2013 թ. սեպտեմբերի 3), այդ ձեռնարկը հետաձգվեց մինչև 2017 թվական: Նախաստորագրումը տեղի է ունեցել մարտի 21-ին, իսկ արդեն նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել «Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը», եթե չլինեն նոր «ֆորս-մաժորային» զարգացումներ: