Ռուսաստանը միգրացիոն ճգնաժամի նախաշեմին ու տարեկան 1,5 տրիլիոն դոլար կորցնելու վտանգը. «Stratfor»-ի զեկույցը
Ամերիկյան «Stratfor» վերլուծական կազմակերպության հետազոտություններից հետևում է, որ Ռուսաստանին սպասվում է էմիգրացիայի աննախադեպ աճ: Փորձագետների կարծիքով երկրից հեռանում են որակավորված մասնագետները, ինչը մոտ ապրագայում ցավալի ազդեցություն կունենա ռուսական տնտեսության ու քաղաքականության վրա: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ տարեսկզբից զգալի թվով ռուսներ մտածում են երկրից հեռանալու մասին, որի պատճառներն են իշխանությունների պայքարը քաղաքացիական ակտիվիզմի դեմ, եկամուտների շեշտակի անկումը և աճող սոցիալական շերտավորվածությունը:
«Stratfor»-ի փորձագետների կարծիքով շուտով Ռուսաստանում արտագաղթի այնպիսի ալիք կբարձրանա, որը «վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույնը կլինի»: Վերլուծական կազմակերպության տվյալներով հոգեբանորեն պատրաստ են երկիրը լքել ռուսաստանյան երիտասարդության կեսը:
Հիմնական խնդիրն այն է, որ այսօրյա էմիգրանտները բարձր որակավորում ունեցող կադրերն են, ովքեր Ռուսաստանում հեռանկար չեն տեսնում: «Ուղեղների արտահոսքը» փորձագետների կարծիքով դեռ երկար ժամանակ ռուսական տնտեսության կորուստների պատճառ կլինին: Ռուսական կրթությունն ու առողջապահությունը կշարունակեն անկում ապրել: Նորարար կազմակերպություններն ու նախագծերը առավելապես կտեղակայվեն Ռուսաստանի սահմաններից դուրս, իսկ մասնավոր ձեռներեցությունը զգալիորեն կկրճատվի:
Զեկույցում նշվում է, որ արտագաղթողներն առավելապես հիասթափված են քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլությամբ և դրա պահանջարկի բացակայությամբ, ինչպես նաև չեն վստահում իրավապահ ու դատական համակարգերին: Խոչընդոտներից մեկն էլ առնչվում է Համացանցի օգտագործման օրենսդրական սահմանափակումերին, արդյունքում մի շարք քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, գիտնականներ ու ձեռներեցներ իրենց բիզնեսով հեռանում են Ռուսաստանից:
Փորձագետների գնահատականներով արտագաղթից նյութական վնասը տարեկան կարող է հասնել մինչև 1,5 տրիլիոն դոլարի: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում երկրից հեռացել են շուրջ 2 հազար դոլարային միլիոնատերեր ու միլիարդատերեր, ովքեր Ռուսաստանից հանել են նաև իրենց ակտիվները:
Ամերիկյան վերլուծաբանների դիտարկումներն անուղղակիորեն հաստատում է նաև ռուսական վիճակագրական ծառայությունը («Ռոսստատ»), որի տվյալներով 2012 թվականից երկիրը լքող ռուսաստանցիների թիվը 36 հազարից հասել է մինչև 350 հազար: Այսօր էմիգրանտների մեծամասնությունը գնում են ԱՄՆ, Գերմանիա, Կանադա և Ֆինլանդիա:
Այդ միտումների մասին է բարձրաձայնվում նաև քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի «Արտագաղթը Ռուսաստանից 20-րդ դարի վերջերին և 21-րդ դարի սկզբին» զեկույցում: Կոմիտեի փորձագետների դիտարկմամբ էմիգրացիայի վերաբերյալ «Ռոսստատ»-ի պաշտոնական տվյալները 3-4 անգամ քիչ է ներկայացված:
«Stratfor»-ի եզրակացությամբ էմիգրացիոն ալիքի կանխարգելիչ գործոններից մեկն էլ Ռուսաստանի բնակչության մեծամասնության շրջանում արտասահմանյան անձնագրերի բացակայություն է և այն հանգամանքը, որ նրանք երբեք ԽՍՀՄ տարածքից դուրս չեն եղել: Ստացվում է, որ բացասական տրամադրությունների աճի պայմաններում անգամ շատերն ուղղակի նյութական հնարավորություն չունեն արտագաղթելու համար: