Հյուսիսային և Հարավային Կորեաների քաղաքական համակարգերի ու ներուժի համեմատական բնութագիրը
Սառը պատերազմի արգասիքներից մեկն էր Կորեայի բաժանումը երկու մասին, սակայն երկբևեռ աշխարհը վերացավ, իսկ Կորեաները այդպես էլ չմիացան: Այս երկու երկրները, լինելով մեկ ազգ, միանգամայն տարբեր զարգացման մակարդակի վրա են և լրիվ տարբեր կողմնորոշմամբ են ընթանում: Չափազնաց արդիական է հասկանալ, թե արդյոք ինչ հենքերով կարող են մեկ ազգի երկու մասերը միմյանց հանդեպ թշնամական տածել, ու ինչ պատճառներից է դա գալիս: Ի դեպ մեր ազգ ևս ունի երկու պետություններ, ճիշտ է անհամեմատելի է Կորեայի դեպքի հետ, բայց ուրիշ երկրների առանձին փորձի իմացությունը երբեք չի խոչընդոտ մեր ազգային խնդիրների լուծման մեջ: Բնականաբար հիմնական պատճառը քաղաքական համակարգի մեջ է: Քաղաքական համակարգ հասկացությունը վերջին 50 տարիների ընթացքում է մտել քաղաքական գիտությունների լեքսիկոն, ու այն բավականին ընդգրկում հասկացություն է, թեև տեսականորեն շատ կարևոր նորամուծություն էր գիտության մեջ:
Մենք պետք է նախ հստակեցնենք ուսումնասիրվող երևույթի էությունը, թե կոնկրետ ինչ նկատի ունենք քաղաքական համակարգ հասկացության տակ, ըստ այդմ դիտարկենք հարցը: Սույն վերլուծության մեջ մենք քաղաքական համակարգը կդիտարկենք երկու հարթության վրա՝ լայն և նեղ կտրվածքով: Մյուս կարևորագույն հենքն է վերլուծության համար պատմությունը, որի արդյունքում ձևավորվեցին այս պետությունները:
Այսպիսով հասկացությունների օպերացիոնալիզացիայից հետո, կնկարագրենք պատմությունը, ապա կանցնեց երկու համակարգերի համեմատությանը, սա է մեր հետազոտության նպատակին հասնելու խնդիրների հաջորդականությունը: Ըստ այդ խնդիրների էլ աշխատանքը բաժանված է գլուխների:
Հյուսիսային և Հարավային Կորեաների քաղաքական համակարգերի համեմատական վերլուծության հիմքերը
Նախքան այս երկու երկրների քաղաքական համակարգերի համեմատության անցկացումը, անհրաժեշտ է հստակ ներկայացնել, թե ինչ նկատի ունենք քաղաքական համակարգ հասկացության տակ:
Ցանկացած մարդկային միություն (համակեցություն) ընդհանուր առմամբ, լինի արխայիկ ցեղ, ացտեկների պետություն, թե ժամանակակից պետություն, սահմանվում է և՛ որպես համընդհանուր սոցիալական երևույթ, և՛ որպես բարդ համակարգ: Այսինքն նման համակեցությունը կարելի է դիտարկել (վերլուծական նպատակով) որպես տարբեր համակարգերի ամբողջություն` կապված հետազոտության ասպեկտից: Ֆրանսիացի քաղաքագետ Ժան-Վիլյամ Լապյերը իր «Քաղաքական համակարգերի վերլուծություն» աշխատության մեջ (1973) առանձնացնում է 5 նման հիմնական համակարգեր՝ բիոսոցիալական, էկոլոգիական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև քաղաքական համակարգեր: Քաղաքական համակարգը յուրահատուկ կերպով կազմակերպում է հասարակականը և հատուկ կերպով կապված է այլ սոցիալական համակարգերի հետ:
Քաղաքական համակարգ կատեգորիան դուրս է մղում նրա հետ առնչվող պետություն, կառավարում և այլ հասկացությունները: Քանի որ այն ազատ է ուղեկցվող իրավագիտական նշանակությունից, որոնք պայմանավորված են «պետության» կողմից, ինչպես նաև հնարավորություն է տալիս ավելի խորը ուսումնասիրել ոչ ֆորմալ կառույցները, քանի որ «ղեկավարումը» հաճախ նույնացվում է ֆորմալ ինստիտուտների հետ: Այս կատեգորիան առանց դժվարության օգտագործելի է հին հասարակությունների համար, ուր քաղաքական գործունեության հիմքում կանգնած են ընտանիքը, տոհմը և այլն: Հնարավոր է նաև ուսումնասիրել պետություների հարաբերությունները գլոբալ մակարդակում, որոնցից կազմված է միջազգային քաղաքական համակարգը տարբեր աշխարահագրական (օրինակ` Արևմտյան Եվրոպա), կազմակերպչական (ՄԱԿ, ՀԱԱԵԱ[1] և այլն), ազգային (ԱՄՆ, Հնդկաստան) բաղադրատարրերով, որոնցից շատերը կարելի է դիտարկել որպես փոփոխականներ[2]: Այս կատեգորիայի միջոցով հետազոտությունը հնարավորություն է տալիս զարգացնելու արդյունավետ տեսական մոտեցումներ: Մեծ հնարավորություն է բացվում քաղաքական հետազոտություններում ժամանակ այլ գիտությունների ընդհանուր համակարգերի տեսությունից օգտվելու համար:
Սկզբունքորեն քաղաքական համակարգ հասկացության բավականին ընդգրկուն է, այսինքն այն հստակեցված չէ ու կապված է զուտ մեր սուբյեկտիվ տեսանկյունից, թե ինչպես կձևակերպենք տվյալ դեպքում մեր հետազոտության առարկան: Քաղաքական համակարգ ասելիս կարող ենք ի նկատի ունենալ ողջ պետությունը, որի բոլոր տարրերով ու նրանց միջև առկա կապերով: Կամ որպես քաղաքական համակարգ կարող ենք դիտարկել միայն պետական կառավարման համակարգը՝ ինստիտուցիոնալ բնույթը:
Ընդհանուր առմամբ մենք փորձելու ենք համեմատություններ անցկացնել այս երկու պետությունների կառավարման համակարգերը, սակայն նույն համակարգային մոտեցման տեսանկյունից հետազոտվող օբյեկտները պետք է դիտարկենք նաև ավելի լայն համակարգի մեջ, այսինքն անդրադառնալ արդեն պետությանը: Կփորձենք համեմատել պետության այն բնորոշիչները, որոնք այս կամ այն չափով կարող են պայմանավորել քաղաքական համակարգի բնույթը:
Ըստ այդմ՝ առաջնայնորեն պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես են ձևավորվել տվյալ պետությունները քաղաքական համակարգերը, այսինքն նախ անհրաժեշտ է հստակ հասկանալ տվյալ պետությունների առաջացման պատմությունը ու դրա վրա այլ միջազգային գործոնների ազդեցությունը:
Երկրորդ աշխարհամարտից հետո միջազգային հարաբերությունների համակարգում հաստատվել էր նոր դուալիստական աշխարհակարգ, ձևավորվել էին հակամարտության երկու բևեռներ (ԱՄՆ, ԽՍՀՄ), իսկ միջպետական ցանկացած կարգի հարաբերությունների հիմքում ընկած էր այս երկու գերտերությունների խաղի կանոնները: Նմանատիպ խնդիրներից մեկը Կորեական հարցն էր:
Կորեան, որ օկուպացված էր Ճապոնիայի կողմից դեռ 19-րդ դարի վերջերից, պատերազմից հետո ընկել էր բավականին բարդ կացության մեջ: Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կորեայի հյուսիսային շրջանները գրավվել էին խորհրդային զորքերի կողմից, իսկ հարավային շրջանները` ամերիկյան զորքերի կողմից: 1946թ. ստեղծվել էր Կորեայի հարցով խորհրդա-ամերիկյան հանձնաժողով, որը մշակելու էր Կորեայի քաղաքական ճակատագրի հետ կապված հիմնախնդիրները: Արտաքուստ և՛ Ստալինը, և՛ Տրումենը հայտարարում էին, որ իրենք դեմ չեն Կորեայի միավորմանը և կորեական միավորված պետության ստեղծմանը: Բայց իրականում և՛ ԽՍՀՄ, և՛ ԱՄՆ ձգտում էին Կորեան դարձնել իրենց համար մարիոնետային պետություն:
Հյուսիսում` խորհրդային օկուպացիոն գոտում ստեղծվել էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ, շրջանառության մեջ է նաև Հյուսիսային Կորեա անվանումը)` Փհենյան կենտրոնով, ուր հաստատվել էր Կիմմերսենի կոմունիստական վարչակարգը: Կորեայի հարավում ամերիկյան զորքերի վերահսկողության ներքո ձևավորվել էր Լի Սին Մանի վարչակարգը՝ Կորեային Հանրապետությունը (Հարավային Կորեա)[3]:
1949թ. հարավային Կորեայում գտնված դեմոկրատական ճակատը դիմում է ՄԱԿ-ին` խնդրելով թույլ տալ անցկացնել համակորեական ընտրություններ և միավորել երկիրը: Բայց հակասություններն այնքան խորն էին, որ խորհրդա-ամերիկյան շահերի բախումը 1950թ. սկզբներին ստեղծվել էր պատերազմական իրավիճակ, որն էլ սկսվեց հունիսին:
Հարավկորեական վարչակարգ, ԱՄՆ-ից ռազմական մեծ օգնություն ստանալով, մարտական գործողություններ սկսեց Հյուսիսային Կորեան գրավելու համար: Բայց հարավկորեական բանակը պարտություն է կրում և գործը կարող էր ավարտվել Կորեայի միավորմամբ` կոմունիստական վարչակարգի ներքո:
1950թ. հունիսին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսում է կորեական հարցի քննարկումները: ԱՄՆ ներկայացուցիչ Գրոսը առաջարկում է ընդունել բանաձև Հարավային Կորեայի դեմ ԿԺԴՀ-ի ագրեսիայի մասին: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը ժամանակավորապես չէր մասնակցում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` ի նշան բողոքի, որ կոմունիստական Չինաստանի ներկայացուցչին թույլ չէին տվել մասնակցել խորհրդի նիստին: Օգտվելով այս հանգամանքից` ԱՄՆ-ին հաջողվեց ՄԱԿ-ում ընդունել տալ որոշում Կորեայում կոլեկտիվ գործողությունների իրականացման մասին և ԿԺԴՀ-ի գործողությունները որակվեցին որպես ագրեսիա: ՄԱԿ-ը պահանջեց, որ ԿԺԴՀ զորքերը հետ քաշվեն 38-րդ զուգահեռական[4]:
1950թ. հունիսի 27-ին Տրումենը հրամայում է բանակին և նավատորմին ռազմական գործողություններ սկսել Կորեայում՝ առաջանում էր նոր համաշխարհային պատերազմի բռնկման վտանգ: Նույն ամսին ԱՄՆ կառավարությունը Մոսկվայում իր դեսպանի միջոցով փորձում էր ստանալ ԽՍՀՄ հավաստիացումը, որ նոր պատերազմ չի սկսվի: ԽՍՀՄ-ը նման հավաստիացումներ չի տալիս, բայց ատոմային զենքի առկայությունն արդեն զսպիչ նշանակություն ուներ:
Խորհրդային կառավարությունը չճանաչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Նա հյուսիսկորեական վարչակարգին շարունակում էր նախապատրաստել ծավալուն պատերազմի:
Սեպտեմբերի 15-ից սկսած ամերիկյան և հարավկորեական զինված ուժերը կարողանում են հակահարված տալ, անցնել 38-րդ զուգահեռականը և Հյուսիսային Կորեայի բանակից պահանջել կապիտուլյացիա[5]:
Այդ ժամանակ ԽՍՀՄ վերականգնել էր իր մասնակցությունը ՄԱԿ-ի աշխատանքներին: ԱՄՆ նախաձեռնությամբ ութ պետություններ ՄԱԿ-ի քննարկմանն են ներկայացնում բանաձև, որով ճանաչվում էր որպես համակորեական կառավարություն Լի Սի Մանի վարչակարգը: «Ութի նախագծի» դեմ քվեարկեցին 5 սոցիալիստական պետություններ և Հնդկաստանը, բայց և այնպես 1950թ. հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ը որոշում ընդունեց լիազորել Հյուսիսային Կորեայի գրավումը: Ստեղծվել էր նաև ՄԱԿ-ի հանձնաժողով համակորեական ընտրություններ անցկացնելու համար:
Ամերիկյան քաղաքական դիրքորոշումները և միջուկային պատերազմի վտանգը դժգոհությամբ ընդունվեցին ԱՄՆ-ի Եվրոպական դաշնակիցները: Տրումենը ստիպված էր մեղմացնել իր քաղաքականությունը: 1951թ. հուլիսի 10-ից սկսվում են բանակցությունները կորեական կողմի և «ՄԱԿ-ի հրամանատարության» միջև (հիմնականում ԱՄՆ): Վերջիվերջո մի քանի անգամ ընդհատվելուց և վերականգնելուց հետո 1951թ. նոյեմբերի 27-ին կողմերի միջև կնքվում է համաձայնագիր, ըստ որի Հյուսիսային և Հարավային Կորեաների զորամիավորումները հետ են քաշվում 38-րդ զուգահեռականից, որտեղ ստեղծվում էր ապառազմականացված գոտի` յուրաքանչյուր կողմից երկուական կմ լայնությամբ: Հետագայում նախատեսվում էր իրականացել միջոցառումներ Կորեաների միավորման ուղղությամբ՝ միջազգային հսկողության ներքո, բայց պայմանագրի այս հոդվածը չի իրականացվել մինչև օրս:
Այսպես էլ հիմնավորվեցին երկու կորեական պետություններ, չափազանց տարբերվում էին իրարից նախևառաջ իրենց արտաքին կողմնորոշմամբ, ըստ այդմ էլ բոլոր տնտեսական կացութաձև, քաղաքական համակարգի կառուցվածքով: Հյուսիսային Կորեան կոմունիստական երկիր էր, որը ենթարկվում էր Մոսկվային, իսկ Հարավային Կորեային խաղում էր Վաշինգտոնի թելադրած խաղը: Այսպիսին էր «Սառը պատերազմի» ընդհանուր տրամաբանությունը[6]:
Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո համաշխարհային հարաբերությունների բնույթը միանգամայն փոխվեց: Երկբևեռ աշխարհին փոխարինելու եկավ միաբևեռայնությունը՝ ԱՄՆ-ի գերակայությամբ: Սկզբունքորեն Հյուսիսային Կորեան զրկվեց իր հիմնական ապավեցին՝ ԽՍՀՄ-ի աջակցությունից, Ռուսաստանի Դաշնությունը այդ շրջանում այնքան ներուժ չուներ Կորեային զորավիգ լինելու համար: Հյուսիսային Կորեայի գործող կոմունիստական վարչակարգը խորը արմատներ էր գցել կառավարման համակարգում, ուստի կորեական հակասությունը շարունակություն ստացավ:
Արդյունքում այսօր առկա են երկու թշնամական պետություններ, որոնք քաղաքական համակարգերը ընդհանուր առմամբ չափազանց տարբերվում են իրարից:
Կորեական այս երկու պետությունների պատմական զարգացումը դուրս բերելուց հետո, ընդհանուր քաղաքական համակարգերի համեմատությունը տալու համար նախ պետք է անդրադառնալ քաղաքական համակարգ երևույթի տվյալ դեպքում ավելի նեղ ընկալմանը՝ որպես պետական կառավարման համակարգեր (ինստիտուցիոնալ-իրավական բաղկացուցիչը): Ապա կդիտարկենք երկու երկրները ավելի լայն համատեքստում՝ համեմատելով այդ երկրների ներուժը՝ աշխարհագրական, ազգաբնակչության, տնտեսական ցուցանիշները, ինչպես նաև ռազմական հզորությունը և գլոբալ համակարգում երկրի դերը:
Ստացվում է, որ մեր վերլուծության համար մենք քաղաքական համակարգը դիտարկում են երկու կտրվածքով՝ լայն և նեղ: Նեղ իմաստով նկատի ունենք զուտ պետական կառավարման համակարգը, իսկ լայն իմաստ դիտարկում ենք ամբողջական պետությունը, որի ներուժի չափանիշները դիտարկելու ենք աշխարհագրական պայմանները, ազգաբնակչության ներուժը, տնտեսական ու ռազմական ներուժը: Իհարկե պետությունը պետք է դիտարկել ընհանուր միջազգային համակարգի մեջ, որը էլ գործնականում մեր վերլուծության քաղաքական համակարգերի արտաքին միջավայրն է:
Հյուսիսային և Հարավային Կորեաների քաղաքական համակարգերի (նեղ իմաստով) համեմատություն
Պատմական գործընթացների արդյունքում այսօր առկա են երկու կորեական պետություններ, որոնք ոչ միայն թշնամական վերաբերմունք ունեն մեկմեկու նկատմամբ, այլև բավականին տարբերվում են մի շարք չափանիշներով, այդ թվում նաև պետական կառավարման համակարգի բնույթով, այսինքն նեղ ընկալմամբ երկրի քաղաքական համակարգի բնույթով:
Սովորաբար այս հասկացության տակ դիտարկվում է իրավական ամրագրում ունեցող նյութը, այսինքն թե ըստ սահմանադրության ու օրենքների ինչպե՞ս են ձևակերպված տվյալ երկրները: Մյուս կողմից պետք է նաև շեշտել, թե ինչքանով է այս կամ այն ամրագրված նորմը համապատասխանում իրականությանը: Այլապես հայտնի տարբերակով՝ ԽՍՀՄ-ի սահմանադրությունը ամենեց ժողովրդավարականը կարելի էր համարել, բայց իրականությունը այլ բան էր ցույց տալիս:
Հյուսիսային Կորեան սոցիալիստական հանրապետություն է, որի սահմանադրությունը գործում է 1972 թվականից, որում որոշակի փոփոխություններ են արվել 2009 թվականին[7]: Սահմանադրության մեջ ամրագրված է, որ երկիրը սոցիալիստական է, իսկ իշխանությունը պատկանում է աշխատավոր ժողովրդին: Գործնականում այս ձևակերպումներն նույնն են, ինչ առկա էր սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներում: Սակայն այսօր սոցիալիստական ճամբար չկա որպես այդպիսին ու չկա գլոբալ մակարդակով այդ ճամբարի աջակցությունը Հյուսիսային Կորեային: Ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացների պայմաններում ժողովրդավարությունը դարձել է «միակ խաղը քաղաքում»[8]:
Անդրադառնանք իշխանական մարմինների (օրենսդիր, գործադիր, դատական) հարաբերակցությանը:
Հյուսիսային Կորեայի բարձրագույն օրենսդիր մարմինը Գերագույն ժողովրդական ժողովն է, որն ունի 687 պատգամավորներ, ովքեր ընտրվում են համամասնական համակարգով, իսկ ընտրություններում գործնականում այլընտրանք չկա: Հյուսիսային Կորեան հստակ միակուսակցական համակարգ ունի: Սահմանադրության մեջ շեշտադրված է, որ միակ իշխող կուսակցությունը Կորեային աշխատավորական կուսակցությունն է, որը հիմնվել է 1945 թ. հոկտեմբերին: Այս կուսակցությունը ղեկավարում է Միասնական ժողովրդավարական հասարակական ճակատը, որը ստեղծվել է 1946 թվականին: Այս ճակատի մեջ են մտնում նաև Կորեայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Երկնային ճանապարհի կրոնի երիտասարդ բարեկամների կուսակցությունը» (Չխոնդոգյո-Չխոնուդան): Ստացվում է այն նույն իրավիճակը ինչն առկա էր ԽՍՀՄ-ում, այսինքն կուսակցության նախագահողն ինքնին հանդես էր գալիս, որպես երկրի ղեկավար: Իսկ երկրի համար կարևորություն ներկայացնող գործերի ընթացքը կապված է ոչ այնքան խորհրդարանից, որքան կուսակցական ղեկավար նիստերի որոշումներից:
Ֆորմալ կերպով Գերագույն ժողովրդական ժողովը նշանակում է կառավարության՝ նախարարների կաբինետի (Նեգակ) անդամներին, բացառության Ժողովրդական բանակի նախարարի: Ժողովը ընտրում է նաև դատարանների, Կենտրոնական դատարանի անդամներին: Գործնականում այստեղ անիմաստ է անգամ խոսել իշխանության մարմինների միջև զսպումների ու հակակշիռների առկայությանը ու իշխանության ճյուղերի միմյանցից անկախ լինելը:
Իհարկե նման մոտումը ընդունված է ժողովրդավարական երկրներում ու արդարացրել է իրեն պատմական փորձով, սակայն մենք մեզ իրավունք չենք վերապահում նշելու, թե Հյուսիսային Կորեայի կառավարման համակարգը ավելի վատն է: Դա բարոյական գնահատական կլինի, որը ամենևին էլ գիտական չէ, մենք ուղղակի կարող ենք նշել, որ Հյուսիսային Կորեայի քաղաքական համակարգը (պետական կառավարման համակարգը) ժողովրդավարական չէ:
Գործնականում իրական իշխանությունը գտնվում է պաշտպանության պետական կոմիտեի ձեռքին, իսկ դրա ղեկավարը փաստացիորեն համարվում է երկրի առաջնորդը: Այսինքն երկիրը կուսակցական գաղափարական գերակայության վրա հիմնված՝ միլիտարիստական-ամբողջատիրական համակարգ է, որում առկա են նաև առաջնորդի անձի պաշտամունքի տարրեր:
Միանգամայն այլ պատկեր է Հարավային Կորեայում, ուր այժմ հաստատված է կայուն ժողովրդավարական կառավարման համակարգ: Սակայն պետք է նշել, որ երկրում առաջին ազատ ընտրություններն անց են կացվել 1988 թվականից, մինչ այդ զգալի էր հարավկորեական նախագահի դերը: Նախագահն հանդիսանում է պետության գլուխն ու այսօր իրականացնում է այն գործառույթները, որոնք նախատեսված են զուտ երկրի սահմանադրությամբ:
Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է միապալատ Ժողովրդական ժողովը, որն ունի 299 տեղ, որից 245-ն ընտրվում են մեծամասնական համակարգով, իսկ 54-ը համամասնականով (հաղթահարելով քվեների 5 տոկոսի շեմը): Պատգամավորները ընտրվում են 4 տարի ժամանակահատվածով:
Կորեայում գործադիր ու դատական իշխանությունները ձևավորվում են նույն կերպ, ինչպես այլ ժողովրդավարական երկրներում՝ փորձելով պահպանել իշխանությունների միջև հարաբերակցության ժողովրդավարական չափանիշները:
Այսինքն ընդհանուր առմամբ Հարավային Կորեայում առկա են այն բոլոր պայմանները, որոնք առաջնայնություն ունեն ԱՄՆ-ում: Կրկին Սառը պատերազմյան տրամաբանությունն է պայմանավորել այս երկրի պետական կառավարման համակարգի նման բնույթը: Դա էլ իր հիմքերն ունի, նախ միասնական Կորեան չի ունցել հանրապետական կառավարման պատմական փորձ, դա ներմուծվել է դրսից, իսկ քանի որ օտար գերակա ուժերը տարբեր քաղաքական համակարգերի ներկայացուցիչներ էին ու ամեն մեկը կարողացել էլ հաստատել իր գերակայությունը երկրի մի հատվածում, ապա սա էլ պայմանավորեց տվյալ պետությունների ժամանակակից պետական կառավարման բնույթը: Այժմ էլ դրանք բավականին արմատացել են երկու հատվածների ժողովուրդների մենտալիտեի մեջ, սակայն նշենք, որ այլ հանգամանքների բերում դա ևս ենթակա է փոփոխությունների:
Գործնականում մեր վերլուծության մեջ հիմնական շեշտը դրված է հատկապես Հյուսիսային Կորեայի բնորոշիչների վրա, քանի որ այդ երկիրը համաշխարհային գլոբալազիոն գործընթացների ու ժողովրդավարական քաղաքական համակարգերի հաղթարշավի պայմաններում, շարունակում է «գետին հակառակ լողալ», այստեղ հարցը այլ է, թե որքանով է դա արդյունավետ:
Նման վերլուծությունից պարզ է, որ երկու երկրների քաղաքական համակարգերի (պետական կառավարման համակարգերի) դերի ընկալումը էլ ավելի հստակեցնելու համար անհրաժեշտ է համակարգը դիտարկել միջավայրի մեջ: Կրկին համակարգային տեսության տրամաբանությամբ՝ համակարգը միաժամանակ հանդիսանում է նաև այլ ավելի մեծ համակարգի ենթահամակարգ[9]: Մեր տարբերակում պետական կառավարման համակարգը մենք կդիտարկենք որպես քաղաքական համակարգի ենթահամակարգ, այսինքն մի տարրը, և կփորձենք անդրադառնալ նաև քաղաքական համակարգի ավելի լայն ընկալմանը՝ որպես ամբողջական պետությունը: Իսկ պետությունների (քաղաքական համակարգերի) համեմատության համար անհրաժեշտ է համեմատականներ անցկացնել նրա առանձին չափանիշների մեջ: Այդ չափանիշների թվին են դասվում աշխարհագրական դիրքը, ազգաբնակչության, տնտեսության, ռազմական ներուժը, ինչպես նաև պետություններն էլ միջավայրի մեջ դիտարկելիս արդեն երկրի միջազգային դերն է համաշխարհային հարաբերությունների համակարգում:
Հյուսիսային և Հարավային Կորեաների քաղաքական համակարգերի (լայն իմաստով) համեմատություն
Լայն իմաստով քաղաքական համակարգը ասելիս տվյալ դեպքում նկատի ունենք պետությունը, ուստի Հյուսիսային և Հարավային Կորեա երկրների համեմատությունը այս գլխի նյութն է; Համեմատության մեջ կան չորս հիմնական չափանիշներ (աշխարհագրական պայմաններ, ազգաբնակչություն, տնտեսություն, ռազմական ներուժ) և կից նաև միջազգային դեր: Անդրադառնանք յուրաքանչյուրին առավել մանրամասն:
Աշխարհագրական պայմանները. Տարածքի մեծությամբ Հյուսիսային Կորեան ավելի մեծ է (120 հազար քկմ), քան Հարավային Կորեան (99 հազար քկմ): Հյուսիսային Կորեան ցամաքով սահմանակից է Չինաստանին, Ռուսաստանին և Հարավային Կորեային, իսկ Հարավային Կորեան միայն Հյուսիսային հարևանին[10]:
Աշխարհագրական դիրքի առումով գործնականում առանձնահատուկ տարբերություն չկա երկու երկրների միջև: Բնական ռեսուրսների հարցով ևս նույնն է վիճակը, քանի որ երկրների օգտակար հանածոների (մասնավորապես ածխաջրածնային հումքի) առումով մեծ կշիռ չունեն, ինչպես օրինակ նույն Արաբական թերակղզու երկրները: Այսինքն կոնկրետ այս չափանիշը՝ աշխարհագրական պայմանները ոչ մի զգալի տարբերակվածություն չեն տալիս երկու պետությունների մեջ: Այլ է հարցն ազգաբնակչության առումով:
Ազգաբնակչությունը. Հասարակության մեջ էլ առանձնապես տարբերություն չկա, երկու երկրներում էլ գերակշիռ մեծամասնւթյուն են կազմում կորեացիները, ովքեր խոսում են կորեերեն, թեև պետք է նշել անգլերենը Հարավային Կորեայում, հատկապես դպրոցականների ու ուսանողների շրջանում, սկսել են լայնորեն տարածել:
Բնակչությունը Հյուսիսային Կորեայում կազմում է շուրջ 25,5 մլն (52-րդ տեղը աշխարհում), իսկ Հարավային Կորեայում շուրջ 55,5 մլն (25-րդ տեղը)[11]: Սա բնականաբար արդեն իսկ բավական մեծ առավելություն է տալիս Հարավային Կորեային, քանի որ շատ դեպքերում երկրի հզորության հիմնական շարժիչ ուժը հանդես է գալիս բնակչությունը: Ի դեպ դա համընդհանուր միտում է, ժամանակակից մեծ բնակչություն ունեցող երկրները հեշտությամբ կարողանում են բավական մեծ տնտեսական զարգացումներ արձանագրել, ըստ մեզ դրա հիմնական պատճառը շուկայի մեծ լինելու հետ է. որքան շատ է բնակչությունը, այնքան մեծ է շուկան, ինչն էլ բերում է իր հետևանքները:
Չափահասությունը (այդ թվում նաև ընտրական իրավունքը և պարտադիր զինվորագրումը) Հյուսիսային Կորեայում 17 տարեկանում է, իսկ հարավում՝ 19: Ինչ-որ տեղ դրանով Հյուսիսիային կորեան փորձում է կոմպենսացնել իր ազգաբնակչության թվային համահարաբերակցության բացասական բալանսը:
Հյուսիսում բնակչության միջին տարիքն է 32.9 տարեկանը, իսկ հարավում՝ 38.4 տարին: Պետք է նշել, որ երկու երկրներում բնակչությունը այնքան էլ բարձր տեմպերով չի աճում: Սա խոսում է այն մասին, որ առաջիկայում ինչ-որ ժողովրդագրական բում չի ակնկալվում, այսինքն վերլուծության այս չափանիշը պահպանելու է իր դրական հարաբերակցությունը՝ ի նպաստ Հարավային Կորեայի:
Բավականին մեծ տարբերություն կա նաև քաղաքաբնակների թվի առումով: ԿԺԴՀ-ում ուրբանիզացվածության մակարդակը հասնում է 60 տոկոսի, իսկ Հարավային Կորեայում՝ 83 տոկոս: Հարավային Կորեայի մայրաքաղաքը ունի մոտ 9,8 մլն բնակչություն, երկրում կան 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող 4 քաղաքներ: Մինչդեռ Հյուսիսային Կորեայում միայն մայրաքաղաք Փհենյանն է, որ ունի մեկ միլիոնից ավել բնակչություն (3,2 մլն): Քաղաքային բնակչության թվի խոսում է երկրի ինդուստրիալ ու անգամ պոստինդուստրիալ զարգացվածության մասին: Պետք է նաև նշել, որ երկու երկրներում էլ գրագիտությունը գրեթե համատարած բնույթ ունի, ինչը այլ երկրների հետ համեմատության առումով հստակ առավելություն կտար, սակայն այս պարագայում դա այլևս էական չէ: Միակ տարբերությունն այն է, որ ազգաբնակչությունը երկու երկրներում պետական տարբեր պրոպագանդայի են ենթակա, ինչն էլ հիմնականում թշնամանք է սերմանում միմյանց միջև: Այս առումով որքան կրթված է մարդ ու կրթվել է նման պրոպանգայի ազդեցության տակ, այնքան դժվար է նրա կողմնորոշումը փոխել, սա վկայում է կողմերի հաշտեցման բավականին դժվար գործընթացի մասին՝ անգամ ազգային նույնականության հողի ներքո:
Սակայն ազգաբնակչության այս կամ այն ցուցանիշները պետության համար կարևորվում են նրանով, որ դա նաև ազդում է տնտեսության վրա, սակայն որպես մի բաղադրատարրը: Իրականում հենց տնտեսությունը պայմանավորում է երկրի ընդհանուր կշռի հենքը:
Տնտեսական չափանիշ. Տնտեսությունը երկրի համար այն միջոցն է, որը հնարավորություն է տալիս զարգացնել պետության ներուժի մնացյալ տարրերը: Օրինակ նույն տնտեսությունն է պայմանավորում ռազմական ուժի չափը, սպառազինությունը, կամ հաղթահարում աշխարհագրական պայմանների անբարենպաստությունը, բարձրացնում բնակչության կենսամակարդակը և այլն: Կարող ենք ասել, որ տնտեսությունը քաղաքական համակարգի (պետության) զարգացման առանցքն է:
Իսկ ինչպիսի՞ն է կորեական երկրների տնտեսական կարգավիճակը: Նույն պատմական զարգացման արդյունքում Հյուսիսային Կորեայում հաստատվեց պլանային տնտեսության համակարգ, որը հիմնված է ազգայնացված ձեռնարկությունների վրա: Այսինքն մասնավոր բիզնեսի մասին այստեղ խոսք լինել չի կարող: Իսկ Հարավային Կորեայում հաստատվեց հստակ շուկայական տնտեսություն, կապիտալիզմ, որում մասնավոր բիզնեսը և առավել ևս օտարերկրյա ներդրումները տնտեսական զարգացման կարևորագույն խթանն են հանդիսանում: Մեծ էր նաև ԱՄՆ-ի որպես տնտեսապես իրեն հավասարը չունեցող գերտերության աջակցության աստիճանը, արդյունքում հսկայական անդունդ գոյացավ տնտեսական առումով կորեական երկու երկրների միջև:
Հարավային Կորեան G20-ի անդամ է, այսինքն մտնում է առավել խոշոր տնտեսություն ունեցող 20 երկրների ցանկի մեջ: Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում է 1.55 տրիլիոն դոլար[12]: Մինչդեռ Հյուսիսային Կորեային ՀՆԱ-ն գրեթե քառասուն անգամ ավելի պակաս է՝ մոտ 40 մլրդ դոլար (99-րդ տեղն աշխարհում): Ըստ այդմ նաև անհամեմատելի է մեկ շնչի հաշվով յուրաքանչյուր երկրին բաժին ընկող ՀՆԱ-ի ցուցանիշըը: Հյուսիսային Կորեայում այն կազմում է ընդամենը 1800 դոլար, իսկ Հարավային Կորեայում ավելին քան 31.700 դոլար[13]: Սա Հարավային Կորեայի կատարյալ առաջնայնության մասին է խոսում: Տնտեսական բարձր մակարդակը կարող է ազդել ու ազդում է մնացյալ ռազմավարական նշանակության գործոնների վրա: Տնտեսության ցածր մակարդակից, դիտարկելով համեմատության մեջ, ազգաբնակչության մոտ բնական բողոք է առաջանում, ինչը հանգեցնում է քաղաքական իշխանության լեգիտիմության կորստին: Եվ եթե Հյուսիսային Կորեան իրեն չիզոլյացնոր մնացյալ աշխարհից, հազիվ թե երկար կարողանար իր գոյությունը պահպանել:
Ուսումնասիրելով ՀՆԱ-ի բաշխվածությունը կարելի է նաև ընդհանրացումներ կայացնել երկրի ինդուստրիալ զարգացվածության մասին: Հյուսիսային Կորեայում այդ բաշխվածությունը այսպիսին է. գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ՀՆԱ-ի 20.8 տոկոսը, արդյունաբերությանը՝ 48,2 տոկոսը, ծառայություններին՝ 31 տոկոսը: Նման համահավասար բաշխվածությունը գալիս է տնտեսական պայմաններից ու ըստ այդ նաև երկրի հիմնական պլանավորման համակարգից: Քանի որ արդյունաբերությանը բաժին է հասնում ՀՆԱ-ի գրեթե կեսը, ապա այս երկիրը կարելի է լրիվության համարել ինդուստրիալ երկիր:
Սակայն պետք չէ մոռանալ, որ մարդկությունը3 թևակոխել է պոստինդուստրիալ հասարակարգ, որի օրինակ է նաև Հարավային Կորեան: Նրա տնտեսության մեջ ծառայությունների բաժինը հասնում է 58,2 տոկոսի, անգամ երբ Հարավային Կորեան ունի արդյունաբերության մեծ պոտենցյալ, դրան բաժին է հասնում 39,2 տոկոսը, իսկ գյուղատնտեսությանը՝ ընդամնեը 2,6 տոկոսը[14]: Տնտեսական առումով կարելի է ասել, որ երկու պետությունների միջև կես դարի տարբերություն կա, իսկ որ Հյուսիսային Կորեան «մնացել է» 20-րդ դարում, դա ապացուցող նաև այլ հանգամանքներ կան:
Հարավային Կորեայում բնակչության թվաքանակի մեծության հետ նաև մեծ է աշխատուժի քանակությունը՝ շուրջ 25 մլն, մինչդեռ հյուսիսում կրկին երկու անգամ քիչ է 12,2 տոկոս: Հենց այս աշխատուժն է երկրի հիմնական տնտեսական առանցքը:
Նշենք նաև տնտեսական այլ գործոնների մասին: Իրենց ներքին ծախսերի համար էլեկտրաէներգիան լրիվությամբ երկու երկրների ներսում է պետությունն է արտադրում, որից արտահանում էլ չկա: Իսկ ածխաջրածնային հումքը ամբողջությամբ ներկրվում է:
Հյուսիսային Կորեան արտահանում է հանքային և մետաղագործական արտադրանքներ, սպառազինությունների, տեքստիլ, գյուղատնտեսական և ձկնորսական արտադրանքներ: 2010 թ. տվյալներով արտահանումը կազմել է շուրջ 2.5 մլրդ դոլարի չափով (133-րդ տեղն աշխարհում): Մինչդեռ Հարավային Կորեան արտահանում է տարաբնաույթ տեխնիկական, հեռահաղորդակցական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, համակարգիչներ, նավեր, նավթաքիմիկատներ և այլն: Ընդհանուր արտահանման ցուցանիշով 7-րդ երկիրն է աշխարհում (556.5 մլրդ դոլարի չափով)[15]: Սա արդեն երկուհարյուրապատիկից մեծ է, ինչը խոսում է ընդհանուր գլոբալ մակարդակում Հարավային Կորեային անքննելի դերի մասին:
Մյուս կողմից Հյուսիսային Կորեայի արտահանման հիմնական գործընկերից էլ հենց Հարավային Կորեան է: Նրան բաժին է ընկնում ողջ արտահանման 40.8 տոկոսը, իսկ առաջին տեղում Չինաստանն է 46.5 տոկոսով[16]: Սա էլ խոսում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առանց այն էլ չնչին (համեմատական առումով) արտահանումը կախված է երկու երկրներից: Սա շատ վտանգավոր է երկրի համար, եթե նշված երկրներից մեկում ինչ-որ նշանակալի բան արմատական փոփոխություններ տեղի ունենան, դա անմիջապես կազմի նաև Հյուսիսային Կորեայի վրա: Մինչդեռ Հարավային Կորեայի արտահանումը բավականին դիվերսիֆիկացված է՝ Չինաստանից մինչև ԱՄՆ ու Եվրոպա:
Փաստացիորեն Հյուսիսային Կորեայի ոչ ամբողջական իզոլյացման մյուս բաց օղակն էլ ներմուծումն է: Երկիր ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալը հասնում է ընդամենը 3.5 մլրդ դոլարի (142-րդ տեղը), իսկ Հարավային Կորեային նույն ցուցանիշը գերաանցում է 524 մլրդ դոլարը (8-րդ տեղն աշխարհում)[17]:
Հյուսիսային Կորեայի ներմուծման հիմնական գործընկերներն են Չինաստանը (64.5 տոկոսը) ու Հարավային Կորեան (24.6 տոկոս): Հարավային Կորեայի հարցում կրկին իրավիճակը շատ ավելի ցանկալի է: Իսկ այն 40.8 տոկոս արտահանումը Հյուսիսային Կորեայից դեպի Հարավ անգամ այդ երկրի ներմուծումների չնչին տոկոսը չի կազմում:
Տնտեսական կտրվածքով նման կարճ համեմատությունը ցույց տվեց, որ այս երկրներն ուղղակի անհամեմատելի են տնտեսության մեջ: Տնտեսական առումով այս երկրները համեմատել նույն է, թե համեմատել Իսպանիան ու Նեպալը, կամ մեզ համար ավելի առարկայական կլինեի նշել՝ Թուրքիան ու Վրաստանը:
Տրամաբանորեն նման տնտեսական մեծ տարբերության դեպքում Հյուսիսային Կորեան երկար կյանք չպետք է ունենար, սակայն Հյուսիսային Կորեան ունի իր կենսագործունեության պահպանման հիմնական միջոցը՝ ռազմական ուժը:
Ռազմական ներուժ. Հյուսիսային Կորեան ռազմական ուժով ձևավորված ու ռազմական ուժի հենքով գոյակցող երկիր է: Հյուսիսային Կորեայի բանակի թիվը հասնում է 1,1 մլն-ի[18], այսինքն անգամ ավելին, քան ռուսական բանակի թիվը: Պետք է նշել, որ Հարավային կորեան ևս պատկառելի զորակազմ ունի շուրջ 687 հազար[19]: Երկու բանակներն էլ լավ են սպառազինված: Գործնականում այս թվային առավելությունը ոչ մի գերակայություն չի տալիս Հարավային Կորեայի հարցով: Ավելին կարող ենք ասել, որ հյուսիսկորեական բանակի նման ահռելի չափերը ավելի շու պաշտպանողական բնույթի են, իսկ հարավկորեական բանակը, ելնելով կորեական հակամարտության ընդհանուր բնույթից, փորձել է մեծացնել իր զորակազմը ամեն դեպքեւմ պատրաստ լինելու համար:
Հյուսիսկորեական ռազմական ներուժի հիմնական ու կարևորագույն կետը միջուկային զենքի առկայության մեջ է: Այսինքն միջուկային զինանոց ունեցող եզակի երկրների թվին է դասվում: Հենց միջուկային զենքի միջոցով է, որ Հյուսիսային Կորեան մինչև օրս Իրաքի կամ Աֆղանստանի կարգավիճակում չի հայտնվել:
Հարավային Կորեան միջուկային զենք չունի, սակայն հազից թե երբևէ հյուսիսկորեական կառավարությունը այնքան անխոհեմ գտնվի իր հարվային հարևանի հանդեպ միջուկային զենք օգտագործելու համար:
***
Համեմատական վերլուծության ենթարկելով կորեական երկու երկրների քաղաքական համակարգերը, եկանք այն եզրակացության, որ Հարավային Կորեան իր ներուժով անհամեմատելի է Հյուսիսային Կորեայի հետ, սակայն Հյուսիսային Կորեան կարողանում է պահպանել իր գոյությունը իր միջուկային զինամիջոցների հաշվին:
Գործնականում Հյուսիսային Կորեային գոյակցության նման պայմանները նրան չեն կարող երկար կյանք խոստանալ, առավել ևս եթե հաշվի առնենք ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացների ընդգրկունությունը, երբ պետությունների սահմանները այլևս խոչընդոտ չեն մարդկանց միջև շփումների համար: Մյուս կողմից էլ ողջ մարդկությունը սկսել է առաջնորդվել գլոբալ շուկայի գաղափարով, որն ունի իր գործունեության տրամաբանությունը, իսկ Հյուսիսային Կորեան իզոլյացված վիճակում է:
Որպես կանխատեսում կարող ենք ասել, որ Հյուսիսային Կորեայի միացումը Հարավային Կորեային ընդամենը ժամանակի հարց է: Սակայն այն մասնավորապես ու առավելապես կախված է լինելու համաշխարհային մակարդակի առաջնային դերակատարներից, մասնավորապես Չինաստանից: Հենց Չինաստանն էլ վճռորոշ նշանակություն է ունենալու այն հարցում, թե արդյոք Հյուսիսային Կորեա պետությունը կպահպանվի, թե ոչ, իսկ այս գործում այլևս ՉԺԴՀ-ի անգամ միջուկային մարտագլխիկները ոչինչ ի զորու չեն անել:
[1] Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա
[2] Мельвиль А.Ю. Политология: учеб. М., Проспект, 2004, էջ 103 -104:
[3] Орлов А. С., Гаврилов В. А. Тайны Корейской войны. — М., 2003, էջ 21-24:
[4] Մանրամասն տե՛ս Lowe P. The Origins of the Korean War. — New York, 1986, էջ 34-42:
[5] http://www.korean-war.com/
[6] http://www.history.com/topics/korean-war
[7] Юрковский А. В. Общая характеристика некоторых особенностей государственно-правового строительства в корейской народной демократической республике http://www.proknadzor.ru/analit/show_atr.php
[8] http://www.todayszaman.com/columnist-196802-is-democracy-the-only-game-in-town.html
[9] Мельвиль А.Ю. Политология: учеб. М., Проспект, 2004, էջ 107:
[10] Տե՛ս ԿՀՎ-ի կայքի Հարավային ու Հյուսիսային Կորեային վերաբերող բաժինները https://www.cia.gov/library/publications/the-world-factbook
[11] http://www.worldometers.info/world-population/population-by-country/
[12] http://www.imf.org/external/pubs/ft/weo/2012/01/weodata/weorept.aspx
[13] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2004rank.html
[14] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ks.html
[15] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2078rank.html
[16] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/kn.html
[17] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2087rank.html
[18] Մանրամասն տե՛ս International Institute for Strategic Studies; Hackett, James (ed.) (3 February 2010). The Military Balance 2010. London: Routledge, էջ 411–413:
[19] Նույն տեղում էջ 413-417: