Հայկական հետպատերազմյան պահանջատիրությունն ու Սևրի պայմանագրի դիվանագիտական դասերը
Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում. Հայկական պահանջների հուշագիրը
Առաջին աշխարհամարտում պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր կնքելու համար Փարիզում հաղթող երկրների կողմից բացվեց միջազգային խորհրդաժողով, որը ընդմիջումներով տևեց 1919թ. հունվարի 18-ից մինչև 1920թ. հունվարի 21-ը: Գլխավոր մասնակիցներն էին ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան: Անտանտի դաշնակիցներից Ռուսաստանը չէր հրավիրվել մասնակցելու, որովհետև այնտեղ իշխում էին բոլշևիկներում, ում Անտանտը դեռ չէր ճանաչել: Մասնակցում էին 27 երկրների մոտ 2000 պատվիրակներ:
Առաջին նիստը բացեց Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն (1913-1920թթ.), իսկ նախագահողն էր վարչապետ Ժորժ Կլեմանսոն (1917-1902թթ.), ով և ղեկավարում էր ֆրանսիական պատվիրակությունը: Անգլիական պատվիրակության ղեկավարն էր վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը (1916-1922թթ.), իսկ ամերիկյանը` նախագահ Վուդրո Վիլսոնը (1913-1921թթ.):
Հայաստանի առաջին հանրապետությունը պաշտոնապես հրավիրված չէր կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու, այնուամենայնիվ հայկական պահանջները ներկայացնելու համար պառլամենտը 1918թ. դեկտեմբերի 3-ին որոշեց կազմել մի պատվիրակություն Փարիզ ուղարկելու համար, քանի որ Հայկական հարցի լուծման մեծ հույս ունեին: Պատվիրակությունը ղեկավարում էր Ավետիս Ահարոնյանը, անդամներն էին Միքայել Բաբաջանյանը, Համազասպ Օհանջանյանը:
Հայաստանյան պատվիրակությունից առանձին ստեղծվել էր նաև մեկ այլ պատվիրակություն, որը գլխավորում էր մեծահարուստ Պողոս Նուբար փաշան: Պատվիրակության անդամ էին Փարիզում ապրող Արշակ Չոպանյանը, Վահան Թեքեյանը և այլք:
1919թ. փետրվարին հայկական պատվիրակություններն արդեն Փարիզում էին: Նրանցից ամեն մեկն ուներ իր առանձին ծրագիրը, առաջարկությունները և այլն: Առաջարկությունների միասնական փաթեթե չունենալը դուռ էր բաց անում 2 պատվիրակությունների միջև չհամաձայնեցված գործունեության, նույնիսկ տարաձայնությունների համար: Առհասարակ ազգային պատվիրակության անդամներն ոչ միայն լուրջ չէին ընդունում հայաստանյան պատվիրակությանը, այլև բուն Հանրապետությունը: Նրանք համարում էին, որ Արևելյան Հայաստանը (Արարատյան հանրապետություն) Հայաստան չէ, իսկական Հայաստանը Արևմտյան Հայաստանն է: Նուբարը իրեն համարում էր հայոց դատի միակ ներկայացուցիչը, ըստ նրա` Ահարոնյանի պատվիրակությունն ընդհանրապես չպետք է զբաղվի հայ դատով, իսկ լավագույն դեպքում Ահարոնյանը պետք է ենթարկվեր իրեն: Նրա կարծիքով իր համազգային պատվիրակությունն է արտահայտում ամբողջ հայության շահերը: Ի դեպ այդ օրերին արևմտահայերը վախ էին ապրում, որ արևելահայերը կձգտեն չբաժանվել Ռուսաստանից, խոչընդոտել Միացյալ և անկախ Հայաստանի ծրագրին: Այսինքն Նուբարը հարց էր դնում երկրորդ Հայաստան ստեղծելու համար: Առհասարակ ազգային և հանրապետական պատվիրակությունները հենց սկզբից տարակարծիք էին: Ժամանակի ընթացքում հնարավոր եղավ ստեղծել ձևական գործակցություն և աշխատանքի ընդհանուր ճակատ, սակայն մինչև վերջ էլ հարաբերությունների անկեղծությունը և գիտակցությունը բացակայում էր: [Թուրքական բոլոր պատվիրակությունները մի ճակատով էին հանդես գալիս:]
Նուբարն ի վերջո կարողացավ համոզել, որ հայ դատը ներկայացնի ինքը: Ահարոնյանն իր լիազորություններն հանձնեց` առանց համաձայնեցնելու ՀՀ կառավարության հետ: Պողոս Նուբարը Փարիզում հրապարակեց «Ամբողջական Հայաստանի անկախության ծրագիրը»: Ըստ էության դա ծովից ծով Հայստանի ծրագիր էր, որովհետև դրա մեջ մտնելու էր Արևմտյան, Արևելյան Հայաստաններն և Կիլիկիան: Նա ներառել էր նաև Միջերկրական ծովի Ալեքսանդրետ (այժմ Իսկենդերուն) նավահանգիստը և մի ահագին կտոր Սև ծովի եզերքից Ջանիգի (Սամսոնի) և Բաթումի միջև: Այս ամբողջական Հայաստանը պետք է գտնվոր կա՛մ Անտանտի պետությունների, կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Ազգերի լիգայի հովանավորության ներքո:
ՀՀ-ի պահանջներն ավելի համեստ էին և ավելի ռեալիստական: Երևանում որոշվել էր կոնֆերանսում հայկական 4 վիլայեթների տարածքներից բաղկացած մի Հայաստան պահանջել` ելքով դեպի Սև ծով: Այդ պահանջների մեջ Կիլիկիայի մասին խոսք անգամ չկար: Իսկ Հ.Քաջազնունին, ով ՀՀ ամենապրագմատիկ և զգոն մտքով գործիչն էր, գտնում էր, որ հայերը չպետք է պահանջեն ելք դեպի ծով, ոչ ոք դա չի տա:
Ի վերջո գաղութահայ մտայնությունն Ահարոնյանին ևս հարկադրեց իր ստորագրությունը դնել Ազգային պատվիրակության ծրագրի տակ: Այսպիսով 1919թ. փետրվարի 12-ին Փարիզի վեհաժողով ներկայացվեց միասնական հուշագիր` «Հայկական հարցը հաշտության վեհաժողովի առջև»: Այստեղ ավելի հստակ էր ներկայացված հայկական պահանջները: Ծրագիրը խնդրում էր վեհաժողովից ճանաչել հայկական անկախ պետության գոյությունը, որը կազմված պետք է լինի.
- Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սեբաստիայի (Սվազ), Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների տարածքներից:
- Պետության մեջ են մտնելու Կիլիկիան ` Ալեքսանդրետ նավահանգստով:
- Կովկասի Հայկական հանրապետությունը, Թիֆլիսի նահանգի հարավային մասը, Ելիզավետպոլի հարավ-արևմտյան մասը, Կարսի նահանգը, բացառությամբ Արդահանից հյուսիս:
Հուշագրում պահանջ էր դրվում, որ հեռացվեն թուրքական զորքերը, կատարվեն ազգաբնակչության համընդհանուր զինաթափում, պատժի ենթարկվեն հայերի ջարդերին ու ունեցվածքի թալանին մասնակցած անձինք, դուրս մղվեն ըմբոստ ցեղերը, Եվրոպայից գաղթած թուրքերը հետ վերադարձվեն, միջոցներ ձեռնարկվեն բռնի կրոնափոխությունից իրենց կրոնին վերադառնալու համար և այլն: Հայկական հուշագրում պահնջվում էր, որ եվրոպական որևէ պետություն, ԱՄՆ կամ Ազգերի լիգան 20 տարի ժամկետով վերցնեն Հայաստանի մանդատը, մինչև որ երկիրը դառնա կենսունակ և չզգա հովանավորության կարիքը:
Թուրքերից պահանջվում էր հաստատում հայկական ջարդերին, տարագրումների, ավերումների, թալանի դիմաց և ամենակարևորը պահանջվում էր պատժել զանգվածային ջարդերի մեղավորներին:
Անդրադառնալով այս հուշագրին` Հովհաննես Քաջազնունին գրել է. «Որտեղի՞ց ծնունդ առավ աշխարհակալական այդ ապշեցուցիչ պահանջը»: Նա այդ ծրագիրն անվանում էր «ցնորամիտ»:
Այս հուշագիրը դրական արձագանքի չարժանացավ, Լլ.Ջորջը այն անվանել է «Պողոսի կախարդական հեքիաթ»:
Պատվիրակության ձայնը ավելի լսելի դարձնելու և Նուբարի անջատողականությունը զսպելու համար 1919թ. ապրիլի 26-ին ՀՀ պառլամենտը ընդունեց Միացյալ Հայաստանի անկախության ակտը` միավորված հայտարարելով Անդրկովկասում և Օսմանյան կայսրության մեջ գտնվող պապենական հայկական հողերը: Երբ Նուբարին հայտնի դարձավ ակտը, նա հայտարարեց, որ ինքն և իր պատվիրակությունը բողոքելու են այդ ակտի դեմ: Պարզվեց, որ եթե ստեղծվի Հայաստան, դրա նախարարապետը ինքը պետք է լինի, իսկ բոլոր նախարարները պետք է նշանակվեն իր համաձայնությամբ:
1920թ. հունվարին Փարիզի կոնֆերանսն որոշում ընդունեց ՀՀ-ը դե ֆակտո ճանաչելու մասին: Այդ որոշումը վերաբերում էր լոկ ՀՀ-ին, այլ ոչ թե Արևմտյան Հայաստանին: Որովհետև այդ ժամանակ Արևմտյան Հայաստանը փաստացի կերպով արդեն քեմալականների տիրապետության տակ էր, որոնց հետ ֆրանսիացիները և անգլիացիները սկսել էին մեծ ծավալի սիրախաղ:
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և Հայաստանի մանդատի հարցը
Հայկական պատվիրակությունը հատկապես մեծ ճիգ էր գործադրում Հայկական հարցով հետաքրքրելու ԱՄՆ-ին: Ընդ որում նախագահ Վիլսոնն ինքն ինքնաբուխ կերպով մեծ հետաքրքրություն էր դրսևում Հայկական հարցի խնդրով: Դեռ Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր և ռեկտոր եղած ժամանակ հետաքրքրվում էր հայերի ճակատագրով և դրան մինչև վերջ հավատարիմ մնաց: Վիլսոնը հայտարարել է. «Եթե ԱՄՆ-ը վերցնի որևէ երկրի մանդատ, առաջինը վերցնելու են Հայաստանի մանդատը»:
1918թ. մայիսի 14-ին Հայաստանի մանդատը որոշվեց հանձնել ԱՄՆ-ին (Մանդատային համակարգը կառավարման մի ձև էր, որի հասկացությունը տրվել էր Ազգային լիգայի կանոնադրությամբ: Դրա 22-րդ հոդվածում ասվում էր, որ այն ժողովուրդները արդի պայմաններում, որ չեն կարող ինքնուրույնաբար կառավարվեն, պետքք է ընդունեն առաջավոր ազգերի կառավարումը` Ազգերի լիգայի մանդատով):
1919թ. մարտի 20-ին Վիլսոնի առաջարկությամբ վեհաժողովը որոշեց Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի ներկայացուցիչներից հանձնաժողով` քննելու համար Օսմանյան կայսրությունից անջատվելիք երկրամասերի վիճակը և Հայկական հարցը: Սակայն մյուս պետությունները հրաժարվեցին այդ հանձնաժողովին մասնակցելու և միայն ամերիկացիները ուղղարկեցին 2 հոգու ղեկավարությամբ պատվիրակություն, որն հայտնի է «Քինգ-Քրեյնի պատվիրակություն» անունով: Այն շրջեց ողջ Արևմտյան Հայսատանով մեկ, հարցախույս արեց տարբեր մարդկանց` նպատակ ունենալով որոշել մանդատը վերցնել, թե ոչ:
1919թ. օգոստոսի 21-ին ավարտելով իր աշխատանքները` հանձնաժողովը վերադարձավ Փարիզ. ամերիկյան պատվիրակությունը ներկայացրեց իր առաջարկությունները: Առաջարկում էին ստեղծել անկախ Հայաստան, դրա անվտանգության, զարգացման համար, մանդատը երկարատև ժամանակով տալ որևէ պետության` շեշտելով ԱՄՆ-ը: Հայերը ևս ցանկանում էին, որ այդպես լինի: Հանձնաժողովը չէր նշում ապագա Հայաստանի սահմանները, միայն շեշտում էր, որ հայերը Արևմտյան Հայաստանում պետք է զբաղեցնեն միայն այն տարածքները, որտեղ հնարավոր կլինի ապահովել քրիտոնյաների գերակշռությունը: Այս հարցի առումով խնդիր էր առաջանում, թե հայկական պետությունը ստեղծելու դեպքում ոչ հայ բնակչությունը ուր պետք է գնար և ինչ էր լինելու նրանց հետ: Պատվիրակությունն առաջարկում էին Թուրքիայի այլ տարածքներում այդ մարդկանց վճարել խոշոր փոխհատուցում իրենց ինչքի համար, որ իրենց կամքով հեռանային:
Վեհաժողովում Քինգ-Քրեյնի զեկուցագիրը ԱՄՆ պատվիրակությունը ընդհանուր քննարկան չներկայացրեց, քանզի ԱՄՆ քաղաքական շրջանակներում ուժեղացել էր հակավիլսոնյան թևի ճնշումը, որոնք գտնում էին, որ ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա Մոնրոյի դեկտրինին` իզոլյացիոնիզմին:
Փարիզի կոնֆերանսում գիտակցում էին Հայաստանի մանդատի դժվարությունների խնդիրները: Օրինակ` Հայկականի հարցի լուծումը բարդանում էր նրանով, որ այն Արևմտյան Հայաստանում անմիջականորեն առնչվում էր քրդական հարցի հետ: Լլ. Ջորջը գտնում էր, որ եթե Հայաստանը անջատվի Թուրքիայից բնականաբար Հայաստանի տարածքից թուրքական զորքերը պետք է դուրս բերվեին: «Այդ դեպքում հայերը կմնան քրդերի ողորմածությանը»: Ժ.Կլեմանսոն հետևյալ կերպ էր բնութագրում հայերի վիճակը. «Հայերն սպասելիքներ չունեն ամերիկացիներից, որոնք կաշկանդված են իրենց սահմանադրությամբ, բրիտանացիներից, որոնք հեռանում էին Կովկասից, իտալացիներից, որովհետև նրանք չեն գնա կռվելու կամ ինչ-որ գործով, նաև իրենցից (ֆրանսիացիներից), մանավանդ որ նրանց ձեռքերին ազատություն չի տրվել: Այդ պատճառով Փարիզում ոչ ոք հայերի համար պատասխանատու չէր»:
«Չորսի խորհրդում» Վ.Վիլսոնը հայտարարեց, որ ԱՄՆ պատրաստ է վերցնելու Թուրքիայի միասնական մանդատը: Այդ տարածքը ընդգրկելու էին նեղուցների գոտին, Կ.Պոլիսը, թուրքական, պարսկական, ռուսական Հայաստանի ամբողջ գոտին, ներառյալ Կիլիկիան: Ի դեպ 1919թ. սկզբին երբ ԱՄՆ պատվիրակությունը ժամանեց Փարիզ, հրահանգ ուներ կառավարությունից առ այն, որ հայկական ստեղծվելիք պետությունը պետք է տարածվի Կիլիկիայից մինչև Սև ծովի ափերը, որի մեջ մտնելու են նաև Տրապիզոնի նավահանգիստը, Կարսը և ՀՀ ողջ տարածքը: Սակայն Հայաստանի մանդատը վերցնելուց առաջ ԱՄՆ նախ պետք է պաշտոնապես ճանաչի նրա անկախությունը: Նման խնդրանքով ՀՀ պառլամենտ 1919թ. սկզբներին դիմել էր ԱՄՆ կառավարությանը: Կոնգրեսը Հայաստանի անկախության ճանաչումը առնչում էր Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի կնքման և Հայստանի սահմանների որոշման հետ:
Քանի որ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը չկարողացավ պատասխանել ԱՄՆ-ին հուզող շատ հարցերի, ուստի 1919թ. սեպտեմբերին ԱՄՆ Հայաստան ուղղարկի մի նոր հանձնաժողով` ուսումնասիրելու Հայաստանի հետ կապված ամեն ինչ: Այս բոլոր նպատակը այն էր, որ որոշեն վերցնել մանդատը, թե ոչ: Հմուտ մասնագետներից կազմված 50 հոգանոց հանձնաժողովը պատրաստել էր 1000 կետից մի հարցացուցակ: Հանձնաժողովը եղավ Կիլիկիայում, Արևմտյան Հայաստանում, ՀՀ-ում, Վրաստանում, Ադրբեջանում և ընդհանրապես տարածաշրջանի բոլոր վայրերում, ուր ապրում էին հայեր:
Գեներալ Ջեյմս Հարբորդի հանձաժողովը այդ քննախույզից հետո կազմեց 13 հատորներից մի զեկուցագիր: Հիմնական եզրակացությունները հետևյալն էին. «ԱՄՆ կողմից Հայաստանի մանդատի վերցնելը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմերը»: Հայերը կարիք ունեն արտաքին հոգատարության. ԱՄՆ պետք է իր վրա վերցնի այդ հոգատարությունը»: Սակայն Հարբորդը գտնում էր, որ պետք է վերցնել ոչ թե միայն Հայաստանի, այլ ամբողջ Թուքիայի մանդատը: Որովհետև միայն Հայաստանի տարածքով հնարավոր չէր լինի պահպանել օրենքն ու կարգուկանոնը:
Ի դեպ Հարբորդի զեկուցագրում հայերի համար կային նաև ոչ ձեռնտու դրույթներ: Այսպես Հարբորդն ասում էր, որ Արևմտյան Հայաստանի տարածքում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել, իսկ ցեղասպանությունից հետո առավել ևս:
Զեկուցագրում ասվում էր, նաև որ Հայաստնում նավթ չկա, թեև լեռներ շատ կան, բայց օգտակար հանածոն չկան, որ Հայաստանում հանգստությունը և կարգուկանոնը պահպանելու համար ամերիկացիները ստիպված են Հայաստանում դիսլոկացնել 60 000-անոց բանակ: Տնտեսությունը նորմալ վիճակի բերելու համար հսկայական միջոցներ ծախսել: «Թեև հայերն օժտված են որոշ դրական հատկանիշներով, սակայն մի թերություն, որ չենք կարող հարմարել իրենց շրջապատին և իրենց հարևանների հետ լեզու գտնելու:
Հարբորդին մտահոգում էր, որ հայրի թիվը քիչ է այդ հսկական տարածքի համար: Նա նշում էր 1919թ. աշնանը ողջ Թուրքիայում մնացել էին 270 000 հայեր, որոնցից 150 000 էր ապրում Արևմտյան Հայաստանում: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են իրենցից ներկայացնում անդրկովկասյան 3 պետությունները` Հարբորդը գրում է. «Ամերիկյան միսիան պարզեց, որ այդ 3 հանրապետություննները էլ կոռուպցիայի մեջ խեղդված, անընդունակ և սնանկացած պետություններ են: Հայաստանի երկաթուղիները ամբողջապես անօգնական են, գտնվում են Վրաստանի հսկողության տակ: Հայաստանը արտաքին աշխարհից կարող է ստնալ այնքան բեռ, որքան թույլ կտա Վրաստանը»: Ի դեպ Թուրքիայում և Արևելան Հայաստանում ամենուրեք որբեր են, ինչը վկայում է, որ հասունացած մարդկանց ու մահացած լինելու մասին: Հանձնաժողովի զեկուցման մեջ կետ կա, որ թուրքերի չարագործությունները այնպիսի են, որ «մարդկությանը ընդմիշտ պետք է գցեն սարսափի մեջ»:
Արևելյան Հայաստանի մասին գրում էր, որ ինքը վստահ չէ, որ Արևելյան Հայաստանում ապրող հայերը դուրս կգան Ռուսաստանի հովանավորությունից: Վրաստանի մասին գրում է, որ վրացիները վերհիշում են իրենց հին անկախությունը և ամբողջականությամբ երբեք չեն համակերպվի ռուսական օրենքի հետ: Ադրբեջանցիները կրկնակի կապվածություն են զգում Թուրքիայի նկատմամբ և երբեք չեն վստահում քրիստոնյաներին:
Հանձնաժողովը վաղաժամ էր համարում այդ հանրապետություններին անկախություն տալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պայմաններում: Նրանց ներքին սահմանները չպետք փոփոխվեն:
Սվազում գտնվելու ժամանակ Հարբորդը հանդիպում է Մուստաֆա Քեմալի հետ, ով խնդրում է, որ Հայստանի կառավարությանը տեղեկացնի, որ այն հույսեր չկապի եվրոպական պետությունների հետ, այլ անմիջական կապի մեջ մտնի թուրքերի հետ` հայկական հարցը ինչ-որ ձևով լուծելու համար:
Հարբորդը գրում էր. «Հայկական հարցը հնարավոր չէ լուծել առանց պատասխան տալու 2 հարցերի.
— ի՞նչ է պետք անել Թուրքիայի հետ,
— ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստանը կապված հայերի հետ»:
Զեկուցագրերը պետդեպարտամենտ ներկայացվեց 1919թ. հոկտեմբերի 16-ին: 1920թ. մայիսի 24-ին Վ.Վիլսոնը դիմեց Կոնգրեսին` առաջարկելով համապատասխան լիազորություններ տալ իրեն Հայաստանի մանդատը ստանձնելու և այնտեղ ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ: Վիլսոնի ուղերձում ասվում էր, որ ամերիկյան ժողովուրդը մեծ համակրանք է տածում հայերի նկատմամբ: ԱՄՆ դե ֆակտո ճանաչեց ՀՀ-ը 1920թ. ապրիլի 23-ին, ամերիկյան Կոնգրեսը իրավասու էր քննարկելու մանդատի հարցը:
Մայիսի վերջերին քննարկումն իրականացվեց: Չմերժելով Հայաստանին օգնելու անհրաժեշտությունը` սենատորների մեծամասնությունը դեմ արտահայտվեց Վիլսոնի առաջարկին: Կողմ էին 34, դեմ 43 սենատոր, չէին մասնակցել 19-ը: Սենատորները դեմ արտահայտվեցին նաև Հայաստանի 40.000-անոց ստեղծվելիք բանակին զենք, հանդերձանք և վարժեցնելու համար սպաներ ուղարկելու ծրագրին: Այդպիսով պարզվեց, որ Կոնգրեսը համամիտ չէ Վիլսոնի տեսակետներին:
Վիլսոնը ցնցված էր քվեարկության արդյունքից, մանդատի մերժումը ողբերգական հետևանքներ էր բերելու հայ ժողովրդին, այն արձակում էր քեմալականների ձեռքերը:
Հայկական հարցը Սան Ռեմոյի կոնֆերանսում
Թեև ՀՀ-ը մեծ տերությունների կողմից դե յուրե չէր ճանաչվել, սակայն այնուամենայնիվ նրա պատվիրակությունը հրավիրվեց Իտալիայի Սան Ռեմո քաղաք` միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար: Կոնֆերանսը տեղի ունցավ 1920 թ. ապրիլի 19-26-ին, որի նպատակն էր պատրաստել պարտված Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրելու նախագիծը: Պետությունների միջև կռվախնձորը Մոսուլի նավթի շուրջ էր: Սան Ռեմոյում ՀՀ պատվիրակության ղեկավարն էր Ավետիս Ահարոնյանը, Ազգային պատվիրակության ղեկավարը` Պողոս Նուբարը:
Կոնֆերանսի գումարման օրերին մասնակիցներին արդեն հայտնի էր, որ ԱՄՆ Կոնգրեսը մեծ առարկություններ ուներ Հայաստանի մանդատը վերցնելու շուրջ, ինչպես նաև, որ քեմալականները հաստատել էին իրենց դիրքերը, ուստի առանց ուժի գործադրման անհնար էր հասնել Արևմտյան Հայաստանի անկախությանը: Քանի որ հայերը բավարար չափով ուժ չունեին այդ խնդրի լուծման համար, ուստի նրանք իրենց հույսերը կապել էին եվրոպական տերությունների օգնության հետ: Կոնֆերանսի առաջին օրերին պարզվեց, որ ոչ մի տերություն մատադրություն չունի զորքեր ուղարկել Հայաստան: Հստակություն չկար նաև այն հարցում, թե Հայաստանը ինչ սահմաններով էր լինելու, ինչպես պետք է հայերով բնակեցվեր ապագա Հայաստանը, քանի որ ցեղասպանության, բռնագաղթի, ջարդերի պատճառով Արևմտյան Հայաստանում մահմեդական բնակչությունը ձեռք է բերել մեծամասնություն, ակնհայտ էր, որ դաշնակիցների հռչակած Ազգերի ինքնորոշման սկզբունքները չէր կարող գործել այդ պայմաններում ի օգուտ հայերի:
Էական էր նաև Էրզրումի պատկանելության հարցը, քանզի այն Արևմտյան Հայաստանի սիրտն էր` ռազմավարական նշանակությամբ: Հայաստանի ապագա հանրապետության անվտանգությունն ապահովելու համար Էրզրումն ուներ մեծ նշանակություն: Սակայն Էրզրումում գրեթե հայ չէր մնացել, թուրքերն էին բնակվում, իսկ Էրզրումի ամրոցը ուժգին կերպով պաշտպանված էր:
Հայերը երազում էին ելք ունենային դեպի ծով, սակայն եթե Էրզրումը մնար թուրքերին, հայերը չէին կարողանա իրականացնել այդ ելքը: Ոմանք մտահոգվում էին, որ Էրզրումը հայերին տալը առիթ կծառայեր թուրքերի համար` հայկական նոր ջարդեր կատարելու գործում: Էրզրումը հայերին հանձնելու դեպքում Թուրքիան չէր ստորագրի խաղաղության պայմանագիրը` կդառնար մեռած տարր:
Վարչապետ Ջորջն ասում էր, որ հայերը գտնվում են մի եռանկյունու մեջ. մի կողմը` թուրքեր, մյուսը` ադրբեջանցիներ, երրորդը` քրդեր: Հարց էր տալիս. «Ինչպե՞ս կարող են հայերը պահել մի լայնածավալ տարածք, երբ նրանք հիմնական մեծ դժվարությամն են կարողանում պահել մի փոքր տարածք»: Ջորջը ասում էր, որ ինքը չի կամենում, որ դաշնակիցներն ստորագրեն մի պայմանագիր, որը համոզված են, որ չեն կարողանա պարտադրել թուքերին և ամենագլխավորը` մտադրություն չունեն թղթի վրա հայերին տալ մի այնպիսի պայմանագիր, որ իրենց պետք չէ: Նա ասաց. «Եթե Էրզրումը զիջվի թուրքերին, միակ պատասխանը, որ կտան թուրքերը, կլինի հայերին կոտորելը: Այդ դեպքում դաշնակիցները ինչ պիտի անեն` կոնֆերանս գումարել, ջուր ծեծել ու ասել, որ իրենք ամեն ինչ արեցին, բայց ոչինչ չստացվեց»:
Սան Ռեմոյի կոնֆերանսին դաշնակիցների համար հարց էր ծագել, թե Հայաստանը ի վիճակի է արդյոք գոյություն ունենալ` որպես պետություն և առանց կողմնակի օգնության պաշտպանելու իր սահմանները: Այս հարցը սկզբունքային էր դաշնակցների համար, քանզի անգլական հետախուզությունը պարզել էր, որ այդ օրերին Քեմալն ստեղծել էր 150.000-անոց բանակ, որն աճում էր: Այդ դեպքում դաշնակիցները պատրաստ էին արդյոք ուղարել առնվազն 400-500 հազարանոց բանակ: Սան Ռեմոյի կոնֆերանսում դաշնակինցերի ղեկավարների կողմից Ահարանյանին և Նուբարին հղված հարցերի պատասխանները մեծ հիասթափություն առաջ բերեց մասնակիցներին: Կոնֆերանսի հանրագումարային փաստաթուղթը ընդունվեց 1920թ. ապրիլի 24-ին Անգլիական նախագիծը հայկական հարցի առումով, որը հավանության արժանացավ: Նախատեսվում էր`
— դիմել Վիլսոնին, որ ընդունի Հայաստանի մանդատը, —
— եթե ԱՄՆ չընդունի մանդատը, ապա խնդրել Վիլսոնին որոշելու (գծելու) անկախ ապագա Հայաստանի սահմանները:
Իսկ Անդրկովկասյան պետությունների սահմանները թողնվում էր նրանց իրավասությանը, որ կամավոր համաձայնությամբ լուծել: Համաձայնության չգալու դեպքում այդ հարցը պետք է միաժամանակ լուծվեր Հայաստան-Թուրքիա սահմանները որոշել: Դրանով հայկական հարցի քննարկման օրակարգն ապահովեց Սան Ռեմոյում մշակվեց ավարտուն ձև ստացավ Թուքիայի հետ հաշտության պայմանագիրը, որը կնքվեց 1920 թ. օգոստոսին:
Սևրի հաշտության պայմանագիրը
1920 թ. ապրիլին դաշնակիցները վերջնական հավանություն տվեցին Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրին: Այն հանգամանքը, որ արդեն 1920 թ. գարնանը Թուրքիայում ռեալ իշխանությունը պատկանում էր քեմալականներին (ոչ թե սուլթանին, ով ստորագրեց), այդ պայմանագիրը վերածում էր «մեռելածին ակտի»: Ստորագրվեց օգոստոսի 10-ին Փարիզի մոտ` Սևր քաղաքում: Դա Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի բաղկացուցիչ մասերից էր:
Պայմանագիրը ստորագրեց նաև Ա.Ահարոնյանը: Վեցերորդ բաժինը (հոդված 88-93) ամբողջությամբ Հայաստանին էին վերաբերում:
- Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն:
- Հայկական 4 վիլայեթներում (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս) սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը, լուծել նաև ծով ելք ունենալու հարցը: (Կիլիկիան չէր նախատեսվում մտցնել):
- Թուրքիան հրաժարվում էր հանձնվող տարածքների նկատմամբ բոլոր իրավունքներից:
Պայմանագրի ստորագրումից հետո Վիլսոնի կողմից կազմված հանձնաժողովը կազմեց սահմանների վերաբերյալ նախագիծը, որով Հայաստանը ուներ ելք դեպի ծով: Հայաստանն ունենալու էր 100.000 քկմ տարածք, իսկ միավորվելով ՀՀ հետ` մոտ 150.000 քկմ:
Կարծես թե իրականանում էր հայ ժողովրդի դարավոր երազանքը: Իհարկե Սևրի պայմանագրի նշանակությունը առաջին հերթին նրանում էր, որ Անտանտը ճանաչում էր Հայաստանի անկախ գոյության իրավունքը, նաև Արևմտյան Հայաստանի տարածքները հայ ժողովրդին պատկանելու իրավունքները: Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը, այլև զինված շարժում սկսեց այն ոչնչացնելու համար: Իսկ սուլթանական կառավարությունը վախեցած վավերացնել այն:
Սևրի պայմանագիրը չհաստատվեց նաև ստորագրած պետությունների կողմից, քանզի պարզ էր, որ իրականացնելու համար ուժ էր պետք կիրառել, իսկ դա նրանք չէին ցանկանում:
Սևրի պայմանագիրը ըստ էության մարտահրավեր էր Թուրքիային և 1920թ. պատերազմի պատճառներից մեկը: Սևրի պայմանագրով ստեղծվում էր նաև քրդական պետություն` հենց Հայաստանի տարածքի վրա. սա նոր առճակատումեր էր բերում հայերի և քրդերի միջև: