Թուրքիայի ընտրությունների արդյունքները․ Էրդողանյան սուլթանիզմի դիրքերը սասանվում են
2018 թ․ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ 2016 թ․ հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանն անցել էր երկրում ավտորիտարիզմի ամրապնդման աշխատանքներին։ Այս ընտրությունների արդյունքներով նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ցանկանում էր իր «սուլթանական» քաղաքականության լեգիտիմությունը բարձրացնել, սակայն իրականությունն այլ պատկեր արձանագրեց։
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 86,3 տոկոսը (51 մլն մարդ)։ Նախնական արդյունքներով Էրդողանը ստացել է ավելին քան 52,6 տոկոս: Քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեին ստացել է 30,6 տոկոս, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8,4 տոկոս։
Մնացյալ երեք թեկնածուներն ավելի քիչ թվով ձայներ են ստացել («Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեներ՝ 7,3 տոկոս, «Երջանկություն» կուսակցություն թեկնածու Թեմել Քարամոլաօղլու՝ 0.9 տոկոս, «Հայրենիք» կուսակցության թեկնածու Դողու Փերինչեք՝ 0.2 տոկոս)[1]:
ԹԵԿՆԱԾՈՒ | ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ՔՎԵ | ՏՈԿՈՍ |
Ռեջեփ Թայիբ Էրդողանի | «Արդարություն և զարգացում» | 26․260․112 | 52,6 |
Մուհարրեմ Ինջե | «Ժողովրդահանրապետական» | 15․304․660 | 30,6 |
Սելահաթթին Դեմիրթաշ | «Ժողովուրդների դեմոկրատական» | 4․192․637 | 8,4 |
Մերալ Աքշեներ | «Լավ» | 3․645․866 | 7,3 |
Թեմել Քարամոլաօղլու | «Երջանկություն» | 443․053 | 0,9 |
Դողու Փերինչեք | «Հայրենիք» | 98․718 | 0,2 |
Նախորդ՝ 2014 թվականի օգոստոսի ընտրություններին արդյունքները հետևյալն էին[2]․
ԹԵԿՆԱԾՈՒ | ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ՔՎԵ | ՏՈԿՈՍ |
Ռեջեփ Թայիբ Էրդողանի | «Արդարություն և զարգացում» | 21․000․143 | 51,79 |
Էքմելեդին Իհսանօղլու | «Ազգային շարժում» | 15․587․720 | 38,44 |
Սելահաթթին Դեմիրթաշ | «Ժողովուրդների դեմոկրատական» | 3․958․048 | 9,76 |
Թեև առաջին տպավորությունն այն է, որ Էրդողանի ազդեցությունը որոշակիորեն ամրապնդվել են, քանի որ վերջինս նախորդ ընտրությունների համեմատությամբ գրեթե 1 տոկոս ավելի շատ քվե է ստացել, սակայն դա իրականում խաբկանք է։
2014 թվականի ընտրություններին ընդդիմադիր ուժերը հանդես եկան միասնական թեկնածուով․ «Ազգային շարժման» ներկայացուցիչ Էքմելեդին Իհսանօղլուին աջակցություն հայտնեց նաև քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը։ Այդ միասնական ճակատին Էրդողանը կարողացավ հաղթել ընտրությունների առաջին իսկ փուլում առանց այլ ուժերի աջակցության՝ ստանալով քվեների 51,79 տոկոսը։
Իսկ արդեն 2018 թվականի ընտրություններն Էրդողանի համար մեկ փուլով չէին ավարտվի, եթե նախկին ընդդիմադիր «Ազգային շարժումը» չպաշտպաներ նրա թեկնածությունը։ Սա ցույց է տալիս այն իրողությունը, որ Էրդողանի դիրքերը զգալիորեն թուլացել են։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Թուրքիայի խորհրդարանում 50-ով ավելացվել են հատկացվելիք մանդատների թիվը, նախկին 550-ի փոխարեն այժմ կազմում է 600 տեղ։ Նոր խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են հետևյալ արդյունքները։
«Ժողովրդական» դաշինքը, որում ընդգրված են իշխող «Արդարություն և զարգացում» և «Գորշ գայլերի» «Ազգային շարժում» կուսակցությունները, ստացել է ձայների 53,7 տոկոսը։
«Ազգային» դաշինքը, որում ընդգրված են «Ժողովրդահանրապետական», «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ստացել են 34 տոկոս քվե։
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ստացել է 11,1 տոկոս։
Մյուս երկու քաղաքական ուժերը ընդհանուր թվով ստացել են քվեների 0,7 տոկոսը (չեն հաղթահարել 10 տոկոս ընտրական շեմը)[3]։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ԴԱՇԻՆՔ | ՏՈԿՈՍ | ՄԱՆԴԱՏ |
«Արդարություն և զարգացում» | «Ժողովրդական» | 42,5 | 295 |
«Ազգային շարժում» | «Ժողովրդական» | 11,1 | 48 |
«Ժողովրդա-հանրապետական» | «Ազգային» | 22,6 | 147 |
«Լավ» | «Ազգային» | 10 | 43 |
«Երջանկություն» («Սաադեթ») | «Ազգային» | 1,3 | 0 |
«Ժողովուրդների դեմոկրատական» | — | 11,7 | 67 |
«Ազատ գործ» («Հյուր Դավա») | — | — | 0 |
«Հայրենիք» («Վաթան») | — | — | 0 |
* Տվյալները թարմացվում են։
Նախնական տվյալներով խորհրդարան է անցնում թվով 5 կուսակցություն։ Քաղաքական վերափոխումները հստակ հասկանալու համար դիտարկենք տվյալները նախկին խորհրդարանական ընտրությունների (2015 թ․ նոյեմբեր 1) համեմատականով[4]։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ՔՎԵ | ՏՈԿՈՍ | ՄԱՆԴԱՏ |
Արդարություն և զարգացում | 23․681․926 | 49,5 | 317 |
Ժողովրդա-հանրապետական | 12․111․812 | 25,32 | 134 |
Ազգային շարժում | 5․694․136 | 11,9 | 40 |
Ժողովուրդների դեմոկրատական | 5․148․085 | 10,76 | 59 |
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստանում է մանդատների 49 տոկոսը (295 մանդատ), նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ էրդողանյան կուսակցության մանդատների թիվը տոկոսային հարաբերակցությամբ կրճատվել է 8,5 տոկոսով։ Կուսակցությունը զրկվեց խորհրդարանական բացարձակ մեծամասնությունից, որն ուներ 2002 թվականից մինչև օրս։
Իշխանություններին դաշնակից «Ազգային շարժում» կուսակցությունը ստանում է խորհրդարանի տեղերի 8 տոկոսը (48 մանդատ)՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ որոշակիորեն բարելավելով իր դիրքերը (նախկինում 7,3 տոկոս էր)։
Այդպիսով Էրդողանի ու ազգայնականների «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ստանում է մեծամասնություն՝ 343 մանդատ, որը պատգամավորական տեղերի 57,2 տոկոսն է, մինչդեռ նախորդ գումարման խորհրդարանում այդ ուժերը վերահսկում էին խորհրդարանի գրեթե երկու երրորդը (շուրջ 65 տոկոսը)։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ․
Քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մանդատների քառորդ մասը (24,5 տոկոս), նույն արդյունքն է արձանագրվել նաև նախորդ ընտրություններին։
Նորաստեղծ «Լավ» կուսակցությունը (հիմնվել է 2017 թ․ հոկտմբերին) ստանում է խորհրդարանի տեղերի 7 տոկոսից ավելին (43 մանդատ)։
Այդպիսով գլխավոր ընդդիմադիր «ԱԶԳԱՅԻՆ» ԴԱՇԻՆՔԸ ստանում է խորհրդարանական տեղերի 31,7 տոկոսը։
ՔՐԴԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ․
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը նոր խորհրդարանում մեծացնում է իր ներկայացվածությունը, եթե 2015 թվականի ընտրություններով նա տնօրինում էր խորհրդարանական տեղերի 10,7 տոկոսը (59 մանդատ), ապա այժմ՝ պատգամավորական մանդատների 11,1 տոկոսը։
ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ․
Թուրքիայի նոր խորհրդարանը կունենա ազգությամբ հայ երկու պատգամավոր՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից Գարո Փայլանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը։
Այդպիսով՝ նոր խորհրդարանում Էրդողանի քաղաքական հենարանը զգալիորեն նվազում է, այդ տեղերը բաժին են հասնում «Լավ» կուսակցությանը, իսկ քեմալականներն ու քրդերը պահպանում են իրենց նախկին դիրքերը։
***
Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ Էրդողանի կողմից Թուրքիայի պարտադրվող «սուլթանական» կառավարման ձևը կորցնում է ժողովրդական աջակցությունը։
2002 թվականից «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Թուրքիայում հաստատած միակուսակցական համակարգը (երբ միայն մեկ կուսակցություն բավարար ներուժ ուներ իշխանության գալու և այն պահելու) վերափոխվում է, այժմ Թուրքիայում հաստատվում է «մեկուկես» կուսակցական համակարգ (երբ իշխանության գալու համար մեծ կուսակցությանն անհրաժեշտ է առնվազն մեկ այլ կուսակցության աջակցություն)։
Այս միտումների պահպանման դեպքում արդեն իսկ հաջորդ ընտրություններին (2023 թվականին) բացառված չէ, որ Թուրքիայում հաստատվի նոր քաղաքական իրողություն՝ գուցե նաև իրական բազմակուսակցական համակարգ։
[1] http://www.hurriyetdailynews.com/turkey-elections-2018/
[2] http://www.ysk.gov.tr/ysk/content/conn/YSKUCM/path/Contribution%20Folders/HaberDosya/2014CB-Kesin-416_d_Genel.pdf
[3] https://secim.aa.com.tr/tr
[4] http://www.ysk.gov.tr/ysk/content/conn/YSKUCM/path/Contribution%20Folders/SecmenIslemleri/Secimler/2015MVES/96-D.pdf