Քաղաքական նոր ճգնաժամ է հասունանում
Ֆրանսուա Բայրուն՝ ֆրանսիացի կենտրոնամետ և նախագահ Էմանուել Մակրոնի վաղեմի դաշնակիցը, չորեքշաբթի ցնցող հայտարարություն արեց, որ հրաժարվել է միանալ նոր կառավարությանը՝ բացելով քաղաքական նոր ճգնաժամի դուռ Ֆրանսիայում: Գրում է POLITICO-ն:
Հինգշաբթի France Info-ին տված հարցազրույցում Բայրուն ասել է, որ «մոտեցումների տարբերությունը» այն թեմաների շուրջ, որոնք նա էական էր համարում երկրի ապագայի համար, «արգելում» է իրեն միանալ նոր վարչապետ Գաբրիել Աթալի կաբինետին:
Մակրոնը դեռ պետք է նշանակի մեկ տասնյակ նախարարական պաշտոններ կառավարության շարունակվող վերադասավորումներում, և սպասվում է, որ փոփոխություններ կլինեն կառավարության հիմնական պաշտոններում, ներառյալ կրթական:
Բայրուն սուր քննադատության է ենթարկել նոր կառավարությունը՝ պնդելով, որ կա «մշտական, շարունակական, պրոգրեսիվ և գնալով ավելի լուրջ խզում ժողովրդի և ուժային կառույցների միջև»։
Կենտրոնամետ առաջնորդը, որը նախկինում ծառայում էր որպես կրթության նախարար և համարվում էր, որ թեկնածու է այդ պաշտոնի համար, նույնպես իր անհամաձայնությունն է հայտնել «հիմնականում այն գաղափարին, որ ուսուցիչները բավականաչափ չեն աշխատում»: Մակրոնը կոչ է արել ուսուցիչներին աշխատավարձի բարձրացում ընդունել՝ պայմանով, որ նրանք լրացուցիչ աշխատանք կատարեն։
Կրթության նախարարի պաշտոնը համարվում է կարևոր նշանակության ֆրանսիական քաղաքականության մեջ։ Աթալը կրթության նախարար էր մինչ վարչապետ նշանակվելը և խոստացավ կրթությունը պահել որպես իր առաջնահերթություններից մեկը: Անցյալ տարեվերջին Մակրոնն ասաց, որ կրթությունը «բոլոր մարտերի մայրն է»: