Գլոբալ միջուկային զինանոցը, 15,4 հազար մարտագլխիկների բաշխվածությունը (ինֆոգրաֆիկ)
Ներկայում գլոբալ միջուկային զինանոցը կազմված է 15,4 հազար մարտագլխիկից, որի 93 տոկոսը միայն Ռուսաստանի (7290 միավոր) ու ԱՄՆ-ի (7000 միավոր) տրամադրության տակ է: Ի համեմատություն 1960-1990-ական թվակաների այդ երկրները միջուկային մարտագլխիկների թիվը զգալիորեն կրճատվել է, այդ շրջանում սպառազինության մրցավազքի մեջ գտնվող տերություննների մարտագլխիկները հաշվվում էին տասնյակ հազարներով[1]:
Միջուկային ներուժով հաջորդող երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ տերություններն են՝ Ֆրանսիան (300 մարտագլխիկ), Չինաստանը (260 մարտագլխիկ) և Մեծ Բրիտանիան (215 մարտագլխիկ):
Առաջին միջուկային տերությունըn ԱՄՆ-ն էր (1945 թ.), այնուհետ նրան միացան Խորհրդային Միությունը (1949 թ.), Մեծ Բրիտանիան (1952 թ.), Ֆրանսիան (1960 թ,) և Չինաստանը (1964 թ.):
1968 թ. ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ընդունվեց Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որում նշվում էր, թե միջուկային զենք ունեցող երկրներն են համարվում մինչև 1967 թ. հունվարի 1-ն արտադրած երկրները, այսինքն վերը նշված հինգ երկիրը[2]:
Այս պայմանագիրը չեն ստորագրել միայն չորս երկիր, որոնք այժմ ունեն միջուկային զենք: Դրանք են Հնդկաստանը (1974 թ.), Պակիստանը (1998 թ.), Հյուսիսային Կորեան (2006 թ.) և Իսրայելը (1960-1979 թթ., մինչև օրս չի հաստատել միջուկային զենք ունենալու հանգամանքը):
Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտի տվյալների այժմ գլոբալ մարտական ծառայության մեջ գտնվող մարտագլխիկների ընդհանուր թիվը 4120-ն է: ԱՄՆ-ի զինուժում առկա է 1930 մարտագլխիկ, ՌԴ զինուժում՝ 1790, Ֆրանսիայի զինուժում՝ 280 և ՉԺՀ-ի զինուժում՝ 120 մարտագլխիկ[3]: Սկզբունքորեն պարզ է, որ միջուկային գերտերությունները շարունակում են մնալ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Միջուկային այս ինը երկրներից բացի ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում տեղակայված են դաշնակիցների միջուկային մարտագլխիկները, դրանք են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդներն ու Թուրքիան: Նախկին միջուկային զենք կար նաև Հարավային Աֆրիկայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում:
[1] https://fas.org/issues/nuclear-weapons/status-world-nuclear-forces/
[2] http://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml
[3] https://www.sipri.org/media/press-release/2016/global-nuclear-weapons-downsizing-modernizing