Նոր աշխարհակարգ. համաշխարհային դերակատարների հնարավոր հարաբերություններն ու ազդեցության գոտիները
ԽՍՀՄ փլուզումից հետո վերացավ համաշխարհային հարաբերությունների երկբևեռ աշխարհակարգը, ու արդեն այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը (ավագը) հայտարարեց Նոր աշխարհակարգի ձևավորման մասին: Սակայն աշխարհակարգի իրենց ընկալումն այլ էր և միգուցե համապատասխանում էր 1990-ականների ու մեր դարի առաջին տասնյակի համար, սակայն այսօր իրավիճակը միանգամայն այլ է:
Մեր խնդիրն է կանխատեսել հնարավոր աշխարհակարգային փոփոխություններն ու դրանց հետ կապված հնարավոր հակամարտությունները: Խնդիրը հստակեցնելու համար պետք է վերլուծել համաշխարհային հարաբերությունների վրա զգալի ազդեցություն ունեցող դերակատարների նշանակությունը ու ներուժը:
Համաշխարհային դերակատարներին կարելի է բաժանել երկու խմբի՝ ավանդական և վերազգային: Տվյալ համակարգի առանցքային տարրերի էությունը հստակեցնելու հետո կարող ենք արդեն վերլուծել նրանց միջև հնարավոր հարաբերությունները:
Ավանդական դերակատարներ.
Աշխարհակարգային հիմնական դերակատարները եղել ու մնում են պետությունները: Բոլոր պետություններն էլ ունեն իրենց շահերը ու նպատակները, որոնք ձևավորվում են ըստ իրենց ներուժի ու սեփական դերը աշխարհում պատկերացնելու:
Դեռևս կասկած չի առաջացնում ԱՄՆ-ի առաջատար դիրքերը, սակայն առաջիկա մեկ-երկու տասնամյակի ընթացքում իրավիճակն արմատական փոփոխության կենթարկվի: Արդեն իսկ այսօր հստակեցվում են յուրաքանչյուր խոշոր պետության ազդեցության գոտիները՝ երկրագնդի քաղաքական քարտեզը նոր գոտիների է բաժանվում. աշխարհը գնում է դեպի բազմաբևեռային համակարգի: Այդ համատեքստում կարող ենք առանձնացնել ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, ինչպես նաև որպես պետականատիպ կառույց Եվրամիությունը (կամ միասնական Եվրոպան): Այդ կենտրոնների ընդհանուր ներուժն այս պատկերն ունի՝
Տարածքը (հազ. քկմ) | Բնակչությունը (մլն մարդ) |
ՀՆԱ (մլրդ դոլար) |
Պարտքը (մլրդ դոլար) |
Պահուստներ (մլրդ դոլար) |
||
1 | ԱՄՆ | 9,826 | 325 | 18 569 | 18 152 | 116 |
2 | ԵՄ | 4,324 | 510 | 16 408 | 14 278 | — |
3 | Չինաստան | 9,597 | 1,384 | 11 218 | 1 420 | 3 053 |
4 | Ռուսաստան | 17,098 | 146 | 1 280 | 529 | 400 |
5 | Հնդկաստան | 3,287 | 1,318 | 2 256 | 456 | 382 |
6 | Բրազիլիա | 8,514 | 207 | 1 798 | 671 | 377 |
Վերազգային դերակատարներ.
Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգը աննախադեպ է նրանով, որ նրանում մասնակից են նաև այլ ոչ պետականատիպ դերակատարներ, որոնց թիվը գնալով աճում է: Դրանք են միջազգային տարաբնույթ կազմակերպությունները, բանկերը, խոշոր կորպորացիաները և մասնավորապես «կիսագաղտնի» էլիտար ակումբները: Եթե մասնավորեցնենք, ապա այս շրջանակներում կարող են դիտարկել ՄԱԿ-ը, ԱՄԿ-ը, Համաշխարհային բանկը, Բրիտիշ Պետրոլյումը, Բիլդերբերգյան ակումբը, Եռակողմ հանձնաժողովը և այլն: Վերը թվարկված պետություններն ունեն որոշ դեպքերում իրենց ՀՆԱ-ն գերազանցող արտաքին պարտք, իսկ այդ պարտքը հիմնականում հենց այս տիպի վերազգային կազմակերպություններին է:
Ընդհանուր նպատակների առումով այսպիսի վերազգային կառույցներին ևս նպատակահարմար է աշխարհի նոր բաժանումը: Իսկ ամենից տրամաբանական տարբերակն անշուշտ այն է, որ հաշվի առնվեն աշխարհագրական, քաղաքակրթական և այլ գործոններն ու գոյություն ունեցող պետությունների ուժային հարաբերակցությունը:
Աշխարհակարգը 21-րդ դարի երկրորդ կեսին.
Աշխարհը կունենա հստակ ազդեցության գոտիների սահմաններ, միևնույն ժամանակ գլոբալ մակարդակում համագործակցությունը ու հատկապես տնտեսական փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա կընկնի: Երկրագունդը կբաժանվի միությունների աշխարհագրական հենքով, իսկ հակամարտությունների հիմնական պատճառները կլինեն ռեսուրսների վերահսկողությունը:
ԱՄՆ – ազդեցության հիմնական գոտին կլինի Հյուսիսային Ամերիկան (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա): Հնարավոր է Հյուսիսամերիկյան միություն կամ այլ անվանում ունեցող կառույցի ձևավորում՝ մեկ կառավարական համակարգով: Այն կլինի բավականին հզոր՝ հաշվի առնելով ժամանակակից ԱՄՆ-ի ռազմական ու տեխնոլոգիական հնարավորությունները, Կանադայի, ԱՄՆ-ի ու Մեքսիկայի ածխաջրածնային ռեսուրսները և այլն: Գործնականում կառույցը կլինի հիմնականում ինքնաբավ: Սակայն այս կառույցը կտարբերվի մի հանգամանքով, որ այստեղ են կենտրոնացված վերազգային դերակատարների հիմնական կենտրոններն: Մասնավորապես Նյու Յորքը կարող է լինել համաշխարհային մայրաքաղաք:
Ազդեցության գոտիների համար հիմնական կոնֆլիկտային շրջանները կլինեն Կենտրոնական ու Հարավային Ամերիկան, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (Ավստրալիա, Օվկիանիա, Ճապոնիա, Կորեա, Ֆիլիպիններ):
Եվրամիություն – ազդեցության գոտին կլինի Եվրոպան ամբողջությամբ: Սակայն այս կառույցը էներգակիրների (ածխաջրածնային) մեծ խնդիր է ունենալու, ուստի առավել քան կարևոր է նրա համար այլ միավորումների հետ համագործակցությունը: Մասնավորապես նրա համար հետաքրքրություն կներկայացնի Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, մերձկասպիան տարածաշրջանը: Արևելքում հակամարտության հիմնական օղակ կարող է լինել Ուկրաինան, որը ամենայն հավանականության կբաժանվի երկու մասի. Արևմտյան Ուկրաինան կանցնի ԵՄ ազդեցության տակ:
Ռուսաստան – ազդեցության գոտին կլինի իր ողջ տարածքը, Բելառուսը, Ուկրաինան, Միջին Ասիան՝ Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Կովկասը, որը Եվրասիական միության անվան տակ: Այս միությունը ևս ինքնաբավ է լինելու ռեսուրսների առումով:
Հիմնական հակամարտական գոտին նրա համար կլինի Ուկրաինան ու Կովկասը (Եվրոպական միության հետ), Միջին Ասիան ու Հեռավոր Արևելքը (Չինաստանի հետ):
Չինաստան – առավել դինամիկ զարգացող և մեծ ներուժ ունեցող միավորում է լինելու: Այն ունի ռեսուրսների անբավարության խնդիր, որն էլ փորձելու է կոմպենսացնել ազդեցության գոտու ընդլայնմամբ: Ազդեցության գոտին կտարածի ԱՍԵԱՆ-ի երկրների նկատմամբ, փորձելով բոլոր ուղղություններով էլ ավելի ընդլայնվել: Չինաստանը կարող է նախաձեռնել Ասիական միության ձևավորում, որի մեջ էլ կարող են մտնել նաև Ճապոնիան ու Ավստրալիան, որոնց համար հակամարտությունը լինելու է ԱՄՆ հետ:
Գործնականում հակամարտությունների հիմնական տրամաբանությունը հենց Չինաստանից է գալու. կախված, թե որքան կհզորանա: Հակամարտության մեջ կարող է մտնել Ռուսաստանի հետ Միջին Ասիայի ու Հեռավոր Արևելքի վերահսկման համար, ԱՄՆ-ի հետ՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերահսկողության համար, Հնդկաստանի հետ՝ Նեպալի, Բութանի, վերահսկողության համար:
Հնդկաստանը – իր ազդեցությունը կտարածի Հարավային Ասիայի երկրներում՝ Բանգլադեշ, Շրի Լանկա, Աֆղանստան, Պակիստան, Բութան, Նեպալ: Կփորձի ձևավորել Հարավ-Ասիական միություն, որը կունենա ռեսուրսների խնդիր: Իսկ հակամարտությունների հիմնական հակառակորդը կարող է լինել Չինաստանը:
Բրազիլիա –ազդեցության գոտին կլինի Հարավային Ամերիկան: Բրազիլիայի հիմնական խնդիրը լինելու է լեզվական տարբերությունը. հենց այդ հենքով էլ Բրազիլիան կփորձի ձևավորել Հարավամերիկյան միություն, որը ևս ինքնաբավ կառույց կլինի:
Հակամարտություններ գործնականում չեն էլ սպասվում, թեպետ ամենից հավանական սուբյեկտն այդ կտրվածքով ԱՄՆ-ն է:
Երկրագնդի մնացյալ տարածքները, այսինքն Աֆրիկան ու Մերձավոր Արևելքը նպատակահարմար չի լինի մտցնել այս կամ այն ազդեցության գոտու ներքո: Ուստի այս տարածաշրջաններում ևս արդեն վերազգային դերակատարների ակիվ մասնակցությամբ կձևավորվեն ևս երկու միություններ. Մահմեդական միություն և Աֆրիկյան միություն:
Մահմեդական միության մեջ կներառվեն Մերձավոր Արևելքի երկրները, նաև Իրանն ու Թուրքիան, Հյուսիսային Աֆրիկան: Դրանում կարող է ներառվել նաև Աֆղանստանն ու Պակիստանը:
Աֆրիկյան միության մեջ կներառվի Աֆրիկյան ողջ աշխարհամասը, բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի: Այս երկու միությունները կլինեն հիմնականում բնական ռեսուրսների մատակարար:
Նշված բոլոր միությունները կկառավարվեն այնպես, ինչպես այսօր կառավարվում է Եվրամիությունը, այսինքն հիմնականում պառլամենտարիզմ՝ բնակչության համամասնական ներկայացուցչության հենքով: Այս մոդելը ցանկալի կլինի բոլոր երկրների համար և՛ հզոր տերությունների, և՛ փոքր երկրների:
Կգործի նաև համաշխարհային մակարդակով միությունների հարաբերությունները կարգավորվող մարմին՝ մեծ հաշվով Համաշխարհային կառավարություն (ինչին ձգտում են վերազգային, «կիսագաղտնի» միավորումները):