Հայաստան-Սփյուռք փոխգործակցության 2017-2022 թվակաների տեսլականը
ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրում ներկայացված են Հայաստանի ու Սփյուռքի փոխգործակցության հիմնական ուղենիշները:
Սփյուռքը, ձևավորվելով հայ ժողովրդի դժվարին ճակատագրի հետևանքով, այսօր վերածվել է Հայաստանի մրցակցային առավելության: Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է: Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, հայության ներուժի համախմբումը և նպատակային օգտագործումը, նրա բոլոր հատվածների միասնականության ապահովումը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն գործոններից է։
Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները բազմաթիվ ոլորտներում ունեն հարուստ փորձառություն, գիտելիք և հմտություններ, որոնց ներդրումը և կիրառումը Հայաստանում կարող են առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք:
Հայաստան-սփյուռք գործակցությունը հիմնված է միասնականության, պատասխանատվության և թափանցիկության արժեքների հիման վրա:
ՀՀ կառավարության առաջիկա տարիների գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման և ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությանը և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը:
1. Սփյուռքի ներուժը թիրախային օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել Հայաստանի և սփյուռքի միջև համակողմանի կապերի սերտացման և համագործակցության մակարդակի բարձրացումը, համահայկական առաջնահերթությունների հստակեցումը, համահայկական կառույցների, մասնագիտական ընկերակցությունների և սփյուռքի անհատների հետ համատեղ ծրագրերի (այդ թվում՝ տարածաշրջանային) իրականացումը.
2) 2018-2019 թվականների ընթացքում գնահատել տարբեր երկրներում հայկական համայնքների ներուժը և մշակել ըստ երկրների՝ սփյուռքի ներուժի Հայաստանում ներգրավման գործողությունների ծրագիր.
3) 2017-2018 թվականների ընթացքում մշակել ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված ներդրումային ծրագրերը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները՝ ՀՀ օրենսդրության, փոքր ու միջին բիզնեսին տրված արտոնությունները, ԵԱՏՄ երկրներ և միջազգային շուկաներ արտահանման առավելությունների մասին սփյուռքի գործարարներին հասանելի դարձնելու գործուն կառուցակարգերը.
4) 2017-2019 թվականների ընթացքում սփյուռքահայերի զբոսաշրջային այցելությունները դեպի Հայաստան խթանելու նպատակով հայաշատ տարածաշրջաններում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային առավելությունները, մասնավորապես, այդ նպատակով հավաքներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ կազմակերպելով ԱՊՀ տարածքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում.
5) մինչև 2018 թվականի ավարտը մշակել սփյուռքի հայ բժիշկների, գործարարների, իրավաբանների, ճարտարագետ-ճարտարապետների և այլ մասնագիտական ընկերակցությունների գործունեության աջակցմանն ուղղված միջոցառումների ծրագիր.
6) 2018-2019 թվականների ընթացքում ապահովել Հայաստանում սփյուռքահայերի և սփյուռքահայ մասնագետների մասնակցությունն առողջապահական և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակման և իրագործման գործընթացներում:
2. Սփյուռքի ինքնակազմակերպման և ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) 2017-2022 թվականների ընթացքում շարունակել միջոցներ ձեռնարկել սփյուռքի ինքնակազմակերպման գործընթացները խթանելու հարցում, ինչպես նաև ցուցաբերել օժանդակություն թույլ կազմակերպված համայնքների համախմբմանը.
2) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ստեղծել և տարածել արևելահայերեն և արևմտահայերեն ուսուցողական հոլովակներ, համայնքներին տրամադրել ուսուցողական ձեռնարկներ, դասագրքեր և այլ նյութեր՝ սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայերենի բավարար իմացության մակարդակի բարձրացման նպատակով.
3) 2018-2022 թվականների ընթացքում ընդլայնել սփյուռքի երիտասարդության համար նախատեսված հայրենաճանաչության ծրագրերը, դրանց մասնակիցների թիվը և աշխարհագրությունը.
4) 2018-2022 թվականների ընթացքում շարունակել Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերի, ուսուցողական ձեռնարկների հրատարակությունն ու դրանց տարածումը և կազմակերպել հանդիպում-քննարկումներ Հայաստանի և սփյուռքի համապատասխան կառույցների, մասնագետների հետ.
5) 2018-2019 թվականների ընթացքում իրականացնել իսլամացված և ծպտյալ հայերի հիմնախնդիրների համակարգային ուսումնասիրություն և առաջարկել մոտեցումներ.
6) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել ՀՀ կառավարության օժանդակության շարունակականությունը վիրահայությանը, երիտասարդական և մշակութային կենտրոնների զարգացմանը.
7) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ընդունել սփյուռքի հայալեզու ԶԼՄ-ների հետ տեղեկատվական դաշտում համագործակցության և աջակցությանն ուղղված գործողությունների ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերի ինտեգրմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) 2017-2018 թվականների ընթացքում ապահովել Հայաստանում բնակվող սիրիահայերի և իրաքահայերի սոցիալական և տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքների շարունակականությունը.
2) մինչև 2018 թվականի ավարտը լրամշակել և ընդունման ներկայացնել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը.
3) մինչև 2019 թվականի ավարտը մշակել արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների ազգային ինտեգրման ռազմավարությունը՝ ներառելով միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների օժանդակությունների տրամադրման գործիքակազմ: