Չինաստանը որպես համաշխարհային լիդեր. երկրի զարգացման 5 սցենար
Ներկայացնում ենք նորվեգիական «Dagbladet» պարբերականի «Կարող է արդյոք բռնապետական Չինաստանը համաշխարհային լիդերի դեր խաղալ» վերլուծական հոդվածը:
Չինաստանի՝ վաղեմի մեծությունը վերականգնելու երազանքը վտանգավոր է:
Հատկապես այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից (կլիմայի փոփոխությունների և մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների կրճատման վերաբերյալ համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016 թ. նոյեմբերի 4-ից – խմբ.) աշխարհը սկսեց նոր լիդեր փնտրել:
Ո՞վ է այդ նոր առաջնորդը: Եվրամիությու՞նը: Չինաստա՞նը: Թեկնածուների առաջարկները ներկայացվում են առանց այն հարցի համակողմանի վերլուծության, թե ով է համապատասխանում տնտեսական, քաղաքական և բարոյական լիդերությանը:
Եթե հարցնենք նորվեգացի քաղաքագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ստեյն Ռինգենին, հազիվ թե նրա պատասխանը լինի «Չինաստան»: Նրա վերջին գիրքը Չինաստանի մասին («Հոյակապ բռնապետություն») կարող է հավակնոտ չինական ղեկավարության և այդ երկրի տնտեսական արագ աճով հիացած այլ երկրների պաշտոնյաների համար սառը ցնցուղ լինել: Քաղաքագետը հիմնավորապես վերլուծում է, թե ինչ ուղղությամբ է շարժվում Չինաստանը:
Երբ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը եկավ իշխանության 2012 թվականին, շատերը կարծում էին, որ նա երկիրը կզարգացնի լիբերալ ուղղվածությամբ, որ տնտեսական բարեփոխումները անհրաժեշտաբար կհանգեցնեն քաղաքական վերափոխումների: Սակայն պարզվում է, տեղի ունեցավ հակառակը: Նա «մաոական ձախ ուղղությամբ շրջվեց» (նկատի ունի Մաո Ցզ-Դունին քաղաքականությունը, ով Չինաստանը դարձրեց ամբողջատիրական կոմունիստական երկիր – խմբ.)՝ դեպի ավելի ամբողջական վերահսկողություն և ագրեսիվ ազգայնականություն: Ցզինպինն ամրապնդեց բռնապետական ռեժիմը: Ստեյն Ռինգենը չինական կուսակցական պետությունը անվանում է «կոնտրոլոկրատիա» (բառացիորեն՝ վերահսկողական իշխանություն – խմբ.) և ներկայացնում, թե որքան արմատական կլինի դրա ամրապնդումը:
Նա առաջարկել է Չինատանի զարգացման 5 սցենար:
ՍՑԵՆԱՐ 1. «Կայունության կուրս», որը ենթադրում է նախկին տնտեսական աճը, միջազգային ռիսկերից և հարևանների հետ հակամարտությունից խուսափելու ցանկություն, մեծ ջանքեր կայունության ուղղությամբ: Ռինգենը գտնում է, որ այս սցենարի հավանականությունը մեծ է, սակայն շեշտում է, որ Սի Ցզինպինը ավելի մեծ հավակնություններ ունի, քան նախորդները:
ՍՑԵՆԱՐ 2. «Վերջը», որը ենթադրում է, որ աճը կկանգնի, որ օլիգարխիկ դասը կշարունակի թալանել երկիրը, որում այլևս թալանելու բան չի լինի, որ համացանցի նկատմամբ վերահսկողությունը կվերանա, էթնիկական փոքրամասնություններ կըմբոստանան, զինվորականնները կմիջամտեն և պատերազմ կսկսվի: Այս տարբերակն էլ է հնարավոր, բայց քիչ հավանակն է, գտնում է Ռինգենը: Նրա կարծիքով կոնտրոլոկրատիան կկարողանա այդ ամենը կանխարգելել:
ՍՑԵՆԱՐ 3. «Ուտոպիա», որը ենթադրում է՝ կոմունիստական կուսակցությունը կիրագործի կուսակցության կանոնադրության մեջ նշված կատարելությունը, այսինքն կսստեղծվի սոցիալիստական, անվտանգ, հարմոնիկ և ազատ պետություն: Աղքատների ու հարուստների միջև տարբերությունը կկրճատվի, կզարգանա իրավական պետությունը և կաճի բարեկեցությունը, տեղի կունենա պետության և հասարակության միջև հավասարակշռված հարաբերությունների խաղաղ անցում: Ռինգենը սա քիչ հավանական է համարում և նշում է, որ ժողովրդավարական պահանջներ ներկայացնող բոլոր նախկին շարժումները ոչնչացվել են սաղմնային վիճակում:
ՍՑԵՆԱՐ 4. «Ժողովրդավարություն», որը Չինաստանի դեպքում կարող է նշանակել պետության և կուսակցության անուղղակի ընտրությունների համակարգ: Սա այնքան էլ հավանական չէ, ըստ Ռինգենի, նա ասում է. «Չինաստանը կրկին բռնապետություն կհորինի, ոչ թե ժողովրդավարություն»:
ՍՑԵՆԱՐ 5. «Գերազանց ֆաշիստական պետություն»: Ռինգենը գտնում է, որ Չինաստանը ուժեղ պետություն լինելու բոլոր արտաքին նախադրյալներն ունի: Նա գրում է, ներկա ղեկավարությունն առաջ է մղում ազգայնականությունը, միլիտարիզմը, լեզվի, վարքի, պրոպանգանդայի, ինչպես նաև հարևան երկրների հետ հարաբերությունների ագրեսիվությունը: Հարց է առաջանում, թե արդյոք այսօրյա Չինաստանը ղեկավարվում է թարմացված գաղափարախոսությամբ, թե ոչ: Ի՞նչ է նշանակում «Չինական երազանքի» մասին Սի Ցզինպինի խոսքերը:
ՉԻՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ կարող է մեկնաբանվել որպես Չինաստանի մասին հեքիաթ, որը վերականգնել է իր վաղեմի վեհությունը: Խոսքը վերաբերում է ոչ այնքան մարքսիստական գաղափարախոսությանը, որքան չինական պատմությանը: Դա մեծ ու հզոր Չինական կայսրության մասին է: Ազգային հզորության երազանքն ունի առաջատար գաղափարախոսության կարգավիճակ:
ՄԱՐՔՍԻԶՄԸ և ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ դարձել են դատարկ հասկացություններ հասարակության համար, ուր բոլորն իրենց աչքերով տեսնում են հսկայական անհավասարությունը: Այսպես կոչված «Ջինիի գործակցով»՝ հարուստների և աղքատների միջև տարբերության ցուցիչով, Չինաստանն ավելի առաջ է, քան կապիտալիստական երկրները: Կլեպտոկրատիայում (բառացիորեն՝ գողերի իշխանություն – խմբ.) կոռուպցիան ամենուր ծաղկում է, կուսակցական և պետական գործիչները հարստանում են՝ թալանելով պետությունը և յուրացնելով համազգային սեփականությունը:
ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂԱՓԱՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԻՎՆ Է, գտնում է Ստեյն Ռինգենը: Ազգայնականությունը ժողովրդին լավ է վաճառվում: Դպրոցներում, համալսարաններում, կուսակցության շրջանակներում, պետական լրատվամիջոցների և համացանցի միջոցով քարոզվում է Ցզինպինի երազանքը: Այդ մեկնաբանությամբ ազգային վեհությունն ու անհատական երջանկությունը սերտորեն կապված են իրար:
Ռինգենի խոսքերով՝ Չինաստանի բռնապետությունը շատ նուրբ է, համոզում է ժողովրդին, որ գործում է ի շահ իրենց: Սակայն արդյոք համոզվա՞ծ է մնացյալ աշխարհը, որ այս արագ աճող գերտերությունը կկարողանա գլոբալ լիդեր դառնալ: