Ռուսաստանի կազմաքանդման, Ռեչ Պոսպոլիտայի վերածնման լեհական նկրտումներն ու ամերիկյան աշխարհաքաղաքական շահը
Հուլիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելելու է Լեհաստան: Պաշտոնական Վարշավան խանդառաված է լեհ—ամերիկյան համագործակցության հետագա խորացմամբ, իսկ իշխանության կից քաղաքական վերլուծաբաններն աշխարհաքաղաքական մեծ վերափոխումների պատկեր են ուրվագծում:
Լեհ գործիչները հիմնվում են աշխարհաքաղաքական հետազոտություններ իրականացնող «Stratfor» ընկերության («քաղաքացիական ԿՀՎ») հիմնադիր-տնօրեն Ջորջ Ֆրիդմանի աշխատություններից մեկում նշված այն մտքի վրա, որ Լեհաստանը կարող է վերականգնել այն գործառույթները, որ իրականցնում էր պատմական Ռեչ Պոսպոլիտան (16-18-րդ դդ.): Իսկ այդ համատեքստում Ֆրիդմանի կանխատեսումներով բացառված չէ 2020 թվականին Ռուսաստանի կազմաքանդումը:
Աշխարհաքաղաքական տեսանկյունից «Վիշեգրադյան քառյակի» (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) և ընդհանրապես Արևելյան Եվրոպայի անկախ երկրների (Ուկրաինա, Բելառուս, Լիտվա, Լատվիա, Էստոնիա) հզորացումը բացարձակ ձեռնտու չէ ո՛չ Գերմանիային, ո՛չ էլ Ռուսաստանին (համաձայն մայրցամաքային տերությունների Բեռլին-Մոսկվա առանցքի տեսության): Սակայն այդ նույն երկրների կայացումն ու զարգացման աճը ցանկալի է անգլո-ամերիկյա ուժերին (արևելաեվրոպական սանիտարական կարդոն):
Այն որ ԱՄՆ-ը շահագրգռված է Եվրոպայում տեսնել ուժեղ Լեհաստան, որը կարող է հակակշիռ լինել Բեռլինին և Մոսկվային, փաստ է: Ու հենց նման քաղաքական ներուժը համեմատելի է պատմական Ռեչ Պոսպոլիտայի աշխարհաքաղաքական դերի հետ: Հիշեցնենք, որ 17-րդ դարում ավելի քան 1 մլն քկմ տարածքով այդ հիրավի տարածաշրջանային տերությունն իրական գլխացավանք էր և՛ գերմանացիների, և՛ ռուսների համար: Ռուսաստանում նախքան ռոմանովների դինաստիայի գահակալումը լեհական արշավանքները պարբերական բնույթ էին կրում:
Այսօր Ռեչ Պոսպոլիտայի վերածնունդը կարող է լինել պրոամերիկյան ինչ-որ տարածաշրջանային կազմակերպության ձևաչափով, որի առանցքում կլինի լեհ-ուկրաինական դաշինքը: Հենց նման դեպքում Ուկրիանան կկարողանա վերջնականապես հրաժեշտ տալ Ռուսաստանին՝ ֆորմալ չանդամակցելով ՆԱՏՕ-ին, քանի որ դա Մոսկվայի համար «Ռուբիկոնի անցում է»: Նման կառույցը նաև կոնկրետ հակակշիռ կլինի Գերմանիային և ընդհանրապես Եվրամիությանը, եթե նրանց մոտ գլուխ բարձրաձայնեն հակաամերիկյան տրամադրությունները:
Այս տեսանկյունից հիմնավոր է նաև Ֆրիդմանի՝ Ռուսաստանի կազմաքանդման տեսլականը, քանի որ առանց Ուկրաինայի երկիրը խոցելի է «ամերիկյան գլոբալ միջուկային կանխարգելի հարվածի» համար՝ որպես աշխարհաքաղաքական առճակատման ծայրահեղ միջոց:
Սակայն Կրեմլին ծնկի բերման ամերիկյան ռազմավարությունը հիմնվում է գերազանցապես «թավշյա» մարտավարական քայլերի վրա: Այսպես՝ Ղրիմի էքսպանսիան Մոսկվայի համար ծանր հետևանքներ է առաջացրել ու Արևմուտքի հետ երկխոսության չհասնելու դեպքում Ռուսաստանը կարող է լուրջ ներքին խնդիրների բախվել. առաջնահերթ խոսքը վերաբերում է ազգային անջատողականության աճին, հատկապես Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող մահմեդական ինքնավար հանրապետությունների խնդրին:
Ռուսաստանը կարողանում է զսպել ազգայնական տրամադրությունների բարձրացումը՝ առաջարկելով տնտեսական բարեկեցություն, սակայն պատժամիջոցների պատճառով առաջացած տնտեսական խնդիրները կարող է «դանդաղ գործողության ռումբի» նշանակություն ունենալ և հանգեցնել անցանկալիին: