Ինչպես է Մակրոնը տեսնում եվրոպական անվտանգությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս պետական այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ դառնալով Բրեքսիթից հետո առաջին եվրոպական առաջնորդը, ով նման այց է կատարել։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատներին ուղղված իր ելույթում Մակրոնն ընդգծել է, որ անգլո-ֆրանսիական գործընկերությունը նոր դարաշրջան է թևակոխում, որտեղ երկու ազգերն էլ ունեն «հատուկ պատասխանատվություն»՝ ապահովելու եվրոպական անվտանգությունը։ Այս մասին գրում է POLITICO-ն։
Նա Լոնդոնին և Փարիզին կոչ է արել «պաշտպանել միջազգային կարգը»՝ ի հիշատակ Վինսթոն Չերչիլի ավանդույթների, հատկապես «ապակայունացնող ուժերի» դեմ պայքարում, որոնք «փորձում են աշխարհը բաժանել իրենց օգտին»։
Մակրոնի այցը ներառել է ողջույնի արարողություն Ուինձորում՝ թագավոր Չարլզի և թագուհի Կամիլայի կողմից։ Այս ուղևորությունը Չարլզ թագավորի գահ բարձրանալուց հետո առաջին պետական այցն է, և թե՛ պալատը, թե՛ Դաունինգ Սթրիթը նրան դիմավորել են «կարմիր գորգով»։ Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ էր ունեցել երկու անգամ՝ առանց ամբողջական պետական այցի, իսկ Դոնալդ Թրամփը 2019 թվականի իր պետական այցի ժամանակ Վեստմինստերում ելույթ չէր ունեցել։
Իր ելույթում Մակրոնը վերահաստատել է իր հանձնառությունը «կամավորների կոալիցիային»՝ Ուկրաինայի ցանկացած հրադադար պաշտպանելու Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ այն նկարագրելով որպես «ազդանշան, որ եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինային»։
Նա նաև կոչ է արել անվերապահ հրադադար հաստատել Գազայում՝ ցույց տալու համար, որ Մերձավոր Արևելքի հարցում «երկակի ստանդարտներ չկան»։ Մակրոնը հայտարարել է, որ պաղեստինյան պետության ճանաչման ուղղությամբ աշխատելը «խաղաղության միակ ճանապարհն է», ինչը ավելի համարձակ դիրքորոշում է, քան Մեծ Բրիտանիայինը, որի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին միայն հույս է հայտնել, որ պաղեստինյան պետականությունը կլինի ցանկացած խաղաղ գործընթացի մաս։
Առաջիկայում նախատեսված են հետագա երկկողմ բանակցություններ վարչապետ Քիր Սթարմերի հետ, որոնց ընթացքում ակնկալվում է քննարկել Լա Մանշի վրայով անօրինական միգրացիայի խնդիրը։ Մակրոնը խոստացել է հետագա համագործակցություն այս հարցում՝ հայտարարելով, որ «հանցավոր ցանցերը ցինիկորեն շահագործում են բազմաթիվ անհատների հույսերը՝ այնքան քիչ հարգանքով մարդկային կյանքի նկատմամբ»։ Երկու երկրների միջև «մեկ մուտք, մեկ ելք» սկզբունքով միգրացիոն համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են։
Որպես խորհրդանշական ժեստ՝ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հաջորդ տարվանից Բայոյի հայտնի գոբելենը կտրամադրի Բրիտանական թանգարանին՝ հումորով նշելով, որ «այս նախագիծը հավանաբար ավելի երկար տարիներ տևեց, քան Բրեքսիթի բոլոր տեքստերը»։
