Վրաստանը հեռանո՞ւմ է Եվրոպական ուղեծրից
Վրաստանը որոշել է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու իր ջանքերը և մերժել ԵՄ դրամաշնորհները՝ ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի, որը դատապարտում էր Հարավային Կովկասի երկրի վերջին խորհրդարանական ընտրությունները որպես «ոչ ազատ, ոչ արդար»: Այս մասին գրում է POLITICO-ն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը կհանվի Վրաստանի օրակարգից, և որ երկիրը կհրաժարվի ԵՄ-ի բյուջետային դրամաշնորհներից մինչև 2028 թվականի վերջը, «երբ Վրաստանը տնտեսապես պատշաճ պատրաստ կլինի բանակցություններ սկսել 2030 թվականին անդամ դառնալու համար»։
Նախորդ ամիս ԵՄ-ն հայտարարեց, որ Վրաստանի անդամակցությունը դադարեցվել է, քանի որ երկիրը «հետընթաց է ապրել», ըստ առաջընթացի զեկույցի:
Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի կառավարության որոշումը նպատակ ունի ցույց տալ «եվրոպական արժեքներից բացարձակապես զուրկ քաղաքական գործիչներին և բյուրոկրատներին, որ շանտաժը չէ Վրաստանին դիմելու միջոց, այլ՝ հարգանքը»։
«Մենք հպարտ և իրեն հարգող ժողովուրդ ենք՝ հարուստ պատմությամբ։ Հետևաբար, կտրականապես անընդունելի է ԵՄ-ին ինտեգրումը դիտել որպես ողորմության ակտ»,- ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն այնուհետև նշել է, որ Վրաստանը ԵՄ անդամ կդառնա «արժանապատվորեն, այլ ոչ թե մուրացկանությամբ»։ Այդ նպատակով երկիրը, ըստ վարչապետի, կշարունակի կատարել դաշինքի հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, թեև առանց ԵՄ ֆինանսավորման:
Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստացավ նախորդ տարվա դեկտեմբերին՝ բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Այնուամենայնիվ, երկրի ղեկավարությունը դրանից հետո բախվել է դաշինքի քննադատությանը:
Մայիսին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական ոճի օրենք, որը լայնորեն համարվում է քաղաքացիական հասարակությանը լռեցնելու գործիք:
Ավելին, վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնցում «Վրացական երազանք»-ը հայտարարեց հաղթանակի մասին: Միջազգային դիտորդները դրանք չեն հայտարարել ազատ և արդար։ Արևմտամետ ընդդիմադիր խմբերը, ինչպես նաև Վրաստանի նախագահը վիճարկում էին արդյունքները՝ առաջացնելով փողոցային բողոքի ցույցեր:
Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» բարձրաստիճան քաղաքական գործիչների նկատմամբ: