Մարին լը Պենի կոշտ քննադատությունը ուղղված Մակրոնին
Ֆրանսիայի ծայրահեղ աջ առաջնորդ Մարին Լը Պենը երեքշաբթի օրը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանում, որ շտապում է բարձրաստիճան պաշտոնյաների նշանակել: Նա սա տեսնում է որպես իշխանության զավթում: Գրում է POLITICO-ն:
«Սա մի տեսակ վարչական պետական հեղաշրջում է», — երեքշաբթի օրը France Inter ռադիոյին ասաց Լը Պենը՝ նկատի ունենալով մամուլի այն լուրերը, որ Մակրոնը շտապում է մի քանի կարևոր բարձրաստիճան նշանակումներ կատարել երկրի քաղաքացիական ծառայության ներսում, այդ թվում՝ Եվրոպական միության բարձրագույն պաշտոններում:
Սա նախագահի լիազորությունների շուրջ Մակրոնի ճամբարի և Ազգային միավորումի միջև շարունակվող պայքարի վերջին դրվագն է, երբ ծայրահեղ աջ կուսակցությունը պնդում է, որ հաջորդ կառավարությունը պետք է նշանակի հիմնական պաշտոնյաներին:
Նախորդ օրերի ընթացքում Մակրոնը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նշանակեց Ֆրանսիայում և դրդեց, որ իր դաշնակիցները ստանան Բրյուսելում առանցքային աշխատատեղեր:
Անցյալ շաբաթ Մակրոնն առաջարկեց հաստատել Թիերի Բրետոնին Ֆրանսիայի եվրահանձնակատարի պաշտոնում, ինչը հարուցեց Լը Պենի քննադատությունը:
Ընտրությունների առաջին փուլից առաջ կառավարության նիստի ժամանակ Մակրոնը նաև նշանակեց մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դեսպանների, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի նոր շտաբի պետին և արտաքին գործերի նախարարության ԵՄ նոր տնօրենին:
Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Լը Պենին դրսևորել «զսպվածություն» և «չափավորություն»:
Ֆրանսիացի ընտրողները այս կիրակի կրկին կգնան քվեարկության (արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի համար)։ Նախորդ կիրակի կայացած առաջին փուլի գլխավոր հաղթողը ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորումն էր՝ հավաքելով ձայների 33 տոկոսը: