Պարտությո՞ւն երկու ճակատում
Այս տարի Եվրամիության տնտեսությունը կաճի ընդամենը 0,8 տոկոսով, իսկ 2024 թվականին՝ 1,4 տոկոսով, ըստ Եվրահանձնաժողովի տվյալների։ Նոր զեկույցը նվազեցրեց աճի կանխատեսումը և զգուշացրեց գնաճի պահպանման ռիսկի մասին: Այս մասին գրում է FINANCIAL TIMES-ը (EU downgrades growth forecast and raises inflation expectations):
Մայիսին Բրյուսելը կանխատեսում էր 1% աճ այս տարի , իսկ 2024 թվականին՝ 1,7% աճ։ Սակայն բարձր գները հարվածել են սպառողական ծախսերին ամբողջ դաշինքով մեկ, և այժմ սպասվում է, որ Գերմանիայի տնտեսությունը կկրճատվի այս տարի:
«ԵՄ տնտեսությունը կորցնում է թափը գարնանից ի վեր»,- նոր թվերը մեկնաբանել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։ «Երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը կանգ է առել, և հետազոտության տվյալները վկայում են հետագա թուլացման մասին առաջիկա ամիսներին»։
Նոր տվյալները կանխատեսում են Գերմանիայի իրական ՀՆԱ-ի 0,4% կրճատում (նախկինում ակնկալվող 0,2% աճի փոխարեն): Այնուամենայնիվ, Գերմանիայում դեռևս կանխատեսվում է 1,1% աճ 2024 թվականին, թեև այն ավելի քիչ է, քան սպասվում էր Բրյուսելի գարնանային կանխատեսումներով։
«Ընդհանուր առմամբ, երբ միության ամենամեծ տնտեսությունը ցույց է տալիս թույլ բացասական աճ, դա ազդում է բոլորի վրա՝ առանց բացառության», — ավելացրեց Ջենտիլոնին:
Տնտեսական աճի ավելի հոռետեսական թվերով զեկույցը գալիս է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կարևոր որոշումից առաջ: Հինգշաբթի կառույցը կորոշի՝ բարձրացնել տոկոսադրույքները, որպեսզի զսպի բարձր գնաճը Եվրոպայում, թե դրանք թողնի անփոփոխ՝ չխորացնելու տնտեսական անկումը:
Հանձնաժողովը հավելեց, որ այս տարի գնաճը կնվազի մինչև 6,5 տոկոս՝ նախորդ կանխատեսման 6,7 տոկոսի համեմատությամբ: Բայց այն նաև նախազգուշացրեց, որ 2024 թվականին գնաճը կմնա 3,2 տոկոս՝ 0,1 տոկոսով ավելի, քան նախկինում սպասվում էր:
Եվրոպայի տնտեսական հեռանկարները վերջին ամիսներին թուլացել են՝ արդյունաբերական արտադրության դանդաղման, Չինաստանի հետ առևտրի անկման, պետական աջակցության կրճատման և սպառողական ծախսերի ճգնաժամի պատճառով (բարձր գնաճի և փոխառությունների ծախսերի աճի պայմաններում):
Տարածաշրջանի վատթարացող տնտեսական հեռանկարը, որն ընդգծված է եվրոգոտու երկրորդ եռամսյակի պաշտոնական աճի տեմպի 0,3%-ից մինչև 0,1% անկմամբ, մեծացրել է ակնկալիքները, որ ԵԿԲ-ն հինգշաբթի ձեռնպահ կմնա տոկոսադրույքների բարձրացումից:
Եվրոգոտու գնաճի հետ կապված մտահոգությունները պահպանվում են։ Այն զգալիորեն գերազանցում է ԵԿԲ-ի 2% թիրախային ցուցանիշը։
Նավթի գնաճը և եվրոյի թուլացումը հզոր ճնշում են գործադրում գնաճի վրա — սա մեծացնում է ներմուծման ծախսերը, ինչը նշանակում է, որ ԵԿԲ-ի կողմից տոկոսադրույքի հերթական բարձրացումը դեռևս չի կարելի բացառել:
Քանի որ համաշխարհային աճի և առևտրի հեռանկարները մնում են գրեթե անփոփոխ, ԵՄ-ն չի կարողանա ապավինել այլ երկրների պահանջարկին՝ իր տնտեսությանը աջակցելու համար, հավելել է հանձնաժողովը: