«Մեծ քսանյակի» հռչակագրի ուշագրավ կետերը
Շաբաթ օրը «Մեծ քսանյակի» կողմից հրապարակված հռչակագիրը, ըստ երևույթին, չէր դատապարտում Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման համար — կտրուկ տարբերություն խմբի նախորդ տարվա հայտարարությունից պատերազմի մասին: Այս մասին գրում է Fox News-ը։
Թեև G20-ն ընդունում է «մարդկային տառապանքը և Ուկրաինայում պատերազմի բացասական հավելյալ ազդեցությունը»(“human suffering and negative added impacts of the war in Ukraine”), նրանց հայտարարությունում Ռուսաստանի հասցեին որևէ կոպիտ խոսք չկա:
«Ուկրաինայի պատերազմի առնչությամբ, հիշեցնելով Բալիում մեր քննարկումը, մենք հաստատեցինք մեր ազգային դիրքորոշումներն ու բանաձևերը՝ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ընդգծեցինք, որ բոլոր պետությունները պետք է գործեն այնպես, որ համահունչ լինեն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին ամբողջությամբ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
«Բոլոր պետությունները պետք է զերծ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից՝ ձգտելու տարածքային ձեռքբերման ցանկացած պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կամ քաղաքական անկախության դեմ», — ասվում է հայտարարության մեջ։ «Միջուկային զենքի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքն անթույլատրելի է»։
Իր հայտարարության մեջ G20-ն ընդգծել է, որ ֆորումի նպատակն է եղել տնտեսական քննարկումները, այլ ոչ թե անվտանգության խնդիրները: Նրանք, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են, թե ինչպես է ռուս-ուկրաինական պատերազմը վնասել համաշխարհային պարենային մատակարարմանը և էներգետիկ անվտանգությանը, սակայն եզրակացրել են, որ «իրադրության վերաբերյալ տարբեր տեսակետներ և գնահատականներ կան»:
«Վերահաստատելով, որ G20-ը միջազգային տնտեսական համագործակցության ամենակարևոր ֆորումն է, և որ այն աշխարհաքաղաքական և անվտանգության հարցերը լուծելու հարթակ չէ, մենք գիտակցում ենք, որ այդ հարցերը կարող են էական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա»,- ասվում է հռչակագրում։
Նման փափուկ հայտարարությունը կտրուկ հակասում է G20-ի կոմյունիկեին, որն ընդունվել էր խմբի Բալիի գագաթնաժողովում նախորդ տարի: