Երկրները շտապում են գնել ոսկի. ո՞րն է պատճառը
Հարցված համաշխարհային կենտրոնական բանկերի և սուվերեն ֆոնդերի 41%-ն ակնկալում է, որ իրենց ոսկու պաշարները կավելանան առաջիկա երեք տարում: Այս մասին գրում է Business Insider-ը:
5 հարցվողներից յուրաքանչյուր 2-ը մտահոգություն է հայտնել իր ակտիվների սառեցման հնարավորության շուրջ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի դեպքում։
2022 թվականին կենտրոնական բանկերը գնել են ռեկորդային 1136 մետրիկ տոննա ոսկի։
Համաշխարհային կենտրոնական բանկերի շրջանում հարցման արդյունքների համաձայն(հրապարակված հուլիսի 9ին) Կենտրոնական բանկերը և սուվերեն ներդրումային հիմնադրամները գնալով ավելի հաճախ են վերադարձնում տուն իրենց ոսկու ակտիվները՝ մտավախություն ունենալով, որ այդ ակտիվներն արտասահմանում կարող են սառեցվել այնպիսի իրավիճակում, ինչպիսին Ռուսաստանի պարագայում էր(Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո):
Ըստ Invesco-ի, որն այս տարվա հունվար-մարտ ամիսներին հարցում է անցկացրել 85 սուվերեն ներդրողների և 57 կենտրոնական բանկերի շրջանում, հարցվածների մոտ 41%-ն ակնկալում է, որ ոսկու մասնաբաժինը իրենց պահուստներում կաճի առաջիկա երեք տարիների ընթացքում:
Հարցված հինգ ֆինանսական հաստատություններից երկուսը նշել են, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք մտահոգված են իրենց ակտիվների սառեցման հնարավորությամբ, ինչպես եղավ Ռուսաստանի դեմ Արևմտյան պատժամիջոցների սահմանման ժամանակ:
Ոսկու համաշխարհային խորհրդի փետրվարի զեկույցը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը նախորդ տարի գնել են ռեկորդային 1136 տոննա ոսկի, ինչը նշանակում է ոսկու գնումների ծավալի աճ տասներկու տարի անընդմեջ:
Թվում է, որ կենտրոնական բանկերը դառնում են ավելի քիչ պատրաստակամ՝ պահելու իրենց ֆիզիկական ոսկու ակտիվները արտասահմանում: Հարցվածների մոտ 70%-ն այժմ պահուստներ ունի իրենց երկրում: Ըստ հետազոտության՝ այս տոկոսն աճել է 2020 թվականի 50%-ի համեմատ։
Արևմուտքում անանուն կենտրոնական բանկը Invesco-ին հայտնել է, որ 8-ից 10 տարի առաջ ավելացրել է իր ոսկու պաշարները և դրանք պահել Լոնդոնում: «Բայց այժմ մենք մեր ոսկու պաշարները վերադարձրել ենք մեր երկիր՝ դրանք անվտանգ պահելու համար: Այժմ մեր դերը մեր ապահով ապաստարան լինելն է»,- ասել են Կենտրոնական բանկից:
Կենտրոնական բանկերի մեծ մասը չի կարծում, որ չինական յուանը «իսկական պահուստային արժույթ» կդառնա առաջիկա 5 տարում։
Կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումների աճը հետևում է նաև գլոբալ հրաժարմանը ԱՄՆ դոլարից՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի։
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ դոլարը հանդիսանում է համաշխարհային պահուստային արժույթը, որը մեծ դեր է խաղում համաշխարհային առևտրային համակարգում և ֆինանսներում: Սակայն Ռուսաստանի դեմ ուղղված լայնածավալ պատժամիջոցները, որոնք երկիրը դուրս են մղել համաշխարհային ֆինանսական համակարգից, որում գերիշխող է դոլարը այնքան վախեցրել են այլ երկրներին, որ այժմ այլ պահուստային արժույթներ են փնտրում միջազգային առևտրի համար:
Այնուամենայնիվ, ըստ Invesco-ի հետազոտության, կենտրոնական բանկերը դեռ ընդհանուր առմամբ համաձայն են, որ ներկայումս հստակ այլընտրանք չկա ԱՄՆ դոլարին՝ որպես աշխարհի գերիշխող պահուստային արժույթի:
Հարցումը ցույց է տալիս, որ չինական յուանն իրականում նման պատասխան չէ, նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, հարցվածների միայն 18%-ն է կարծում, որ յուանը կլինի «իսկական պահուստային արժույթ հինգ տարում»(նախորդ տարվա 29%-ի համեմատ, որն այն ժամանակ համաձայն էր այս կանխատեսման հետ):
«Աշխարհը երկար ժամանակ փնտրում էր դոլարի և եվրոյի այլընտրանքներ, և նրանք արդեն կընտրեին դրանք, եթե լինեին համապատասխան տարբերակներ», — ասել են Invesco-ին զարգացող շուկայի անանուն կենտրոնական բանկում: