Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը սկսում է մեկշաբաթյա եվրոպական շրջագայությունը Փարիզում
Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վանգ Յին բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չորեքշաբթի Եվրոպա կատարած իր ուղևորության սկզբում` Չինաստանի և ԱՄՆ-ի միջև նոր լարվածության ֆոնին: Այս մասին գրում է APNEWS-ը:
Արտաքին հարաբերությունների կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի տնօրեն Վանգը հանդիպել է Մակրոնի հետ Ելիսեյան պալատում փակ դռների հետևում։
Մակրոնի գրասենյակից հայտնել են, որ իրենք հատկապես քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքները աշխարհի ամենախոցելի երկրների վրա՝ կապված պարենային անվտանգության և ֆինանսավորման կարողությունների հետ: Նրանք արտահայտել են «նույն նպատակը՝ նպաստել խաղաղությանը միջազգային իրավունքին համապատասխան», ասված է հայտարարության մեջ:
Ավելի ուշ Վանգը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ։ Հինգշաբթի նա պետք է մասնակցի ֆրանս-չինական ռազմավարական երկխոսության նիստին Մակրոնի բարձրաստիճան դիվանագիտական խորհրդականի հետ՝ երկկողմ նախագծերի քննարկման նպատակով:
Ֆրանսիայի մայրաքաղաքը Վանգի եվրոպական շրջագայության առաջին կանգառն է: Առաջիկա օրերին նա կմեկնի նաեւ Իտալիա, Հունգարիա, Ռուսաստան, Գերմանիա։ Սպասվում է, որ նա ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կմեկնարկի ուրբաթ։
Վանգի մեկշաբաթյա շրջագայությունը Եվրոպայով դիտվում է որպես Չինաստանի՝ եվրոպական երկրների հետ կապերը վերականգնելու ջանքերի մաս՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև աճող լարվածության ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ը խոցեց չինական ենթադրյալ լրտեսական օդապարիկը ավելի վաղ այս ամիս:
Ուղևորությունը տեղի է ունենում Չինաստանի համառ ջանքերի ֆոնին` հետ մղելու Արևմուտքի ճնշումը առևտրի, տեխնոլոգիայի, մարդու իրավունքների և Խաղաղ օվկիանոսի արևմտյան լայն հատվածի նկատմամբ նրա հավակնությունների դեմ:
Դեկտեմբերին Վանգը պաշտպանեց իր երկրի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ և ազդարարեց, որ Չինաստանը կխորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ 2023 թվականին:
Ելույթ ունենալով ուղևորությունից առաջ՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը երկուշաբթի ասաց, որ Վանգը կունենա «խորը ռազմավարական հաղորդակցություն», որի նպատակն է «խթանել նոր զարգացումները երկկողմ հարաբերություններում, բարձրացնել ռազմավարական փոխվստահությունը Չինաստանի և Եվրոպայի միջև և և կարծիքներ փոխանակել միջազգային հիմնական խնդիրների շուրջ»։