Ի՞նչ է սպասվում Լեհաստանին
Լեհաստանի ֆինանսական վիճակը գնալով բարդանում է, գրում է Business Insider-ը։ Դրամավարկային քաղաքականության կոմիտեն տարեսկզբին գնաճ է կանխատեսում մինչև 24 տոկոս։ Իշխանությունն այլեւս չի կարող բաց պահել «հակագնաճային հովանոցը»։
«Այսօր առավոտյան մենք նոր տեղեկություն ստացանք, որը փոխում է հաջորդ տարվա պատկերը։ Լեհաստանի զարգացման հիմնադրամի (PFR) նախագահ Պավել Բորիսը ասաց, որ հաջորդ տարի մենք հավանաբար չենք ունենա հակագնաճային հովանոց։ Սա նշանակում է, որ. գնաճն անմիջապես կավելանա 3-4 տոկոսային կետով, այսինքն՝ փետրվարի 20 տոկոսի կանխատեսումը կվերածվի 24 տոկոսի», — ասում է Լեհաստանի դրամավարկային քաղաքականության խորհրդի (RPP) անդամ Լյուդվիկ Կոտեցկին։
Պավել Բորիսը TVN 24-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեհաստանի ֆինանսական վիճակը գնալով բարդանում է։ Նրա խոսքով, ֆինանսական շուկաներում շարունակվող բարդ իրավիճակի հետ մեկտեղ վարկավորման անհրաժեշտությունը կաճի։
«Ծախսերի հիմնական աճը կապված է «էներգետիկ հովանոցների» և հաջորդ տարվա սպառազինության հատկացումների հետ։ Հաջորդ տարի կառավարությունը հավանաբար ստիպված կլինի հրաժարվել «հակագնաճային հովանոցի» երկարաձգումից, այն է՝ էներգիայի ԱԱՀ-ի կամ ակցիզային տուրքի նվազեցումից»,- ասաց Բորիսը։
«Գնաճը վերահսկողությունից դուրս է, և այն միանիշ ցուցանիշի վերադարձնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ։ Հուսով եմ, որ դրանց մասին կխոսենք նոյեմբերի 9-ին»,- հավելեց նա։
Նոյեմբերի 9-ին տեղի կունենա դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստ, որը պետք է որոշի տոկոսադրույքները։ Ներկայիս հենանիշային դրույքաչափը կազմում է 6,75%: Հոկտեմբերին գնաճն աճել է մինչև 17,9 տոկոս՝ սեպտեմբերի 17,2 տոկոսից։
Երկուշաբթի Լեհաստանի Ազգային բանկի (NBP) փոխնախագահ Մարտա Քայթլին ասել է, որ գնաճը կբարձրանա 2023 թվականի առաջին ամիսներին։ Նրա խոսքով, մարտ ամսից այս ցուցանիշն ակտիվորեն կնվազի։ Այս եզրակացությունը կարելի է անել Լեհաստանի ազգային բանկի վերջին կանխատեսման հիման վրա, որը կհրապարակվի կառույցի հաջորդ նիստից անմիջապես հետո։