Ինչպե՞ս է պատրաստվելու Եվրոպան հաջորդ ձմռանը
Եվրոպան ապահով անցկացրեց այս ձմեռը, և պահեստարաններում սովորականից ավելի շատ գազ է մնացել, գրում է Seznam zprávy-ն։
Այս տարի մեղմ ձմռան շնորհիվ Եվրոպան գազի մեծ պաշարներ ունի։ Սակայն հնարավոր չէ կանխատեսել, թե արդյոք դա կբավարարի ջեռուցման հաջորդ սեզոնի համար։ Մի քանի գործոններ կարող են ազդել 2023 և 2024 թվականների շրջադարձի վրա։
Ամռանը և աշնանը գազի պաշարները պետք է համալրվեն մինչև այն մակարդակ, որքանով կապահովվի անհրաժեշտ պաշարը հաջորդ ձմռան համար, եթե պարզվի, որ այն կարող է ավելի ցուրտ լինել, քան նախորդը։
Ուկրաինայում զինված հակամարտության և ռուսական էմբարգոյի պատճառով Եվրոպան ավելի լավ է պատրաստված ձմռանը, քան նախկինում էր, և մասամբ նաև տաք եղանակի շնորհիվ ավելի շատ գազ է մնացել պահեստարանում, քան սովորաբար։ Հետևաբար, հետագա ժամանակահատվածում պաշարները համալրելու համար ավելի քիչ գազ կպահանջվի։ Սակայն այս ռազմավարական էներգակիրներից ավելի քիչ քանակություն կգա Ռուսաստանից Եվրոպա, ինչը կբարդացնի իրավիճակը, քանի որ Մոսկվան կապույտ վառելիքի խոշորագույն մատակարարներից էր։
Ամերիկյան «Մորգան Սթենլի» բանկի կարծիքով՝ հիմնարար դեր կխաղա այն, որ այս տարի սովորականից ավելի շատ պահուստներ կան։ Ամենայն հավանականությամբ, ռուսական խողովակաշարերի մատակարարումները այս ամառ նախորդ տարվա համեմատ 18 մլն խմ-ով պակաս կլինեն, կանխատեսում է բանկը։ Այնուամենայնիվ, Եվրոպան, պատրաստվելով 2023-2024 թվականների ձմռանը, կարող է լուծել այս խնդիրը բավականին պարզ:
Հեղուկ բնական գազը, հավանաբար, կմնա ամենակարևոր վառելիքը Եվրոպայում ձմեռելու համար: Սառը ամիսներին դրա ներմուծումը ինչ-որ պահի աճել է մինչև ռեկորդային մակարդակի, և Bloomberg-ի վերլուծաբանները ենթադրում են, որ իրավիճակը կշարունակվի առնվազն մինչև ամառ:
Եվրոպական մայրցամաքը ընկել է կախվածության մեջ գազի մատակարարումներից, իսկ ԱՄՆ-ը կարևոր դեր է ձեռք բերել գազի առևտրում։ Մինչ խողովակաշարերի միջոցով գազի մատակարարումները սահմանափակված էին պատժամիջոցներով, ռուսական LNG արտահանումը միայն ավելացավ:
Նախորդ տարում սովորական գազի մատակարարումները Եվրոպա ավելացել են այնպիսի տարածաշրջաններից, ինչպիսիք են Նորվեգիան, Հյուսիսային Աֆրիկան և Ադրբեջանը: Սակայն այդ մատակարարումները չեն կարողանա ապահովել այն քանակությունը, որն անհրաժեշտ է Եվրոպային LNG-ի կախվածությունից ազատվելու համար։ «Մորգան Սթենլի»-ն ակնկալում է, որ այս տարածաշրջաններից ներմուծումն այս տարի հիմնականում կմնա անփոփոխ:
Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ նախորդ տարի Եվրամիությունում և Մեծ Բրիտանիայում գազի սպառման ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 14%-ով։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները ենթադրում են, որ այս տարի Եվրոպան կարող է ավելի շատ գազ սպառել, հատկապես, եթե եղանակն ավելի ցուրտ լինի, և եթե Ռուսաստանը կրճատի ընթացիկ մատակարարումները, որոնք արդեն հասցվել են նվազագույնի: Գերմանիան արդեն պատրաստվում է ջեռուցման գալիք սեզոնին և նախազգուշացրել է տնային տնտեսություններին շարունակել կրճատել իրենց սպառումը:
Ընդհանուր առմամբ, գազի շուկան արագորեն մոռացել է գազի հնարավոր պակասորդի մասին նախորդ տարվա մտավախությունները և այժմ հույսը դնում է դրա ավելցուկի վրա, քանի որ ակնկալվում է, որ սպառումը կմնա ցածր, իսկ հեղուկ բնական գազը կներմուծվի մեծ քանակությամբ։ Ուստի «Մորգան Սթենլի» բանկը կանխատեսում է, որ գազի պահեստարանները ընթացիկ ջեռուցման սեզոնի ավարտին կմնան 59%-ով լցված, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի:
Գազի գնի նվազում է սպասվում նաև այս տարվա երրորդ եռամսյակում. 64 եվրոյի փոխարեն, որը բանկը կանխատեսում էր մեկ ամիս առաջ, այժմ սպասվում է 47 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց։ Վերջին անգամ նման գներ ֆիքսվել են 2021 թվականի օգոստոսին։
Սակայն մյուս ընկերություններն այնքան էլ լավատես չեն ապագայի նկատմամբ։ Շվեդական SEB բանկը, օրինակ, նախազգուշացրել է, որ եթե գները չափազանց երկար մնան ընթացիկ մակարդակում, սպառումը կարող է աճել: Հետո գները կարող են նորից բարձրանալ և նույնիսկ հատել հարյուր եվրոյի սահմանը:
Թեև էներգետիկ ճգնաժամը մի փոքր նահանջել է, Եվրոպան պետք է զգոն մնա, քանի որ սահմանափակ են նաև միջազգային մատակարարումները։ «Կարելի է ակնկալել, որ 2023 թվականին Չինաստանը կավելացնի գազի պահանջարկը, քանի որ դեկտեմբերին նա վերացրեց իր հակաքովիդյան արգելքները և վերադառնում է միջազգային շուկա», — անցյալ շաբաթ ասաց Shell-ի գործադիր տնօրենը: «Ես չէի շտապի հայտարարել էներգետիկ ճգնաժամի ավարտի մասին, կարծում եմ՝ մենք դեռ որոշակի ճանապարհ ունենք անցնելու»,- հավելեց նա։