Շվեդիան նոր արտահոսք է հայտնաբերել ռուսական գազատարում
Շվեդիան հայտնաբերել է նոր արտահոսք խոշոր ստորջրյա խողովակաշարում, որը ռուսական բնական գազ է տեղափոխում ԵՄ։ Սա հայտնաբերված թվով չորրորդ արտահոսքն է այս շաբաթ։ Գրում է BBC-ին։
Դանիան և Շվեդիան ավելի վաղ հայտնել էին «Հյուսիսային հոսք 1» և «2» խողովակաշարերում գազի արտահոսքի մասին՝ իշխանություններին զգուշացնելով կանխամտածված հարձակման հնարավորության մասին: ԵՄ-ն հայտարարել է, որ արտահոսքի պատճառը դիվերսիան է եղել: Ռուսաստանը հերքեց այն պնդումները, թե ինքը հարձակվել է սեփական խողովակաշարերի վրա՝ համարելով «կանխատեսելի և հիմար»։ Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ իրենք գտել են «Հյուսիսային հոսք 2»-ի չորրորդ արտահոսքը, որը շատ մոտ է ավելի մեծ արտահոսքին, որը հայտնաբերվել է ավելի վաղ «Հյուսիսային հոսք 1»-ում:
ԵՄ-ն ավելի վաղ մեղադրել էր Ռուսաստանին Արևմուտքի դեմ գազի մատակարարումները որպես զենք օգտագործելու մեջ՝ Ուկրաինային աջակցելու պատճառով: ԵՄ առաջնորդները համախմբվել են՝ հստակեցնելու, որ ցանկացած կանխամտածված հարձակում մայրցամաքի էներգետիկ ենթակառուցվածքի վրա կարժանանա «ամենաուժեղ պատասխանին»: Նորվեգիան հայտարարել է, որ իր զինուժը կտեղակայի նավթի և գազի կայանքները պաշտպանելու համար: Այս պահին գազատարներից ոչ մեկը գազ չի տեղափոխում, թեև երկուսն էլ գազ են պարունակում:
«Հյուսիսային հոսք 1» խողովակաշարը, որը բաղկացած է երկու զուգահեռ ճյուղերից, գազ չի տեղափոխել օգոստոսից, երբ Ռուսաստանը փակեց այն՝ ասելով, որ տեխնիկական սպասարկման կարիք ունի:
Այն ձգվում է 1200 կմ (745 մղոն) Բալթիկ ծովի տակ՝ Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող ռուսական ափից մինչև հյուսիս-արևելյան Գերմանիա: Նրա զույգ խողովակաշարը՝ «Հյուսիսային հոսք 2»-ը, դադարեցվել էր փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո:
Սեյսմոլոգները հայտնել են ստորջրյա պայթյունների մասին՝ նախքան արտահոսքի հայտնվելը: Դանիայի պաշտպանության հրամանատարությունը հրապարակել է արտահոսքի կադրեր, որոնցում երևում են փուչիկներ Բալթիկ ծովի մակերևույթում: Ամենամեծը 1կմ տրամագիծ ունի։
«Կասկած չկա, որ դրանք պայթյուններ են եղել», — ասում է Բյորն Լունդը Շվեդիայի սեյսմոլոգիական ազգային կենտրոնից:
Անդրեյ Կորտունովը Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհուրդից (Մոսկվայում գործող վերլուծական կենտրոնից) ասել է BBC Radio 4-ին. «Նրանք միշտ մատնացույց են անում Ռուսաստանին, բայց ես կարծում եմ, որ քանի որ դա ռուսական սեփականությունն է, այնքան էլ տրամաբանական չի լինի, որ Ռուսաստանը վնաս պատճառի: Եվրոպացիների կյանքը դժվարացնելու այլ ուղիներ կան, պարզապես կարող են դադարեցնել գազի մատակարարումները՝ չվնասելով ենթակառուցվածքները»։