Ինչու Չինաստանի արձագանքը Թայվանի նեղուցում ամերիկյան ռազմանավերի հայտնվելուն զարմացրեց վերլուծաբաններին
Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո, չինացիներն անցկացրել են ամենամեծ զորավարժություններից մեկը կղզու շուրջ, հայտնում է CNN-ը։ Սակայն այժմ Պեկինի պահվածքը շփոթության մեջ է գցում վերլուծաբաններին։ Նրանք զարմացած էին վերջինիս արձագանքից Թայվանի նեղուցում ամերիկյան երկու հածանավի հայտնվելուն։
Երբ օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այցելեց Թայվան, չինացի զինվորականները կղզու շուրջ անցկացրին պատմության մեջ ամենամեծ զորավարժություններից մեկը:
Չինական մեծ քանակությամբ ինքնաթիռներ թռչում էին Թայվանի նեղուցի վրայով, իսկ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը ( PLA ) նույնիսկ հրթիռային արձակումներ է իրականացրել դեմոկրատական կառավարվող կղզու վրա, որը Չինաստանի կոմունիստական կուսակցությունն անվանում է իր ինքնիշխան տարածք, թեև այն երբեք չի վերահսկել:
Որոշ վերլուծաբաններ և պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ այս զորավարժությունները «նոր իրականություն» են ստեղծել նեղուցներում։ Նման իրողություն կլինի PLA-ի մշտական ներկայությունը Թայվանի մոտ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները խոստացել են, որ Վաշինգտոնը կշարունակի չշեղվել ընտրված ուղուց և մարտահրավեր նետել Չինաստանի զսպման մարտավարությանը:
Երկուշաբթի օրը ԱՄՆ ռազմածովային ուժերը Թայվանի նեղուցով կառավարվող հրթիռներով երկու հածանավ են ուղարկել ։ Պեկինը պահանջում է ինքնիշխանություն, ինքնիշխան իրավունքներ այս կղզու նկատմամբ, հավակնում է նրա իրավասությանը Չինաստանի օրենսդրությանը համապատասխան և յուրովի է մեկնաբանում Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները: ԱՄՆ-ը և այլ երկրներ պնդում են, որ նեղուցը ՄԱԿ-ի պայմանագրով միջազգային ջուր է:
ԱՄՆ ռազմածովային ուժերը չորս տարվա ընթացքում առաջին անգամ երկու հածանավ է ուղարկել նեղուցով, ասել է Սինգապուրի միջազգային հետազոտությունների դպրոցի գիտաշխատողներից մեկը: Նա տվյալների բազա է հավաքում Թայվանի նեղուցով նավերի անցման վերաբերյալ:
«Մեկի փոխարեն երկու հածանավ ուղարկելը, ինչպես սովորաբար արվում է նման առաքելություններում, միանշանակ բողոքի ավելի նշանակալի ազդանշան է ոչ միայն կղզու շուրջ չինական զորավարժությունների դեմ՝ ի պատասխան Փելոսիի այցի, այլ նաև ընդդեմ Պեկինի՝ այս ջրային ուղու իրավական կարգավիճակը փոխելու և տարածքում նավարկության ազատությունը խաթարելու փորձերի դեմ», — ասել է գիտաշխատողը:
Ամերիկյան ռազմանավերի կիրակնօրյա անցումում զարմանալի ոչինչ չկա։ Վերջին տարիներին նրանք տասնյակ անգամներ են արել նման անցումներ, և ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ պրակտիկան կշարունակվի: Սակայն վերլուծաբաններին զարմացրել է Պեկինի զուսպ արձագանքը։
PLA-ի Արևելյան հրամանատարությունը հայտարարել է, որ վերահսկում է այս հածանավերը և գտնվում է բարձր պատրաստվածության մեջ՝ «ցանկացած սադրանք խափանելու համար»:
Նույնիսկ պետական Global Times-ը, որը հայտնի է իր ուռա-հայերնասիրական և անփոփոխ ազգայնական խմբագրականներով, ասում է, որ երկու հածանավերի ներկայությունը «իրական վտանգ չի ներկայացնում Չինաստանի անվտանգության համար»:
Արտասահմանյան նավերի նախորդ անցումները ավելի կոշտ արձագանք են առաջացրել: Երբ հուլիսին ամերիկյան «Բենֆոլդ» կործանիչն անցավ նեղուցով, Արևելյան հրամանատարության խոսնակ, գնդապետ Շի Ին ԱՄՆ-ին անվանեց «Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կործանիչ»:
Այս ամիս Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը պահանջեց Միացյալ Նահանգներից դադարեցնել ռազմածովային նավերի անցումը, ասելով, որ դա ուժեղացնում է լարվածությունը և քաջություն է տալիս «Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերին»: «Եթե որևէ գործողություն ձեռնարկվի ի վնաս ՉԺՀ-ի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, Պեկինը կարձագանքի դրան»,- ասել է դեսպանը Վաշինգտոնում լրագրողներին՝ պատասխանելով նավերի հնարավոր անցման մասին հարցին:
Վերլուծաբան Կոհը նշեց, որ կիրակի օրը Պեկինից արված հայտարարությունները շատ զուսպ էին։
«Ինչո՞ւ չինացիները զսպվածություն դրսևորեցին, չէ՞ որ նրանք նախկինում կտրուկ արտահայտվել էին նավերի նման անցումները շարունակելու Վաշինգտոնի մտադրությունների դեմ։ Կոհը հարցրեց և երեք հնարավոր բացատրություն տվեց.
Առաջին հերթին, Պեկինը, անշուշտ, վախենում է միջազգային բացասական արձագանքից, քանի որ նեղուցով ԱՄՆ նավատորմի նավերի անցումը սահմանափակելու ցանկացած փորձ կարող է դիտվել որպես այս ջրային ճանապարհով անցնող այլ երկրների նավերի նավարկության սպառնալիք:
Երկրորդ՝ Փելոսիի Թայվան կատարած այցից հետո Պեկինը կտրեց Վաշինգտոնի հետ կապի առանցքային ուղիները, ինչը մեծացրեց PLA նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև թյուրիմացությունների վտանգը։
Երրորդ, կան այլ ոլորտներ, որտեղ Վաշինգտոնն ու Պեկինը համագործակցում են, և Չինաստանը, իհարկե, չի ցանկանում լրացուցիչ լարվածություն ստեղծել այնտեղ։
«Իմաստ չունի լարվածության հետագա աճ հրահրել, քանի որ դա կարող է վերաճել բախումների»,- ասել է Կոհը։
Կառլ Շուստերը, որը նախկինում Հավայան կղզիներում Խաղաղօվկիանոսյան հրամանատարության միացյալ հետախուզական կենտրոնի գործողությունների ղեկավարն էր, ասաց, որ կա չորրորդ հնարավոր բացատրությունը: «Կարծում եմ՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը կփորձի կանխել այնպիսի գործողությունները, որոնք մեծացնում են հանրապետականների և Չինաստանի այլ ագրեսիվ հակառակորդների՝ գալիք ընտրություններում հաղթելու շանսերը: Նա չի ցանկանում, որ Ներկայացուցիչների պալատը և Սենատը օրենքներ ընդունեն հօգուտ Թայվանի, ինչպես նաև որոշումներ, որոնք սահմանափակում են ներդրումները և չինական ազդեցությունը ԱՄՆ-ում»,- ասել է Շուստերը։
Նրա խոսքով, մեկի փոխարեն երկու հածանավ ուղարկելը չպետք է դիտարկել որպես ինչ-որ հայտարարություն։ Ավելի շուտ դա խելացի ռազմական պլանավորում է: «Հաշվի առնելով չինական սպառնալիքները և միջազգային ջրերում հրթիռների վերջին արձակումը… մեկի փոխարեն երկու նավերի նեղուց ուղարկելը լիովին արդարացված է», — ասել է Շուստերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը կանոնավոր կերպով կիրականացնեն իր նավերի անցումները նեղուցով։ «Միջազգային իրավունքի համաձայն՝ դրանք միջազգային ջրեր են, ուստի նեղուցի կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական վեճ չկա,- ասաց նա։- Նման անցումներ անելով՝ ԱՄՆ նավատորմը հանգիստ և արդյունավետ կերպով հաստատում է դա։
Հեղինակ՝ Բրեդ Լենդոն