«Ո՞վ կարող է լինել Նիկոլի փոխարեն»․ ժողովրդի մտահոգությունը, իրական պառլամենտարիզմի հրամայականը
Պատերազմում պարտված իշխանություններն անցանկալի են ժողովրդի համար։ Շատերը կուզենային, որ Փաշինյան Նիկոլն ու իր «նազիրները» հրաժարական տային, սակայն ներկա իրավիճակում ժողովրդին առավելապես մտահոգում է այն հարցը, թե ով կարող է լինել Նիկոլի փոխարեն։
Ժողովրդի մի ստվար զանգված աջակցություն է հայտնում Փաշինյանին, քանզի մտահոգվում է, որ Նիկոլի հրաժարականի դեպքում կարող են վերադառնալ նախկին «թալանչիները», ինչը բացարձակ անընդունելի է։
Անցանկալի է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ նրանց ստորակացների թեկնածությունը։ Քաղաքական դաշտի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն այսպես, թե այնպես առնչվել կամ առնչվում են նախկին նախագահների հետ, իսկ որոշ գործիչներ էլ չունեն բավարար հանրային ռեսուրս երկրի ղեկավարումը ստանձնելու համար։ Դժվար է գեթ մեկ անձի անուն տալ, ով կարող է փոխարինել Նիկոլին, ունի բավարար հանրային աջակցություն և կարող է իր ձեռքը վերցնել երկրի կառավարումն այս դժվար պահին։
Իրականում խնդիրն այն է, որ մենք հարցը սխալ են ձևակերպում․ ոչ թե պետք է Նիկոլ փոխարինող գտնել, այլ պետք է վերափոխել կառավարման համակարգը։ Վերջին սահմանադրական փոփոխություններով մենք հայտարարեցինք ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառուցման մասին, սակայն այդպես էլ չունեցանք ԻՐԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄ։
Փաշինյանական իշխանությունն առավել ևս բացարձակ նմանություն չունի խորհրդարանական համակարգի հետ․ կա մեկ ազդեցիկ քաղաքական գործիչ ու իր շուրջ գտնվող անդեմ արբանյակներ։ Արդ՝ ամենևին էլ պատահական չէր, որ Փաշինյանը առանց խորհրդարանի հետ հավուր պատշաճ քննարկումների կարող էր երկրի համար կապիտուլիացիոն համաձայնագիր ստորագրել։
Մեկ անձի որոշումների դառը պտուղները մենք տեսել ենք նաև նախորդ իշխանությունների օրոք, հասկանալի է, որ մեկ անձի կառավարումը չարիք է երկրի համար։ Հայաստանին «թագավոր» պետք չէ, մեր երկրի զարգացման առհավատչյան քաղաքական ծրագիրն է, դրա իրագործման կամքն ու բանիմաց թիմը։
Ո՞րն է ներկա ճգնաժամի ռացիոնալ լուծումը։
Գործող իշխանությունները պետք է օր առաջ հայտարարեն խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ հանելով բաց ցուցակների (այսպես կոչված «ռեյթինգային ընտրակարգի») խարանը և որպես իրական ՊԼՅՈՒՐԱԼԻԶՄԻ ձևավորման հիմնասյուն՝ իջեցնելով կուսակցությունների անցողիկ շեմը։ Վրաստանի օրինակով խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը պետք է լինի 1 տոկոս, չպետք է լինեն բոնուսներ և այլ խրթին հաշվարկներ։ Այս պարագայում խորհրդարան անցնելու հնարավորություն կունենան 10-ից ավելի քաղաքական ուժեր, որոնք վստահաբար կկարողանան հանրությանը ներկայացնել իրենց կարևորագույն առաջարկները՝ իրական լիդերների կերպարով։
Այդ իրավիճակում խորհրդարանական ուժերի բանակցությունների արդյունքում կձևավորվի իրական կոալիցիոն կառավարություն։ Այսպիսի պայմաններում խորհրդարանը կլինի երկրի ղեկավարման իրական ներկայացուցչական ագորան, որը իր վերահսկողության տակ կպահի կառավարության ու վարչապետի գործունեությունը, այսինքն վարչապետի անձը բացարձակ էական չի լինի, նա կլինի մեկը, ով խորհրդարանի կողմից լիազորված կլինի հանդես գալ որպես գործադիրի ղեկավար։ Խորհրդարանի հետ անհամաձայնության դեպքում վարչապետը կփոխարինվի։
Այսօր դժվար է պատկերացնել, որ խորհրդարանը (մեծամասնություն կազմող իմքայլականները) կարող է ընդդիմանալ Փաշինյանին, այսօր իշխանությունների լեգիտիմությունը հիմնվում է մեկ անձի հարիզմայի վրա, որը երկարատև կտրվածքով տանում է երկիրը զարտուղի ճանապարհով։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆԸ․
Ճգնաժամից դուրս գալու համար պետք է անել հետևյալը․
1․ Իշխանությունները նախաձեռնում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ վերափոխված ընտրակարգով ( «ռեյթինգային» համակարգի բացառմամբ և ցածր ընտրական շեմի կիրառմամբ), որպես իրական պառլամենտարիզմի հիմք։
2․ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից ձևավորում է կոալիցիոն կառավարություն, ընտրվում է «կոալիցիոն» վարչապետ։
3․ Նոր լեգիտիմ իշխանությունները, ունենալով ժողովրդի աջակցությունը, սկսում են նոր բանակցություններ Արցախյան հակամարտության հարցում արդարացի լուծում պարտադրելու համար։