Հետխորհրդային տրանսֆորմացիան Հայաստանում
Հետխորհրդային տրանսֆորմացիան այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին միութենական երկրների, այդ թվում նաև Հայաստանի քաղաքական համակարգում:
Մեր վերլուծության խնդիրն է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում անկախությունից հետ տեղի ունեցած փոփոխությունների ընդհանուր բնույթը, տրամաբանական կապվածությունը ու նշանակությունը: Հայաստանն այսօր գտնվում է մի կարգավիճակում, որն ընդունված է անվանել «անցումային շրջան», երբ երկիրը անցում է կատարում դեպի ժողովրդավարություն: Իսկ ինչպիսի պայմաններում է ընթանում այդ անցումը, ինչպիսի քաղաքական գործընթացներով է ուղեկցվում, ինչպիսի ինստիտուցիոնալ հիմնավորում է ստանում, ինչպիսի քաղաքական մշակույթ է ձևավորվում և այլն: Այս ամենը մեր վերլուծության հիմնական ուղենիշն է;
Խորհրդային Միության անկումը նշանավորվեց ժողովրդավարական արժեքների հաղթանակով, ամբողջատիրական համակարգը զիջեց իր դիրքերը, իսկ դրան փոխարինած ավտորիտար վարչակարգերը քիչ, թե շատ շարունակում են կայուն մնալ: Երբ «միակ խաղը քաղաքում» ժողովրդավարությունն է, ավտորիտար վարչակարգերն էլ իրենց ներկայացնում են որպես անցնումային շրջանում գտնվող երկրներ[1]:
Անցումային քաղաքական համակարգերի տիպաբանության հիմնահարցը կապված է քաղաքական արդիականացման (մոդեռնիզացման) հետ, վերջինս նկարագրում է անցումը ավանդական քաղաքական համակարգերից ժամանակակից համակարգերի (հատկապես լիբերալ-դեմոկրատիայի): 1980-ականների կեսերից անցումային ռեժիմների ուսումնասիրությունը կապված էր դեմոկրատիզացման` դեմոկրատիայի «երրորդ ալիքի» հետ: Չնայած որոշակի նույնացմանը, բայց ակնհայտ տարբերություն կա քաղաքական արդիականացման և ավտորիտար (տոտալիտար) համակարգերից ժողովրդավարականի անցման միջև: Գոյություն ունեցող երկու հայեցակարգից քաղաքական արդիականացումը նկարագրում է ավանդական կառույցների անցումը ժամանակակից քաղաքական կառույցների, իսկ դեմոկրատիզացիան (ժողովրդավարացումը) նկարագրում է «երրորդ ալիքի» հիմնահարցերը[2]:
Տրանսֆորմացիայի մեջ գտնվող համակարգերում առկա են մի շարք բարդությունները: Նախ աքաղաքական համակարգերը զարգացման մեջ են: Ուստի դժվար է միանշանակորեն մեկնաբանել դրանց հատկանիշները: Դրանք սովորաբար խառը տիպի համակարգեր են, ուստի ունեն և՛ ժողովրդավարական, և՛ ավտորիտար ռեժիմների գծեր:
Այդպիսի է իրավիճակը նաև Հայաստանում: Խորհրդային իշխանության տարիներին բոլոր միութենական հանրապետություններում խորհրդարանական համակարգերի փոխարեն հաստատված էր բյուրոկրատական-ամբողջատիրական համակարգ, որտեղ կոմկուսը հանդիսանում էր գլխավոր ինսիտուտը: Ամբողջատիրական իշխանությունը իրեն էր ենթարկել հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ 1990 թ., երբ գարնանը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գերագույն խորհուրդի նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը: Գերագույն խորհրդի նոր ընտրությունների հետևանքով Հայաստանում աստիճանաբար ձևավորվեց խորհրդարանական կառավարման համակարգը` միակուսակցական ղեկավարությամբ: «Ղարաբաղ» կոմիտեն 1989թ. համագումարում ձևավորեց նոր կուսակցություն` ՀՀՇ[3]: Ըստ էության սա մի շրջան էր, երբ փոփոխվում էր կառավարող մարմնի գաղափարախոսությունը, իսկ բուն կառուցվածքը՝ կուսակցական համակարգը մնում էր նույնը:
Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական զարգացումը, պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլերի` 1990-1995, 1995-1998 և 1998թ. հետո ընկած ժամանակաշրջան:
Առաջին փուլին բնորոշ էր հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում ՀՀՇ-ի բացարձակ գերակայությունը: Այդ տարիներին կատարվեցին տնտեսական և քաղաքական բնույթի մի շարք կարևոր փոփոխություններ: Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունեց «Անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբն» ազդարարող` Հայաստանի անկախության հռչակագիրը, որոշակիացրեց Հայաստանի պետական և հասարակական կառուցվածքի հիմնական սկզբունքները` իշխանությունների տարանջատում, սեփականության ձևերի հավասարություն, խոսքի, խղճի մամուլի, ժողովների, միտինգների, ցույցերի ազատություններ, քաղաքական բազմակարծություն, բազմակուսակցականություն, կուսակցությունների հավասարություն, զինված ուժերի և իրավապահ մարմինների ապաքաղաքականացում: Հռչակագիրը հիմք ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որդեգրեց 1918թ. մասիսի 28-ին ստեղծված Հայաստանի անկախ հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, Հայկական ԽՍՀ-ն վերանվանեց Հայաստանի Հանրապետություն, ի լուր աշխարհի հայտարարեց, որ ՀՀ ամբողջ տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, հռչակեց «Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որը վարելու էր անկախ արտաքին քաղաքականություն»[4]: Հռչակագիրը հիմք հանդիսացավ ՀՀ նոր Սահմանադրության: Այս շրջանն ավելի շուտ ենթադրում էր առաջնային անցում ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում, չմոռանանք նաև, որ այս շրջանում էր, որ երկիրը պատերազմական վիճակում էր, ուստի պետության հիմնական նպատակը ռազմական խնդիրներին էին ուղղված: Հայաստանում իշխանությունները կանգնած էին, մի կողմից` պետականության ստեղծման, մյուս կողմից` ամբողջատիրական, վարչահրամայական սոցիալիստական համակարգից ժողովրդավարական-իրավական համակարգին անցնելու մարտահրավերների առջև: Այս փուլում կառավարող կուսակցությանը` ՀՀՇ-ին, առավել հետաքրքրում էր իր իշխանությունը ամրապնդելու խնդիրը: Այդ նպատակով նախապատրաստեց հանրապետության նախագահի մասին օրենքի նախագիծ և ներկայացրեց Գերագույն խորհրդի քննարկմանը: Փաստորեն ՀՀՇ-ն իրականացնում էր խաղաղ ճանապարհով պետական հեղաշրջում` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կատարելով նախագահականին: Այդպես էլ եղավ: Առանց ժողովրդի կամքը հարցնելու Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 1-ին ընդունեց այդ օրենքը: Մինչ այդ Գերագույն խորհրդի նախագահությունը 1991թ. հունիսին ընդունել էր որոշում ՀՀ-ում նախագահի պաշտոն հիմնելու մասին, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահի ընտրություններն անցկացնել 1991թ. հոկտեմբերի 16-ին: Գերագուն խորհուրդը ընդունեց օրենք ՀՀ ամբողջ տարածքում հանրաքվե անցկացնելու մասին, որը նշանակվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին: Այս հանրաքվեով ՀՀ-ը, ամբողջ ժողովրդի կամքն արտահայտելով, դուրս եկավ ԽՍՀՄ կազմից: Այդ օրն էլ համարվեց ՀՀ անկախության օր: Սա արդեն տրանսֆորմացիոն երկրորդ նշանակալի քայլն էր, երբ ըստ էության ձևավորվում էր միանձնա կառավարման կար՝ նախագահական երկիրը: Սովորաբար տրանզիտային շրջանում գտնվող երկրների համար անհրաժեշտ է քաղաքական իշխանության վճռականությունն ու քաղաքական կամքը, որը մեկ անձի մոտ շատ ավելի վառ կարող է արտահայտված լինել, քան ողջ խորհրդարանի: Այդպիսով երկրում ուժեղացավ նախագահական իշխանությունը:
1990-1991թթ. խորհրդարանի ընդունած օրենքներով և որոշումներով աստիճանաբար ձևավորվում էին պետական իշխանության մարմինները, կարգավորվում էր հասարակական կյանքի տարբեր ոլորտների կառավարման համակարգը: Հանրապետությունում պետական իշխանության բարձրագույն մարմինը դարձավ Գերագույն խորհուրդը: Վերջինս ձևավորեց նաև անկախ հանրապետության կառավարություն` վարչապետի գլխավորությամբ, նաև` նոր դատական իշխանություն: Երկրի պետական և միջպետական հարաբերություններին առնչվող բոլոր հիմնահարցերը քննարկվում և լուծվում էին խորհրդարանի միջոցով: Ստեղծվեց 15 մշտական գործող պատգամավորական հանձնաժողովներ, որոնց կազմում աշխատում էին 112 պատգամավորներ: Փաստորեն ձևավորվում էր Հայաստանում երրորդ խորհրդարանական կառավարման համակարգը, որը գործեց մինչև 1991թ. հոկտեմբերը, այսինքն` հանրապետության նախագահի և փոխնախագահի ընտրությունները: Ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթանակ տարան ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պողոսյանը և փոխնախագահ Գ. Հարությունյանը: Սկսեց ձևավորվել նախագահական ինսիտուտը, որը շարունակում է գործել առ այսօր:
«Հանրապետության նախագահի մասին» 1991թ. օրենքով խորհրդարանի շատ լիազորություններ անցան նախագահին: Օրենքում ասվում էր, որ ՀՀ նախագահը հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձն է և գլխավորում է գործադիր իշխանությունը: Նա ներկայացնում է ՀՀ-ն երկրի ներսում և միջազգային հարաբերություններում, ընտրվում է հինգ տարին մեկ անգամ, չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել ՀՀ նախագահի պաշտոնում:
Նախագահական կառավարման քաղաքական համակարգի ձևավորումը ենթադրում էր ընդունել նաև օրենք Գերագույն խորհրդի մասին: 1991թ. նոյեմբերի 19-ին խորհրդարանն ընդունեց օրենք «ՀՀ Գերագույն Խորհրդի մասին»: Իսկ Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին», և ՀՀ-ում սկսեցին ձևավորվել և՛ կուսակցություններ, և՛ հասարակական կազմակերպություններ, որոնք ըստ էության կազմում են ժողովրդավարական համակարգի հիմնական բջիջը: 1991-1995 թթ. արդեն գործում էին շուրջ 50 քաղաքական կուսակցություններ և 1000-ից ավելի հասարակական կազմակերպություններ: Հանրապետության անկախացումից հետո ժողովուրդն ընտրեց ժողովրդավարական ուղին, որի պայմաններից մեկը տնտեսության բազմակացութաձևությունն էր: Որպես ժողովրդավարական հանրապետություն, Հայաստանը որդեգրել է ազատ շուկայական տնտեսության համակարգը, որի սյուներն են մասնավոր սեփականությունը, գնագոյացման համակարգը և մրցակցությունը: Հայաստանում գործում է առաջարկի և պահանջարկի շուկայական օրենքը[5]:
Օրենքների ընդունումով փաստացիորեն ինստիտուցիոնալ ամրագրում էր ստանում առկա քաղաքական իրավիճակն ու ուժային հարաբերակցությունը: Սա թերևս կարևորագույն իրավաբանական ձեռքբերումն էր:
ՀՀ-ն 1990-1995թթ. ունեցել է կառավարման երկու համակարգ` սկզբում խորհրդանարական, իսկ հետո` նախագահական: ՀՀ քաղաքական համակարգն ունի և՛ խորհրդարանական, և՛ նախագահական համակարգերին բնորոշ գծեր: ՀՀ քաղաքական զարգացման երկրորդ փուլն սկսվում է ՀՀ սահմանադրության ընդունման և նոր խորհրդարանական ընտրություններով: Խորհրդարանը կոչվեց Ազգային Ժողով, որի 190 պատգամավորներից 150 ընտրվել էին մեծամասնական, իսկ 40` համամասնական ընտրահամակարգով: Նախագահական կառավարման քաղաքական համակարգում պահպանվեց ՀՀՇ-ի մենաշնորհ իշխանությունը, որպես գլխավոր ուժ: 1995թ. գարնանը ՀՀՇ-ն ստեղծեց վեց կուսակցությունների դաշինք, որը ստացավ «Հանրապետություն» անունը: Սա հետապնդում էր երկու նպատակ. նախ ցույց տալ հանրությանը, ու ՀՀՇ-ն միայնակ չի կառավարում երկիրը, ստեղծել է կոլեգիալ բանականությամբ մի մարմին և երկրորդ` նախապատրաստական այնպիսի աշխատանք կատարել, որպեսզի եկող` 1996թ. նախագահական ընտրություններում ապահովի Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակը:
1996թ. սեպտեմբերին տեղի ունեցան հանրապետության նախագահի նոր ընտրություններ: Նախագահ հռչակվեց Լ. Տեր-Պետրոսյանն, որից հետո ժողովրդական դժգոհություների ալիք բարձրացավ: Սա արդեն նոր միտում է դարձել Հայաստանի քաղաքական համակարգի համար, որ ընտրություններից հետո ժողովրդական զանգվածների հուզումներ են սկսվում, մինչև օրս էլ բոլոր նախագահական ընտրություններից հետո նման հուզումներ եղել են, բացառություն էր միայն 1998 թվականը: 1998թ սկզբին Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որով և ավարտվեց ՀՀՇ-ական իշխանությունը Հայաստանում: Պետք է շեշտադրել, որ հրաժարականի պատճառը արտաքին քաղաքական կուրսի մեջ էր, մասնավորապես Ղարբաղյան հիմնախնդրի: Այսինքն կարող ենք եզրակացնել, որ մեծ հաշվով հայաստանում իշխանափոխության հիմքը դարձավ արտաքին գործոնը, այլ ոչ թե ժողովրդավարական գիտակցությունն ու մշակույթը:
1998թ. ՀՀ-ում տեղի է ունենում նախագահական արտակարգ ընտրություններ, որի արդյունքում նախագահ է ընտրվում Ռ. Քոչարյանը: 1998թ-ից մինչև օրս որոշակի տեղաշարժեր եղան երկրի տնտեսության, մշակութային, քաղաքական կյանքի և այլ ոլորտներում, փոխվեց իշխանությունների վերաբերմունքը քաղաքական կուսակցությունների նկատմամբ, ընդունվեց ընտրական նոր օրենսգիրք, տեղի ունեցան տնտեսության կառուցվածքային փոփոխություններ, սեփականաշնորհման գործընթացը դրվեց օրինականության հիմքի վրա, կարգավորվեցին ազատ շուկայական հարաբերությունները: Արտաքին հարաբերություններում ևս կատարվեցին որակական տեղաշարժեր. ՀՀ դերը զգալիորեն աճեց աշխարհի եվրոպական մասում: ՀՀ-ը դարձավ Եվրախորհրդի անդամ: ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ հնչեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս բոլորը զուգորդվում է երկրում ժողովրդավարության զարգացմամբ:
1999թ. Կ. Դեմիրճանը դարձավ Ազգային Ժողովի նախագահ, իսկ Վ. Սարգսյանը` վարչապետ: Սկսեց ձևավորվել այսօրվա գործող իշխանության համակարգը: Կարծես երկրում հաստատվում էր զսպումների ու հակակշիռների բավականին գործուն մեխանիզմ, թե հիմնվում էր ղեկավար անձանց հեղինակության վրա: Սակայն հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո իրավիճակը արմատապես փոխվեց, երկրի ողջ իշխանական լծակները մնացին նախագահի ձեռքում: 2003 թվականի նոր նախագահական և խորհրդարանական ընտրությունները ոչ մի էական փոփոխություն չբերեցին[6]: Քոչարյանի կառավարման շրջանում, ըստ էության, երկիրը ուժեղ նախագահական համակարգի ազդեցոթյան տակ էր, կուսակցական ուժերը կարծես երկրորդական պլան էին մղված, դրա հիմնական պատճառն էլ այն էր, որ նախագահն կուսակցական չէր:
Հայաստանի Եվրոպական ինտեգրացիոն գոծընթացի արդյունքը եղավ սահմանադրական փոփոխությունները 2005 թվականին, որով կրճատվում էր նախագահի լիազորությունները: Այսինքն Հայաստանը կրկին սկսեց անցում կատարել դեպի պառլամենտարիզմի համակարգի, սակայն այստեղ էլ թելադրող դիրքում էր գտնվում կրկին արտաքին գործոնը, մասնավորապես պառլամենտարիզմը արժեք էր դիտարկվում եվրոպական ընտանիքի կողմից և ի վերջո 2005 թվականի սահմաանդրական փոփոխությունների անհրաժեշտությունը կրկին պարտադրված էր Եվրոպայի կողմից:
2008 թվականից նախագհ ընտրվեց, ապա 2013 թվականին վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Ս. Սարգսյանի նախագահությունը նախ աչքի ընկավ այն հանգամանքով, որ կուսակցական պատկանելությունը սկսեց կարևոր նշանակություն ստանալ: Երկրի ղեկավարը միաժամանակ նաև Հանրապետական կուսակցության առաջնորդն էր, իսկ ՀՀԿ-ն միաժամանակ մեծամասնություն ուներ ոչ միայն Ազգային ժոովում, այլև տեղական ինքնակառավարման համակարգում: Այսինքն 2008 թվականից երկիրը ավելի շուտ սկսեց կրկին կուսակցական կառավարման համակարգ ստանալ: Թեև նախագահի լիազորությունները կրճատվել էին, սակայն նախագահը ղեկավարում էր նաև խորհրդարանական մեծամասնություն կազմող «Հանրապետական» կուսակցությունը, որը ըստ էության հնարավորություն էր տալիս կրկին մեկ անձի ձեռքում պահել երկրի ողջ իշխանությունը:
Այդպիսով կարող ենք ընդհանարացնել, որ նախ Հայաստանի քաղաքական համակարգը առանձնապես չի տարբերվում արևմտյան քաղաքական համակարգերից: Բայց որակական իմաստով ՀՀ քաղաքական ուժերն ու կազմակերպությունները ներազգային կյանքի կազմակերպման ու կարգավորման գործում դեռևս չեն կատարում նույն դերը ու նշանակությունը: Հասարակության մեծամասնությունը դեռևս չի շփվում կուսակցական կառույցների հետ և իր շահերի և արժեքային կողմնորոշումների պաշտպանությունը այդ կառույցների մեջ չի տեսնում: Եթե անգամ նրանց միջև կապ կա, ապա միայն միջնորդավորված` կուսակցական մամուլի և այլ լրատվամիջոցների միջոցով, որոնք նաև միշտ չէ, որ տալիս են իրավիճակի ադեկվատ արտացոլումը: Հասարակության մեջ գաղափարական խոր արմատներ չունենալու պատճառով հաճախ կուսակցությունները քաղաքական թատերաբեմից հեռանում են իրենց լիդերի ձախողման հետ մեկտեղ: Այսօր արդեն միանշանակորեն կարելի է ասել, որ անցումային հասարակություններից շատերում բազմակուսակցական համակարգը էապես չազդեց հասարակական կյանքի ժողովրդավարացման վրա[7]: Բոլոր դեպքերում, նրանց գործունեությունը չարդարացրեց հասարակության մեծամասնության սպասումները: Ավանդական-փակ հասարակությունից ժողովրդավարական-բաց հասարակության անցման ներկա փուլում արմատապես փոխվել է քաղաքական ինստիտուտների, սոցիալական խմբերի ու անհատների փոխհարաբերությունների բնույթն ու բովանդակությունը: Հայաստանի քաղաքական համակարգում իշխում է այն մտայնությունը, թե, ի տարբերություն պետական համակարգի, քաղաքական կուսակցությունների գործունեությունը մասնավոր ոլորտ է և ենթակս չէ ո՛չ պետական, ո՛չ էլ, առավել ևս, հասարակական վերահսկողության:
Անկախությունից հետ երկրի քաղաքական ռեժիմը ենթարկվեց որոշակի տրանսֆորմացիայի: Սկզբում կոմունիստական կուսակցությանը փոխարինեց նոր գաղափարախոսությամբ հանդես եկող Հայոց համազգային շարժումը, որն աստիճանաբար դրեց նախագահական կառավարման հիմքերը: Սակայն ՀՀՇ-ական կառավարման ավարտն ազդարարեց Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ եղած տարաձայնությունները: 1998-2008 թվականներին երկիրը կոնկրետ մեկ կենտրոնից էր կառավարվում, գործում էր ուժեղ նախագահական համակարգ, որը կրկին արտաքին քաղաքական պայմաններից ելնելով ինստիտուցիոնալ վերափոխման ենթարկվեց, 2005 թվականի սահմանադրության փոփոխություններով երկրում հաստատվեց կիսանախագահական համակարգ: Իսկ արդեն 2008 թվականից Հայաստանում կրկին սկսեց վճռորոշ դեր խաղալ կուսակցական կառավարումը, թե իշխող Հանրապետական կուսակցության ներսում ներքին ասիմետրիա կա, գործող նախագահը կամքը առաջնային է: Ընդհանուր առմամբ այսօր էլ հնարավոր փոփոխությունների հնարավորությունը կապված է արտաքին քաղաքական գործընթացներով, երկրի ինտեգրացիոն կողմնորոշմամբ:
[1] Այդ մասին մանրամասն տե՛ս Լինց Խ., Ալֆրեդ Ս. Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա և հետկոմունիստական Եվրոպա, Եր., Կովկասի ինստիտուտ, 2011, էջ 480-521:
[2] Сморгунов Л. В. Сравнительная политология: Теория и методология измерения демократии. — СПб.: Издательство С.-Петербургского университета, 1999, էջ 110-111:
[3] ՀՀՇ-ի մասին մանրամասն տե՛ս http://www.anm.am
[4] Հայաստանի անկախության մասին հռչակագրի տեքստ տես՛ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2602
[5] Թամազյան Ա., Հայոց պետականության և քաղաքական համակարգի կայացումը, Եր., 2006, էջ 339
[6] Նույն տեղում, էջ 341:
[7] Հարությունյան Է., Քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրները անցումային հասարակությունում, Եր., 2003, էջ 66: