Քրդական պետության ձևավորման հիմնախնդիրը. լոկալ, ռեգիոնալ և գլոբալ գործոնները
2017 թ․ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն. մասնակցությունը կազմել է 72,1 տոկոս (3,3 մլն մարդ), ընտրողների մեծամասնությունը կողմ են արտահայտվել անկախությանը` ըստ նախնական արդյունքների [1]:
Իրաքյան իշխանություններն այս պլեբիսցիտը հակասահմանադրական են համարում, ակնհայտ է՝ կոնֆլիկտային իրավիճակը խորանալու զգալի նախադրյալներ է ստանում: Սակայն այս խնդիրը միայն լոկալ նշանակություն չունի, այն զգալիորեն ազդում է ռեգիոնալ և գլոբալ քաղաքական գործընթացների վրա:
ՔՐԴԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ.
Քրդերն իրենց պետականությունը չունեցող ամենամեծ ազգային փոքրամասնությունն են աշխարհում: Տարբեր տվյալներով քրդերի թիվը տատանվում է 30-45 մլն—ի շրջանակներում (ըստ Փարիզի քրդական ինստիտուտի[2] և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության[3] տվյալների), բաշխված են հիմնականում մերձավորարևելյան չորս երկրներում.
Թուրքիա՝ 14,3-20 մլն (Հյուսիսային Քուրդիստան),
Իրան՝ 8-12 մլն (Արևելյան Քուրդիստան),
Իրաք՝ 5,6-8,5 մլն (Հարավային Քուրդիստան),
Սիրիա – 2-3,6 մլն (Արևմտյան Քուրդիստան):
Այս երկրների քրդաբնակ տարածքների համահավաքը քրդերն անվանում են «Քուրդիստան», որը կազմում է շուրջ 500 հազար քկմ (համեմատության համար նշենք, որ գրեթե այդքան է Իսպանիայի տարածքը):
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ.
Հասկանալի է, որ քրդերի հավակնոտ նպատակները դատապարտված են, քանի որ բախվում են ռեգիոնալ տերությունների (Թուրքիայի և Իրանի) շահերի հետ: Միասնական Քուրդիստանի ձևավորումը հնարավոր է միայն գլոբալ վերափոխումների ու աշխարհաքաղաքական դերակատարների շահագրգռվածության պայմաններում:
Իսկ Քուրդիստանի որևէ հատվածի անկախացումը կարող է տարածաշրջանի համար լուրջ ապակայունացնող ազդեցություն ունենալ:
Անկախության դրոշը բարձրացնելու թիրախային երկիրը Թուրքիան է, քանի որ քրդական ամենամեծ համայնքն այդ երկրում է ու հենց նրանց շուրջ պետք է միավորվեն մյուս տարածքները: Այդ նպատակով էր առաջնորդվում Քրդական բանվորական կուսակցությունն ու դրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, սակայն 20-րդ դարի վերջին քառորդում սուվերենության համար պայքարն արդյունք չտվեց: Հիմնական պատճառն այն էր, որ աշխարհաքաղաքական ուժերին ցանկալի չէր Անկարայի հետ հարաբերությունների վատթարացմամբ, իսկ Թուրքիան էլ բավականին զորեղ էր քրդերի ճնշելու համար: Ակնհայտ է, որ քրդերի նկրտումներն անարդյունք կլինեն, եթե տիտղոսակիր երկրների իշխանությունները ուժեղ են (օրինակ Սադամ Հուսեյնի կողմից ղեկավարվող Իրաքում քրդերն անգամ չէին կարող երազել անկախության մասին):
Քրդերի համար անկախացման հնարավորություն ընձեռեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերջին տարիների ընթացքում կարողացավ գրավել Իրաքի ու Սիրիայի զգալի տարածքներ: Այդ շրջանում էր, որ քրդերն իրենց հողերը պաշտպանելու համար զինվեցին ու պայքարեցին հանուն իրենց ինքնուրույնության:
ԻԼԻՊ-ի պարտության միտումներին պայմաններում տարածաշրջանում առաջանում է «ազդեցության վակուում», որից օգտվելով՝ քրդերը փորձում են կազմավորել իրենց պետականությունը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Իրաքում և Սիրիայում քրդերն ունեն և՛ բավարար զենք, և՛ իրենց կողմից ղեկավարվող ամբողջական տարածք առանձին պետություն ձևավորելու համար: Սակայն սիրիական ու իրաքյան Քուրդիստանների ձևավորումն ու հավանական միավորումը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար:
Դրանից ելնելով՝ Անկարան հնարավոր բոլոր միջոցներով զրոյացնում է Սիրիական Քուրդիստանի անկախացման նկրտումները, իսկ միայն Իրաքյան Քուրդիստանի առկայությունը ոչ միայն սպառնալիք չի լինի, այլև կարող է ծառայել ի նպաստ Թուրքիայի:
Հարավային Քուրդիստանն արտաքին աշխարհի հետ կապնվելու համար հարկադրված կլինի թրքահաճո քաղաքականություն վարել, նավթ արտահանելու համար անհրաժեշտություն կառաջանա համաձայնության հասնելու Թուրքիայի հետ՝ այդ երկրի տարածքով համաշխարհային շուկա դուրս գալու համար:
Մյուս կողմից «անկախ» հռչակված քրդական պետության գոյությունը Անկարայի համար կդառնա իր երկրի ներսում արմատական քրդական տարրից ազատվելու գործում «կամավոր աքսորավայր», բացառված չէ նաև թուրքաբնակ քրդերի արտահոսքն «ինքնահռչակ» Քուրդիստան, ինչը ևս Թուրքիայի շահերից է բխում:
ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ.
Միջազգային հանրությունն ու խոշոր տերությունները կողմնակից չեն Մերձավոր Արրևելքում ստատուս քվոյի վերափոխմանը, գլոբալ դերակատարներն իրատեսական են համարում դաշնային Իրաքի կայացում, որում քրդերը կունենալ լայն ինքնավարություն: Բացառված չէ, որ ինչ-որ պահի քրդերը Բաղդադի հետ բանակցեն հենց այդ տրամաբանությամբ:
Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո կդառնա հերթական չճանաչված հանրապետությունը՝ լինելով հարատև կոնֆլիկտի գոտի: Իրաքի տարածքային ամբողջականությունն ապահովելու մասին խոսելն անհիմն կլինի այնքան ժամանակ, քանի դեռ քրդերը վերահսկում են նավթային հարուստ պահուստներ ունեցող Քիրքուք քաղաքն ու հարակից շրջանները: Այդ նավթն Իրաքյան Քուրդիստանի ինքնաբավության երաշխիքն է, ուստի և անկախության առանցքային նախադրյալը:
Այնուհանդերձ պետք է նշել, որ անկախ տարածաշրջանային զարգացումներից «Քուրդիստան» պետություն կարող է հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա, եթե դա նպատակահարմար լինի գերտերություններին՝ մասնավորապես ԱՄՆ-ին:
[1] http://www.rudaw.net/RefLanding.aspx?pageid=329292
[2] http://www.institutkurde.org/en/info/the-kurdish-population-1232551004
[3] Դիտեք ըստ երկրների՝ Թուրքիա, Իրան, Իրաք և Սիրիա. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/