Բունդեսթագի ընտրությունների արդյունքները. Գերմանիայի հետպատերազմյան կուսակցական համակարգը վերափոխվում է
Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրությունն էին: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 76.2 տոկոսը (61,5 մլն մարդ):
Գործող կանցլեր Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող Քրիստոնյա-դեմոկրատական միության և Քրիստոնյա-սոցիալիստական միության (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը ստացել է ձայների 33,2 տոկոսը (246 մանդատ), ի համեմատություն նշենք, որ նախորդ՝ 2013 թվականի ընտրությունների արդյունքում դաշինքը ստացել էր 41,5 տոկոս քվե (311 մանդատ):
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի կողմից ղեկավարվող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ստացել է ընտրողների ձայերի 20,4 տոկոսը (153 մանդատ), մինչդեռ նախորդ ընտրություններում կուսակցությունը ստացել էր 25,7 տոկոս (193 մանդատ):
Նախորդ ընտրությունների համեմատությամբ զգալիորեն աճել են փոքր կուսակցություններն տրված քվեների թիվը:
Ազգայնական, եվրասկեպտիկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը դեռ նախորդ ընտրություններին չէր կարողացել հաղթահարել անցողիկ շեմը (ստացել էր 4.7 տոկոս), այժմ ունի գերմանացիների 13 տոկոսի քվեն (94 մանդատ):
Ազատական «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» ևս նախկին գումարման Բուդեսթագում տեղ չուներ (ստացել էր 4.8 տոկոս), այժմ ունի 10,7 տոկոս քվե (80 մանդատ):
«Ձախերը» ևս որոշակիորեն ամրապնդել են իրենց դիրքերը, եթե 2013 թվականին ստացել էին 8,6 տոկոս (64 մանդատ), ապա այժմ ունեն 9,1 տոկոս (69 մանդատ):
«Կանաչները» նույնությամբ փոքր-ինչ ավելացրել են իրենց ազդեցությունը, եթե նախորդ ընտրություններին ունեին 8,4 տոկոս (63 մանդատ), ապա այժմ ստացել են 9 տոկոս քվե (67 մանդատ):
Ընտրությունների մասին ընդհանրական կարող ենք նշել, որ «Ձախերն» ու «Կանաչները» պահպանում են իրենց էլեկտորատը, նշանակալի առաջընթաց են արձանագրել ազգայնականներն ու ազատ դեմոկրատները, մինչդեռ առաջատար ՔԴՄ/ՔՍՄ դաշինքն ու Սոցիալ-դեմոկրատները զգալիորեն կորցրել են իրենց դիրքերը:
Այս արդյունքները խոսում են այն մասին, որ Գերմանիայի կուսակցական համակարգը վերափոխման է ենթարկվում: Երկրորդ աշխարհամարտից ի վեր հաստատված այսպես կոչված «երկուսուկես» կուսակցական համակարգը փոփոխվում է: Նախկինում առաջատար կուսակցությունները (ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ) հարկադրված էին իշխանություն ձևավորելու համար կոալիցիա կազմել որևէ փոքր կուսակցության հետ, այժմ այդ մեխանիզմը այլևս չի գործում:
Երկու խոշոր կուսակցությունները կարող են լավագույն դեպքում ձևավորել «մեծ կոալիցիա», սակայն անգամ այդ դեպքում հարկադրված են հաշվի նստելու փոքր կուսակցությունների հետ:
Եթե բացառում ենք «մեծ կոլաիցիայի» ձևավորում, ուրեմն Քրիստոնյա-դեմոկրատներն լուրջ խնդիր ունեն հուսալի կոալիցիոն գործընկերների ընտրության հարցում, ինչի համար հարկադրված կլինեն գնալու զգալի զիջումների: Այժմ ամենայն հավանականությամբ Անգելա Մերկելը կոալիցիա կձևավորի Ազատ դեմոկրատների և Կանաչների հետ, իսկ Սոցիալ-դեմոկրատները կանցնել ընդդիմադիր դաշտ:
Սկզբունքորեն պարզ է, որ Գերմանիան աստիճանաբար անցում է կատարում բազմակուսակցական համակարգի և ներկա միտումների պահպանման դեպքում տեսականորեն բացառված չէ, որ արդեն հաջորդ ընտրություններին փոքր կուսակցությունները կկարողանան նոր խաղի կանոններ թելադրել: