Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գործունեության կարևորությունը
Հայոց ցեղասպանության արդյունքում հայության զգալի մասը հայրենալքվեց՝ հաստատվելով տարբեր երկրներում: Իսկ հայրենիքի մի փոքր հատվածը (Արևելյան Հայաստանը) սկսած 1922 թվականից փաստացի ու իրավաբանորեն անկախ չէր, գտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Սակայն հայոց պահանաջատիրության ու հայ դատի միակ պայքարողը սփյուռքն էր, Խորհրդային Հայաստանում նման օրակարգային խնդիր չկար դրված:
Ստացվում է, որ հայկական պետականության բացակայության պայմաններում, հայությունը իրական լծակ չուներ միջազգային քաղաքական թատերաբեմում ընդունված իրավական ընթացակարգերով առաջ քաշելու իր պահանջները, իսկ սփյուռքն էլ որպես այդպիսին միասնական ղեկավարման մարմին չուներ, որը լիազորված լիներ հանդես գալու բոլոր սփյուռքահայերի անունից: Պետք է նշել, որ հայ դատը, հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բոլոր հայերի նվիրական տեսլականն է, այլև արտերկրում հայապահպանության կարևորագույն խթան:
1970-ականներին՝ Հայոց ցեղասպանությունից ավելին քան կես դար անց սփյուռքը ծանր իրավիճակում էր գտնվում. Սառը պատերազմի իրողությունը իր կանոններն էին թելադրում ու հայկական արդարացի պահանջները անցել էին երկրորդական պլան: Սփյուռքն ինքնին կանգնած էր ուծացման եզրին, անհրաժեշտություն էր զգված հայապահպանական նոր ազդակի: Ինչն էլ իրեն երկար չսպասեցրեց, 1975 թվականին ձևավորվեց ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (Armenian Secret Army for the Liberation of Armenia), որը ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն էր։
ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ-ի) նպատակն է զինված գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23 թվականների ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, թուրքական ավիաընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։ ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից (Սիրիա, Լիբանան, Հունաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա)։
ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ էին Թուրքիային, և բարեկամ` բոլոր հեղափոխական շարժումներին՝ սերտորեն գործակցելով քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ։ ՀԱՀԳԲ-ը գտնում էր, որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամտի սփյուռքի պահանջատիրական խնդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն հայ ժողովրդի ցանկության։
ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, ով անձամբ ականատես է եղել Մեծ Եղեռնին ու ազգի վրեժի զգացումը միշտ ապրել է նրա մեջ: Որպես իրական արարող հայ՝ Յանիկյանը նաև ինժեներ, գրող (արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին) է եղել: Մասնագիությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, ապա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ուր մի քանի նովելներ է հրատարակել («Հուդա Իսկարիովտացու տրիումֆը», «Քրիստոսի ծնունդը», «Ամերիկացու ձայնը և այլն»): 77 տարեկան հասակում՝ 1973 թվականի հունվարի 27-ին Յանիկյանը ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց է հրավիրել Լոս Անջելեսում թուրքական գլխավոր հյուպատոսին՝ 49-ամյա Մեհմեդ Բայդուրին և փոխհյուպատոս 31-ամյա Բահադուր Դեմիրին՝ խոստանալով թուրքական կառավարությանը արվեստի գործ նվիրել (ի դեպ 1972 թվականին Յանիկյանը ԱՄՆ-ից այցելել է Հայաստանը՝ Մարտիրոս Սարյանի անվան տուն-թագարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը , որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած): Սակայն դրա փոխարեն սպանել է հյուպատոսին և փոխհյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց ցեղասպանության համար: Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Դատարանում Գուրգեն Յանիկյանն ասել է. «Ես երկու մարդ չեմ սպանել, այլ երկու չարիք եմ ոչնչացրել: Ինձ համար նրանք մարդ չէին»:
Յանիկյանն հույս ուներ, որ դատական գործընթացը հնարավորություն կտա հաստատելու ցեղասպանության փաստը (այդ ժամանակ դեռ կային բազում վկաներ ցեղասպանության ահարկու դեպքերի), սակայն դատախազ Դևիվ Մինները այդ հնարավորությունը չտվեց: Յանիկյանն հանդես եկավ որպես ցեղասպանության միակ վկան, նրան ուղեկից էր ընկերն ու թարգմանիչը՝ Արամ Սարոյանը: Նա պատմել է, թե ինչպես են սպանվել նրա 26 բարեկամները, թե ինչպես է նա թաքնվել ու ականատես եղել, որ թուրքերը եղբոր կոկորդը կտրում են: Նա հայտարարեց, որ թուրք դիվանագետներին սպանել է որպես «իր ազգը ոչնչացրած կառավարության» ներկայացուցիչների: 1973 թվականին հուլիսին այնուհանդերձ Յանիկյանը դատապարտվեց ցմահ բանտարկությանը: 1984 թվականին ազատվեց բանտից առողջության պատճառով, Թուրքիան հանդես էր եկել Յանիկյանի ազատման դեմ վճռորոշ բողոքով: Ազատումից մոտ մեկ ամիս անց Յանիկյանը մահացավ, սակայն նրա գործն իր արձագանքը գտավ հայորդիների շրջանում:
ԱՍԱԼԱ-ն սկզբնական շրջանում կոչվում էր «Գուրգեն Յանիկյան դատապարտյալի խումբ»: Կազմակերպությունն ահաբեկչական գործողությամբ առաջին անգամ գործել է 1975 թվականին: ՀԱՀԳԲ-ի ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կառույցների անգործության հանդեպ: Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին (Հայկական Հարց Հանրագիտարան, Երևան, 1996, էջ 209-211):
ԱՍԱԼԱ-ի մեծամասշտաբ օպերացիաները կյանքի կոչվեցին 1970-ականներից մինչև 1990-ականների սկիզբը: Մինչև այն պահը, երբ կազմակերպությունը տարանջատվեց, նրանից առանձնացավ «ՀԱՀԳԲ վերփոխված շարժումը», որին էր հարում նաև Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:
ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողություններն ունեին եռակի բնույթ.
- Անձնասպան մարտական խմբերի թռուցիկ գործողություններ,
- Հարձակումներ թուրքական դիվանագետների վրա,
- Թուրքական հաստատությունների գնդակոծումներ:
ՀԱՀԳԲ-ի եռանդուն գործողությունները ու դրանց միջազգային արձագանքները արթնացրին Սփյուռքին: Թմբիրից դուրս եկան անգամ այն գաղթօջախները, որոնք ազգային-ազատագրական շարժումներին մասնակցելու առումով համարվում էին «հանգած»: Այդպիսիներից էր հնդկահայ գաղութը: 1982թ. ապրիլին այստեղ ստեղծվեց ՀԱՀԳԲ-ի համակիր խումբ, որը սկսեց հրատարակել «Հայաստան-Սարդարապատ» թերթը ու դարձավ ԱՍԱԼԱ-ի մասնաճյուղ Հնդկաստանում: Նրա օրինակին հետևեց հայ ուսանողների միությունը, որը ստեղծեց անգլերեն լեզվով «Հայաստան-Արարատ» թերթը: 1983թ. հունվարի 2-ին «Հայաստան-Սարդարապատը» գրեց. «ԱՄՆ-ից մինչև Պարսկաստան և Անգլիայից մինչև Հունաստան ընկած տարբեր գաղութների մեջ այսօր երիտասարդութիւնը համախմբուած ստեղծել է ժողովրդային շարժումներ ու քաղաքականապես նեցուկ է կանգնած հայ վերածնուած յեղափոխական պայքարին…
Հնդկահայութիւնս հասկացողութիւնը ունեինք և հասկացանք ու ըմբռնեցինք հայ ժողովրդիս պայքարը ու այսօր հպարտորեն կը գանք մեր պարտականութիւնը կատարելու, մեր մասնակցութիւնը բերելու հայ ժողովրդի վերածնուած ազատագրական պայքարին ու նեցուկ կանգնելու ՀԱՀԳԲ-ին»[3]:
ԱՍԱԼԱ-ն ներփակված շարժում չէր, այլ ձգտում էր եռանդուն մասնակցություն ունենալ տվյալ երկրի ժողովրդի պայքարին ընդդեմ շահագործման, բռնաճնշումների ու հալածանքների: Այսպես, օրինակ, նա մասնակցում էր Կիպրոսի հույն բնակչության պայքարին: Սակայն ՀԱՀԳԲ-ի բնույթից բխող առանձնահատկությունները ինչ արագությամբ նրան միջազգայնացրեցին, նույն արագությամբ էլ նրա դեմ հանեցին հզոր ուժերին: Այն երկրների պետական կառույցները, որտեղ ստեղծվում էին ՀԱՀԳԲ-ի ջոկատներ կամ համակիր կառույցներ, ամեն ինչ անում էին դրանք վերացնելու, նվազագույնը՝ դրանց վրա ճնշում բանեցնելու, որպեսզի շարժումն ապաքաղաքականացվեր կամ ԱՍԱԼԱ−ի ներկայությունը սահմանափակվեր տվյալ երկրի հայկական գաղութով, այդ գաղութի հոգսերով, այսինքն թույլ չտալու, որ շարժումը վերածվեր ազատագրական պայքարի հզոր միջոցի:
Բայց միջազգային հետադիմությանը չհաջողվեց կասեցնել ՀԱՀԳԲ-ի հաղթարշավը: Մեկը մյուսի հետևից ասալայական ջոկատներ ձևավորվեցին Ֆրանսիայում, Պարսկաստանում, Կիպրոսում, Անգլիայում: 1981թ. ՀԱՀԳԲ-ը մուտք գործեց Հյուսիսային Ամերիկա: Իրար հետևից կազմակերպություններ ստեղծվեցին Տորոնտոյում, Մոնրեալում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, որոնք միավորվեցին Ազատ հայ ակումբներում: Հոկտեմբերի 3-ին Ազատ հայ ակումբ բացվեց նաև Վաշինգտոնում:
Սակայն Վաշինգտոնին չհաջողվեց ուղղորդել ՀԱՀԳԲ-ը և հարձակման անցավ նրա դեմ: Ջ. Քարտերի խորհրդական Պ. Հենցը 1982-ի նոյեմբերին հայտարարեց. «Հայկական ահաբեկչությունը շատ ավելի կարևոր և ահարկու հետին նպատակներ ունի: Այդ նպատակներից ամենագլխավորը Հայաստան կոչված տարածքներին տիրանալն է, չնայած այնտեղ շատ փոքր թվով հայեր են բնակվում, սակայն որտեղ գոյություն ունեն մինչև Պարսից ծոցի շրջանը հասնող թռիչքների համար հարմար օդանավակայաններ…» : Իսկ հաճախ էլ պարզորոշ ասվում էր, թե «ՀԱՀԳԲ նպատակն է ազատագրված հողերը ՆԱՏՕ-ից պոկել և կցել Խորհրդային Հայաստանին» (“Հայաստան”, 1985, թիվ 111-112):
Ընդհանուր առմամբ ԱՍԱԼԱ-ն հսկայական նշանակություն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, իսկ հետագայում նրա մարտիկներն իրենց ներդրում ունեցան նաև Արցախի ազատագրման գործում: