Հյուսիսկորեական միջուկային պատերազմի սպառնալիքն ու Կիմ Չեն Ընի ապտակը Դոնալդ Թրամփին
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը Հյուսիսային Կորեային զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հասցեին հնչած սպառնալիքի կրկնման դեպքում կոշտ պատասխան է հետևելու. «Փհենյանն ի պատասխան այնպիսի կրակ ու կատաղություն կստանա, ինչպիսին աշխարհը դեռ չի տեսել»:
Մինչև օրս աշխարհը տեսել է ցեղասպանություններ, երկու աշխարհամարտ, ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբակոծումը, միթե Թրամփը դրանից էլ ավելի կատաղի հարված կարող է տալ Հյուսիսային Կորեան, գուցե ԱՄՆ նախագահը սպառնում է ոչնչացնել ամբողջ պետությունը: Հասկանալի է, որ Թրամփի խոսքերը «նախագահական շոուի» հերթական մասն է, ինչը հասկանում են նաև Փհենյանում:
Թրամփի հայտարարությունից ժամեր անց (օգոստոսի 9-ին) Հյուսիսային Կորեայի «KCNA» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ երկրի զինված ուժերը «մանրամասն ուսումնասիրում են» Գուամ կղզու ուղղությամբ, որտեղ գտնվում է ամերիկյան ռազմաբազան, հրթիռային հարված հասցնելու օպերատիվ պլանը:
ԿԺԴՀ-ը դիտարկում է միջին և մեծ հեռահարությամբ «Hwasong-12» հրթիռների կիրառման հնարավորությունը: Հարձակման պլանի մշակումից ու հաստատումից հետո հյուսիսկորեական զորքերը պատրաստ կլինեն «ցանկացած պահի այն իրականացնելու, երբ Կիմ Չեն Ընն այդպիսի որոշում ընդունի», նշվում է բանակային հրամանատարության հայտարարության մեջ:
«Hwasong-12» («KN-17») հրթիռները ԿԺԴՀ-ի զինուժում են 2017 թվականի մայիսից, դրանց հեռահարությունը 3700-6000 կմ է: Հյուսիսային Կորեայից մինչև Գուամ հեռավորությունը փոքր-ինչ ավելին է 3000 կմ-ից:
Հյուսիսային Կորեան նաև զգուշացնում է Վաշինգտոնին «կանխարգելիչ պատերազմից», որի դեպքում ի պատասխան ԱՄՆ մայրցամաքային տարածքը միջուկային հարվածի ենթարկվի: Կորեական զորքերի տրամադրության տակ առկա են հրթիռներ, որոնց հեռահարությունը գերազանցում է մինչև ԱՄՆ ընկած 8000-9000 կմ տարածքը:
Հիշեցնենք, որ տարեսկզբից ԿԺԴՀ բազմիցս հրթիռային փորձարկումներ է իրականացրել՝ չնայած ՄԱԿ-ի զգուշացումներին: Հունիսի վերջերին Թրամփը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի առումով իր «ռազմավարական համբերությունը» հատել է: Սակայն հուլիսին Փհենյանը փորձարկեց ևս երկու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ հաղորդելով, որ այդ հրթիռները կարող են հասնել մինչև ԱՄՆ մայրցամաքային տարածքներ:
ՄԱԿ—ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 5-ին Հյուսիսային Կորեայի դեմ միաձայն նոր պատժամիջոցներ սահմանեց, որ արգելում է ԿԺԴՀ-ից ածուխ, երկաթ, կապար, հանքաքար և ծովային մթերքներ ներմուծել: Դրանով Հյուսիսային Կորեան տարեկան 1 մլրդ դոլարի վնաս կկրի, ինչը կազմում է այդ երկրից արտահանումների գրեթե 25 տոկոսը: Առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում ապրող Հյուսիսային Կորեայի համար արտահանման էմբարգոն էլ ավելի ցավալի հետևանքներ կունենա: Այստեղ ամենակարևոր հարցն այն, թե ինչ դիրքորոշում կպահպանի Չինաստանը, ում բաժին է հասնում հյուսիսկորեական արտահանումների շուրջ 80 տոկոսը: Բացառված չէ, որ Պեկինը փորձի օգտագործել ԿԺԴՀ-ին ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը հարված հասցնելու համար: