Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները, հիմնական գործընկերներն ու արտահանվող-ներմուծվող ապրանքները
Հայաստանի առևտրաշրջանառություն տարեկան կազմում է մոտ 4,4 մլրդ դոլար, 2015 թվականի տվյալներով ներմուծումների ծավալը (2,78 մլրդ դոլարի) 70 տոկոսով գերազանցում էր արտահանումները (1,626 մլրդ դոլարի): Մեր երկրի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Վրաստանը, Իրանը և այլ երկրներ:
Ներկայացնենք այդ պետություների հետ Հայաստանի առևտրաշրջանառության մասնավոր տվյալներին:
ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈւԹՅՈՒՆ.
Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 1146 մլն դոլար, այդ թվում արտահանումները կազմում են 230 մլն դոլար (ընդհանուր արտահանումների 14 տոկոսը), իսկ ներմուծումները՝ 916 մլն դոլար (ընդհանուր ներմուծումների 28 տոկոսը):
Հայաստանից Ռուսաստան է արտահանվում հիմնականում թունդ ալկոհոլային խմիչքներ (70 մլն դոլար), կենդանական ապրանքներ (34 մլն դոլար), հագուստեղեն (28 մլն դոլար), միրգ-բանջարեղեն ու հատապտուղներ (27,6 մլն դոլար), թանկարժեք քարեր և մետաղներ (9,22 մլն դոլար) և այլն:
Ռուսաստանից Հայաստան է ներմուծվում բնական գազ (323 մլն դոլար), բենզին (127 մլն դոլար), մետաղներ (94,1 մլն դոլար), պարենային մթերքներ (81,6 մլն դոլար), ցորեն ու բանջարեղեն (79,8 մլն դոլար), սարքավորումներ (58,5 մլն դոլար) և այլն:
Հայաստան ներմուծվող բնականի գազի 83 տոկոսը Ռուսաստանից է, մնացյալ 17 տոկոսը՝ Իրանից: Ներմուծվող բենզինի 69 տոկոսը ևս Ռուսաստանից է, 14 տոկոսը Իրանից, 4,4 տոկոսը Բուլղարիայից, 3,6 տոկոսը՝ Ռումինիայից, 1,8 տոկոսը՝ Հունաստանից:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ.
Չինաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 479 մլն դոլար, այդ թվում 172 մլն դոլար կազմում են արտահանումները (ընդհանուր արտահանումների 10 տոկոսը) և 307 մլն դոլար՝ ներմուծումները (ընդհանուր ներմուծումների 9,4 տոկոսը):
Հայաստանից Չինաստան է արտահանվում հիմնականում հանքարդյունաբերական հումք (164 մլն դոլար), այդ թվում պղձնի հանքաքար (139 մլն դոլար), թանկարժեք մետաղների հանքաքարեր (24,2 մլն դոլար), ցինկի հանքաքար (1,02 մլն դոլար), ինչպես նաև հագուստեղեն (6,25 մլն դոլար) և այլն:
Չինաստանից Հայաստան է ներմուծվում սարքավորումներ (106 մլն դոլար), մետաղներ (34,8 մլն դոլար), հագուստեղեն (33,3 մլն դոլար), քիմիական արտադրանքներ (19,8 մլն դոլար), գործիքներ (15,5 մլն դոլար), քարե և ապակյա արտադրանքներ (14 մլն դոլար), պլաստմասե և ռետինե արտադրանքներ (13,8 մլն դոլար) և այլն:
Չինաստանին է բաժին ընկնում Հայաստան ներմուծով հեռահաղորդակցման սարքավորումների 60 տոկոսը (14,8 մլն դոլար), հեռախոսների 47 տոկոսը (13,4 մլն դոլար), համակարգիչների 41 տոկոսը (12,3 մլն դոլար):
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ.
Գերմանիայի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 330 մլն դոլար, այդ թվում արտահանումները կազմում են 146 մլն դոլար (ընդհանուր արտահանումների 8,8 տոկոսը), իսկ ներմուծումները՝ 184 մլն դոլար (ընդհանուր ներմուծումների 5,6 տոկոսը):
Հայաստանից Գերմանիա է արտահանվում հիմնականում մետաղներ (116 մլն դոլար), այդ թվում պղինձ (65,6 մլն դոլար), երկաթային համաձուլվածքներ (20,2 մլն դոլար), ալյումինե փայլաթիթեղ (18,3 մլն դոլար), մոլիբդեն (11,2 մլն դոլար), ինչպես նաև հագուստեղեն (15 մլն դոլար), թանկարժեք մետաղներ ու քարեր (5,62 մլն դոլար) և այլն:
Գերմանիայի Հայաստան է ներմուծվում սարքավորումներ (37,7 մլն դոլար), տրանսպորտային միջոցներ և պահեստամասեր (34,7 մլն դոլար), քիմիական արտադրանքներ (28,3 մլն դոլար), հագուստեղեն (27,3 մլն դոլար), գործիքներ (18,5 մլն դոլար) և այլն:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների 22 տոկոսը բաժին է հասնում Գերմանիային (26,3 մլն դոլարը), որը երկրորդ ցուցանիշն է: Ավտոմեքենաների 35 տոկոսը ներմուծվում է Վրաստանից (41,7 մլն դոլար), 19 տոկոսը Ճապոնիայից (22,3 մլն դոլար), 6,1 տոկոսը՝ ԱՄՆ-ից (7,22 մլն դոլար), 3,2 տոկոսը Ռուսաստանից (3,81 մլն դոլար) և այլն:
ՎՐԱՍՏԱՆ.
Հյուսիսային հարևանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 279 մլն դոլար, այդ թվում արտահանումները կազմում են 128 մլն դոլար (ընդհանուր արտահանումների 8,8 տոկոսը), իսկ ներմուծումները՝ 151 մլն դոլար (ընդհանուր ներմուծումների 5,6 տոկոսը):
Հայաստանից Վրաստան է արտահանվում հանքային և էներգետիկ հումք (76,1 մլն դոլար), այդ թվում պղնձի հանքանյութ (55,1 մլն դոլար), բնական գազ (14,6 մլն դոլար), էլեկտրաէներգիա (4,56 մլն դոլար), ինչպես նաև պարենամթերք (13 մլն դոլար), պլաստմասե և ռետինե արտադրանքներ (7,41 մլն դոլար), միրգ-բանջարեղեն ու հատապտուղ (6,62 մլն դոլար), քարե և ապակյա արտադրանքներ (6,37 մլն դոլար), քիմիական արտադրանքներ (2,92 մլն դոլար) և այլն:
Վրաստանից Հայաստան է ներմուծվում մեքենաներ և պահեստամասեր (50,9 մլն դոլար), քիմիական արտադրանքներ (31,9 մլն դոլար), պարենամթերք (19,4 մլն դոլար), սարքավորումներ (10 մլն դոլար) և այլն:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ.
Իրանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 264 մլն դոլար, այդ թվում 78 մլն դոլար կազմում են արտահանումները (ընդհանուր արտահանումների 4,7 տոկոսը) և 186 մլն դոլար՝ ներմուծումները (ընդհանուր ներմուծումների 5,7 տոկոսը):
Հայաստանից Իրան է արտահանվում հիմնականում էլեկտրաէներգիա (69,7 մլն դոլարը), որը կազմում է ընդհանուր արտահանումների 89 տոկոսը: Հայաստանի ու Իրանի միջև գործում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերային մեխանիզմը: Մեր երկրից արտահանվում են նաև կենդանական ապրանքներ (2,89 մլն դոլար), մետաղներ (1,27 մլն դոլար), սարքավորումներ (1,02 մլն դոլար) և այլն:
Իրանից Հայաստան ներմուծումների մեջ գերակշռում է նավթագազային հումքն ու արտադրանքը (112 մլն դոլար), այդ թվում բնական գազ (65,3 մլն դոլար) և բենզին (26,1 մլն դոլար): Այդ երկրից ներմուծվում է նաև պլաստմասե և ռետինե արտադրանքներ (19,4 մլն դոլար), քիմիական նյութեր (17,3 մլն դոլար), մետաղներ (11,2 մլն դոլար) և այլն:
Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի 90 տոկոսը բաժին է հասնում Իրանին, ևս 5,9 տոկոսը՝ Վրաստանին:
Մեր երկրի արտահանման խոշոր գործընկերներից են նաև Կանադան (13 տոկոս), Բուլղարիա (4 տոկոս), Բելգիա-Լյուքսեմբուրգ (3,8 տոկոս), ԱՄՆ (3,5), Իտալիա (3 տոկոս) և այլն:
Իսկ առավել մեծ չափով ներմուծումներ իրականացվում են Իտալիայից (4,5 տոկոս), Թուրքիայից (4,1 տոկոս), Ուկրաինայից (3,6 տոկոս), ԱՄՆ-ից (3,3 տոկոս), Ֆրանսիայից (2 տոկոս) և այլն: