ՀՀ զինուժի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական ցուցանիշների համեմատություն
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգը ցույց տվեցին իրենց արդյունավետությունը դեռ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հետագա տասնամյակների ընթացքում այդպիսի համակարգերը զգալիորեն կատարելագործվել են և՛ հրթիռների հեռահարության, և՛ թիրախների խոցման, ինչպես նաև այլ ցուցանիշներով:
Ըստ հրապարակային աղբյուրների տեղեկատվության Հայաստանի ցամաքային զորքերն իրենց արսենալում ունեն խորհրդային արտադրության «ԲՄ- 21 Գրադ», ռուսական «ԲՄ-30 Սմերչ», «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ», չինական «ՎՄ-80», «ԱՌ1Ա» և հայրենական արտադրության «Ն-2» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Այս համակարգերի կարևորագույն մարտական ցուցանիշներն են հրթիռի տրամաչափը, հրթիռների ուղղորդիչների քանակը, կրակի նվազագույն և առավելագույն հեռահարությունը:
Ներկայացնում ենք ընդհանուր տվյալները.
ԲՄ-30 Սմերչ | ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ | ԲՄ- 21 Գրադ | ԱՌ1Ա | ՎՄ-80 | Ն-2 | |
Հրթիռի տրամաչափը (մմ) | 300 | 220 | 122 | 300 | 273 | 40 |
Ուղղորդիչների քանակը (հատ) | 12 | 24 | 40 | 10 | 12 | 12 |
Նվազագույն հեռահարությունը (կմ) | 2 | 0,4 | 1,6 | 20 | 34 | — |
Առավելագույն հեռահարությունը (կմ) | 90 | 6 | 42 | 130 | 80 | 1,3 |
Հրթիռների տրամաչափի ցուցանիշով առաջատար են ռուսական «Սմերչ» և չինական «ԱՌ1Ա» համակարգերը (300 մմ): Ռուսական համակարգն ունի 12, իսկ չինականը՝ 10 ուղղորդիչ: «Սմերչը» կարող է խոցել առավելագույնը 90 կմ հեռավորությամբ թիրախների, իսկ «ԱՌ1Ա»-ն՝ մինչև 130 կմ:
Ընդհանուր ցուցանիշներով այս համակարգերին գրեթե չի զիջում չինական «ՎՄ-80»-ը, որը կրում է 273 մմ տրամաչափի 12 հրթիռ, որոնց կրակի շառավիղը հասնում է մինչև 80 կմ:
Ռուսական «ՏՕՍ-1Ա» համակարգն այս ցանկում ընդգրկված միակ համակարգն է, որը թրթուրավոր շարժասարքի վրա է: Այն նախատեսված է մոտ հեռավորության մարտերի համար, ունի 220 մմ տրամագծի 24 հրթիռ, որոնք կարող են խոցել մինչև 6 կմ հեռավորությամբ թիրախներ:
Խորհրդային «Գրադ» համակարգերը լայն կիրառություն ունեին դեռ Արցախյան պատերազմի ժամանակ, դրանք ունեն համեմատաբար փոքր տրամաչափի (122 մմ) թվով 40 հրթիռներ, մոդիֆիկացված տարբերակներում դրանք կարող են խոցել մինչև 40 կմ հեռավորությամբ թիրախներ:
Հայկական «Ն-2» համակարգերը, որոնք արտադրվում են 2011 թվականից, առավել համեստ ցուցանիշներ ունեն: Այս մեքենաներում օգտագործվում է հայկական «ՏԲ-1» և ռուսական «РПГ-7»-ի հրթիռներ, որոնց առավելագույն հեռահարությունը 1,3 կմ է: