ԱՄՆ վարկանիշը զգալիորեն ընկել է Թրամփի պատճառով. «Pew Research Centre»-ի հետազոտությունը
Վաշինգտոնյան «Pew Research Centre» հետազոտական կենտրոնը հունիսի 27-ին ներկայացրել է աշխարհի թվով 37 երկրի ավելի քան 40 հազար անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը շեշտակիորեն անկում է արձանագրել, դրական վերաբերմունքը իջել է մինչև 49 տոկոս, մինչդեռ Բարաք Օբամայի ժամանակ այն ավելին քան 69 տոկոս էր:
ԱՄՆ-ի վարկանիշն առավել կտրուկ անկում է գրանցել Մեքսիկայում, Կանադայում և Եվրոպայում: Այսպես՝ մեքսիկացիների միայն 30 տոկոսն է դրական վերաբերվում Վաշինգտոնի քաղաքականությանը, մինչդեռ Օբամայի օրոք այդ ցուցանիշը ավելին քան 66 տոկոս էր: Կանադայում և Գերմանիայում Ամերիկայի վարկանիշը ընկել է մինչև 22 տոկոս (կարդացե՛ք «Դոնալդ Թրամփի նախագահությունից առավել սարսափող 7 երկրները»):
Դոնալդ Թրամփի գործողությունների գնահատականը ավելի ցածր է: Ամբողջ աշխարհում այդ ցուցանիշը 64 տոկոսից նվազել է մինչև 22 տոկոս: Հակառեկորդը գրանցվել է Գերմանիայում և կազմել է 5 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Վլադիմիր Պուտինի գործողություններին հավանություն են տալիս 27 տոկոսը: Առավել բարձր վարկանիշ ունեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 42 տոկոս, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը՝ 28 տոկոս:
ԱՄՆ նախագահի վարկանիշը բարձրացել է միայն երկու երկրում Իսրայելում և Ռուսաստանում. Ռուսաստանում 11 տոկոսից բարձրացել է մինչև 53 տոկոս, իսկ Իսրայելում՝ 49-ից մինչև 56 տոկոս: Արդյունքում ԱՄՆ-ի նկատմամբ Ռուսաստանի դրական դիրքորոշումը 15-ից բարձրացել է մինչև 41 տոկոս, իսկ Իսրայելում պահպանվում է 81 տոկոսը:
Ողջ աշխարհում հարցվածները Թրամփին հետևյալ գնահատականներ են տվել.
Ամբարտավան — 75 տոկոս
Անհանդուրժող — 65 տոկոս
Վտանգավոր – 62 տոկոս
Ուժեղ առաջնորդ – 55 տոկոս
Հարիզմատիկ – 39 տոկոս
Նախագահ լինելու համար լավ որակներ ունեցող – 26 տոկոս
Հասարակ մարդկանց մասին հոգացող – 23 տոկոս: