Եկել է Եվրոպայի աստղային ժամը․ աշխարհը թևակոխում է նոր փուլ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված սակագների անորոշության «դրական կողմնակի ազդեցությունը». ավելի շատ համաշխարհային առաջնորդներ ցանկանում են առևտրային գործարքներ կնքել ԵՄ-ի հետ: Այս մասին գրում է POLITICO-ն։
«Ներկայումս ես անթիվ բանակցություններ եմ վարում ամբողջ աշխարհի պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ միասին աշխատել նոր կարգի վրա», — երեքշաբթի օրը գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում ասաց ֆոն դեր Լեյենը:
«Բոլորը պահանջում են ավելի շատ առևտուր Եվրոպայի հետ, և դա միայն տնտեսական կապերի մասին չէ, այլ նաև ընդհանուր կանոնների հաստատման և կանխատեսելիության մասին է», — ասաց նա՝ հավելելով. «Եվրոպան կարող է դա անել»:
Ապրիլի 2-ին նոր մաքսատուրքերի մասին Թրամփի հայտարարությունից հետո անորոշության ալիքը պատել է անդրատլանտյան առևտուրը՝ ցնցելով շուկաները և կասկածի տակ դնելով Եվրամիություն-ԱՄՆ տնտեսական համագործակցության ապագան: ։
Ի պատասխան՝ ԵՄ-ն նոր ուղիներ է փնտրել առևտրային գործընկերությունները դիվերսիֆիկացնելու համար և հնարավորություններ է ուսումնասիրել՝ խորացնելու կապերը այլ խոշոր տնտեսությունների հետ, ինչպիսին է Չինաստանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով, Եվրոպան «զգաստացել է» և հնարավորություն ունի «ուժեղ դեր խաղալ նոր աշխարհակարգում, որը դանդաղորեն ձևավորվում է»։
«Այժմ մենք պետք է օգտագործենք այս թափը մեր ընկերությունների համար նոր շուկաներ բացելու և հնարավորինս սերտ հարաբերություններ հաստատելու բազմաթիվ երկրների հետ, որոնք ունեն նույն շահերը», — ասաց նա: