«Քաղաքական նոր լանդշաֆտ»
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ծրագրում է հանդիպումներ ունենալ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Այս մասին գրում է POLITICO-ն;
Տուսկն ասել է, որ Վարշավայում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի հետ, մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումը տեղի կունենա Վարշավայում կամ Լոնդոնում։ Օրակարգում են նաև Ստոկհոլմում սկանդինավյան և մերձբալթյան երկրների ղեկավարների հետ հանդիպումները, հաղորդում են ԶԼՄ-ները:
Լեհաստանի վարչապետն ասել է, որ ԱՄՆ-ում Թրամփի վերընտրությունից հետո «քաղաքական նոր լանդշաֆտը» «լուրջ մարտահրավեր է բոլորի համար», հատկապես, եթե Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները համաձայնության գան Ուկրաինայի հարցում՝ առանց Կիևի ներգրավման։
Թրամփը քննադատել է Ուկրաինային ԱՄՆ ռազմական և ֆինանսական աջակցության մակարդակը և իր նախընտրական արշավի ընթացքում ասել է, որ ձգտելու է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը։
«Այս նոր քաղաքական լանդշաֆտը լուրջ մարտահրավեր է բոլորի համար, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտի համատեքստում»,- ասել է Տուսկը։
Վարշավան «շատ ինտենսիվ կերպով կհամակարգի համագործակցությունը այն երկրների հետ, որոնք շատ համանման տեսակետ ունեն Ուկրաինայի աշխարհաքաղաքական և անդրատլանտյան իրավիճակի վերաբերյալ», — ասել է Լեհաստանի ղեկավարը։
«Ոչ ոք չի ցանկանում, որ հակամարտությունը սրվի»,- ասել է Տուսկը։ «Միևնույն ժամանակ, ոչ ոք չի ցանկանում, որ Ուկրաինան թուլանա կամ նույնիսկ կապիտուլյացիայի ենթարկվի, դա հիմնարար սպառնալիք կլինի Լեհաստանի և լեհական շահերի համար»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը շաբաթ օրը վայրէջք կատարեց Կիև՝ վերահաստատելու Եվրոպայի աջակցությունը Թրամփի հաղթանակից հետո: Սա ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին պաշտոնական այցն է ԱՄՆ ընտրություններից հետո։ «Մենք հնարավորինս աջակցելու ենք Ուկրաինային», — ասել է Բորելը: