Ինչով են առանձնանում վերջին ընտրությունները Ֆրանսիայի համար
Ձախ «Նոր Ժողովրդական Ճակատ» կոալիցիան անսպասելիորեն զբաղեցրեց առաջին տեղը Ֆրանսիայի վերջին արտահերթ ընտրություններում, սակայն նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, դա հաղթանակ չի համարվում: Գրում է POLITICO-ն։
«Ոչ ոք չհաղթեց» կիրակի օրը կայացած քվեարկությունում»,- գրել է Մակրոնը չորեքշաբթի օրը տեղական մամուլում հրապարակված նամակում՝ առաջին անգամ մեկնաբանելով արդյունքները։
«Ոչ մի քաղաքական ուժ ինքնուրույն չի ստացել բավարար մեծամասնություն»,- պարզաբանել է նախագահը։ «Այս ընտրություններից առաջացած դաշինքները կամ կոալիցիաները բոլորը փոքրամասնություն են ներկայացնում»:
Մակրոնը կառավարում է առանց մեծամասնության Ֆրանսիայի ստորին պալատում 2022 թվականից, թեև պալատում ավելի շատ տեղեր ունի, քան ձախերը կիրակի օրը նվաճեցին:
Քանի որ ոչ մի խմբակցություն չի մոտենում 289-ին, Մակրոնը կոչ է արել «բոլոր քաղաքական ուժերին, որոնք նույնանում են հանրապետական ինստիտուտների, օրենքի գերակայության, պառլամենտարիզմի, եվրոպական կողմնորոշման և Ֆրանսիայի անկախության պաշտպանության հետ, անկեղծ և հավատարիմ երկխոսության մեջ մտնել ամուր մեծամասնություն ստեղծելու համար»:
Կոալիցիոն բանակցությունները կիրակի օրվանից դարձել են ֆրանսիական քաղաքականության առանձնահատկությունը, հազվագյուտ իրադարձություն մի երկրում, որը սովորաբար վայելում է կայուն միակուսակցական մեծամասնություն: Մակրոնի ճամբարի պատգամավորները համակարծիք չեն, թե ինչ ճանապարհով պետք է գնալ։
«Նոր Ժողովրդական Ճակատն առանց մրցակցության առաջին ուժն է նոր Ազգային ժողովում»,- երեքշաբթի գրված է վերջինիս հայտարարության մեջ։