ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նոր բանաձևը
Getty Images
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեքշաբթի ուշ երեկոյան բանաձև է ընդունել, որով անհապաղ մարդասիրական հրադադար է պահանջում Իսրայելի և Համասի միջև և բոլոր պատանդների ազատ արձակում: Այս մասին գրում է POLITICO-ն:
Բանաձևն ընդունվել է 193 անդամ ունեցող Գլխավոր ասամբլեայի 153 երկրների աջակցությամբ, իսկ 23 երկրներ ձեռնպահ են մնացել, 10-ը դեմ են քվեարկել, այդ թվում՝ ԱՄՆ-ն, որը նախորդ շաբաթ վետո է դրել Անվտանգության խորհրդում հրադադարի մասին բանաձևի վրա:
Ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձևի, Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը պարտավորեցնող չէ, այլ կրում է քաղաքական կշիռ և արտահայտում է համաշխարհային տրամադրություններ:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը(Gilad Erdan) քվեարկությունից առաջ ասել է, որ հրադադարը կհանգեցնի «շարունակական տառապանքների»:
«Հրադադարը նշանակում է մեկ և միայն մեկ բան — ապահովել ՀԱՄԱՍ-ի գոյատևումը, ապահովել ցեղասպան ահաբեկիչների գոյատևումը, որոնք հավատարիմ են Իսրայելի և հրեաների ոչնչացմանը», — ասաց նա:
ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը(Riyad Mansour), մինչդեռ, ողջունել է քվեարկությունը որպես «պատմական» և ասել, որ այն «հզոր ուղերձ է»:
«Մեր հավաքական պարտքն է շարունակել այս ուղին այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսնում այս ագրեսիայի վերջը մեր ժողովրդի դեմ», — հավելել է նա։
Բանաձևը բոլոր խաղաղ բնակիչների պաշտպանության կոչ է արել և մարդասիրական օգնությունն ազատորեն ուղարկել Գազա:
ԱՄՆ-ի և Իսրայելի հետ մեկտեղ դեմ են քվեարկել Պապուա Նոր Գվինեան, Պարագվայը, Ավստրիան, Չեխիան, Գվատեմալան, Լիբերիան, Միկրոնեզիան և Նաուրուն։
Ձեռնպահ քվեարկողների թվում են եղել Գերմանիան, Իտալիան և Ուկրաինան: X-ի մի շարք գրառումներում Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բացատրել է, որ Բեռլինը չի աջակցել բանաձևին, քանի որ տեքստում չի նշվում հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա Համասի «բարբարոսական» հարձակման մասին: