«Հավասարակշռված, մտածված». Ռուսաստանը գովաբանում է ՕՊԵԿ-ին արդյունահանման կրճատման համար
Ռուսաստանը կիրակի օրը գովաբանել է ՕՊԵԿ+-ին նավթի արդյունահանման կտրուկ կրճատման և համաշխարհային էներգետիկ շուկաներում Միացյալ Նահանգների կողմից սերմանված «քայքայման» դեմ պայքարելու համար: Գրում է AL JAZEERA-ն:
ՕՊԵԿ+ 13 երկրներից բաղկացած կազմակերպության որոշումը` կրճատելու նավթի արդյունահանումը, չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը, ավելի մեծ հեռավորություն է առաջացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հարաբերություններում:
Մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ լավ է, որ «ՕՊԵԿ-ի շրջանակներում պատասխանատու դիրքեր զբաղեցնող երկրների նման հավասարակշռված, մտածված և պլանավորված աշխատանքը հակադրվում է ԱՄՆ-ի գործողություններին»: «Սա առնվազն հավասարակշռում է այն խառնաշփոթը, որը առաջացնում են ամերիկացիները», — ըստ ռուսական լրատվական գործակալությունների, ասել է Պեսկովը:
Սպիտակ տունը ամիսներ շարունակ դիվանագիտական ջանքեր էր գործադրում` մերձավորարևելյան իր դաշնակիցներին նավթի արդյունահանումը կրճատելուց հետ պահելու համար: Բայդենը հույս ունի թույլ չտալ բենզինի գնաճը, ԱՄՆ-ում նոյեմբերի ընտրություններից առաջ, որտեղ Դեմոկրատական կուսակցությունը պայքարում է Կոնգրեսում վերահսկողության պահպանման համար:
Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ն սկսել է կորցնել իր անդորրը ՕՊԵԿ-ի որոշման առնչությամբ և փորձում է իր նավթային պաշարների լրացուցիչ ծավալներ բաց թողնել շուկա: «Նման խաղը ոչ մի լավ բանի չի բերի», — ասել է Պեսկովը։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիերը լրագրողներին ասաց, որ ՕՊԵԿ+-ի որոշումը «հեռատես» էր, քանի որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է թուլանալ «[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի՝ Ուկրաինա ներխուժման շարունակական բացասական ազդեցությունից»։
Չորեքշաբթի ՕՊԵԿ+-ը համաձայնեցրեց նավթի արդյունահանման իր ամենամասշտաբային կրճատումները` COVID-19 համաճարակի սկզբից ի վեր: ՕՊԵԿ-ի 13 երկրներից բաղկացած կարտելը, գումարած 10 դաշնակիցները՝ Մոսկվայի գլխավորությամբ, Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են կրճատել արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով՝ սկսած նոյեմբերից: