Մերձավոր Արևելքը խաղաղվո՞ւմ է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը Մերձավոր Արևելքում ընթացող բանակցությունները որակեց որպես Գազայից իսրայելցի պատանդներին ազատելու և հրադադար ապահովելու վերջին հնարավորությունը: Այս մասին գրում է POLITICO-ն:
«Սա վճռորոշ պահ է, հավանաբար լավագույն, գուցե վերջին հնարավորությունը՝ պատանդներին տուն վերադարձնելու, հրադադար հաստատելու և բոլորին կայուն խաղաղության և անվտանգության ավելի լավ ճանապարհի վրա դնելու համար», — ասել է Բլինքենը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին հանդիպելուց առաջ երկուշաբթի օրը Թել Ավիվում:
«Ժամանակն է, որ դա կատարվի: Ժամանակն է նաև համոզվելու, որ ոչ ոք որևէ քայլ չձեռնարկի, որը կարող է խաթարել այս գործընթացը»,- ասաց նա։
Դիվանագիտական ճնշումը տեղի է ունենում Իսրայելի դեմ Իրանի և Հեզբոլլահի ակնկալվող հարձակման և տարածաշրջանային համապարփակ պատերազմի սպառնալիքի վախի ֆոնին:
Սա Բլինքենի իններորդ ուղևորությունն է Մերձավոր Արևելք այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի բռնի հարձակումը Իսրայելի վրա առաջ բերեց Իսրայելի պաշտպանության բանակի զանգվածային ռազմական պատասխանը, որի հետևանքով զոհվեցին տասնյակ հազարավոր պաղեստինցիներ:
Երկուշաբթի ավելի ուշ նա կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, իսկ հաջորդ օրերին կմեկնի Եգիպտոս:
ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդները Դոհայում հանդիպել են ուրբաթ և շաբաթ օրերին՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնության հասնելու նպատակով: Բայդենն ուրբաթ ասաց, որ «մենք ավելի մոտ ենք, քան երբևէ եղել ենք» գործարքին հասնելուն։
Չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը Կահիրեում ծրագրված է ևս մեկ գագաթնաժողով, հայտնում է Times of Israel-ը։