Ի՞նչ է նշանակում Ուկրաինայի հացահատիկի արտահանման գործարքի ավարտն աշխարհի համար
Ռուսաստանի որոշումը՝ դուրս գալու գործարքից, որը թույլ էր տալիս բերքը ծովով անվտանգ առաքել Ուկրաինայից, կրկին մտահոգություն է առաջացրել համաշխարհային պարենային մատակարարումների և հասանելիության վերաբերյալ: Համաձայնագիրը օգնեց իջեցնել ցորենի և բուսական յուղի գինը, որը բարձրացավ նախորդ տարի, երբ Ուկրաինայում հակամարտությունը կտրեց ուկրաինական սևծովյան նավահանգիստները միջազգային ապրանքային շուկաներից: Ուկրաինական մշակաբույսերը կշարունակեն շուկա դուրս գալ այլ երթուղիներով, սակայն տրանսպորտային ավելի բարձր ծախսերը կարող են բացասաբար ազդել հաջորդ մշակաբույսերի տնկման վրա, որը նախատեսվում է սկսել ընդամենը մի քանի ամսից: Երկարաժամկետ հեռանկարում սա կհանգեցնի համաշխարհային առաջարկի կրճատմանը։ Այս մասին գրում են հոդվածի հեղինակներ Էյն Քուինը(Aine Quinn) և Մեգան Դուրիսին(Megan Durisin) BLOOMBERG-ում:
1. Ինչո՞ւ Ուկրաինան ունի նման ազդեցություն պարենի համաշխարհային շուկաների վրա
Ուկրաինան մեծությամբ երկրորդ երկիրն է Եվրոպայում, և նրա ընդարձակ հարթավայրերը(պարարտ հողով) իդեալական են գյուղատնտեսության համար: Ուկրաինայի սննդամթերքը օգնեց ձևավորել եվրոպական պատմության ընթացքը՝ կերակրելով 19-րդ դարում արագ աճող արդյունաբերական քաղաքների բնակչությանը և պահպանելով Խորհրդային Միությունը տասնամյակների մեկուսացման ընթացքում: Մինչ հակամարտությունը Ուկրաինան ավելի շատ հացահատիկ էր արտահանում, քան ամբողջ Եվրամիությունը և մատակարարում էր աշխարհում վաճառվող արևածաղկի սերմերի և ձեթի մոտ կեսը: Նույնիսկ 2022/23 սեզոնում՝ Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր առաջին ամբողջական տարում, Ուկրաինան մնաց ցորենի վեցերորդ և եգիպտացորենի երրորդ մատակարարը: Սեզոնի վերջում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կազմել է ավելի քան 48 միլիոն տոննա, ինչը մոտավորապես նույնն է, ինչ 2021/22 թթ-ին:
2. Ինչպե՞ս աշխատեց արտահանման համաձայնագիրը
Հացահատիկի մատակարարման համաձայնագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսին, վերաբացել է ուկրաինական երեք սևծովյան նավահանգիստները բերքի առաքման համար։ Բոլոր նավերը պետք է անցնեին մուտքային և ելքային հսկողություն Ստամբուլում ստեղծված կենտրոնում, որտեղ աշխատում էին Ռուսաստանը և Ուկրաինան, ինչպես նաև Թուրքիան և ՄԱԿ-ը — երկու կողմ, որոնք միջնորդել էին համաձայնագիրը: Համաձայնագրի մեկ տարվա ընթացքում առաքվել է գրեթե 33 մլն տոննա եգիպտացորեն, ցորեն և արևածաղիկ։ Միջանցքի երկայնքով ամսական առաքումները հոկտեմբերին հասել են գագաթնակետին(4,2 միլիոն տոննա), սակայն ապրիլից ի վեր եղել են երեք միլիոն տոննայից ցածր, քանի որ ստուգումները գնալով ավելի երկար են դարձել, և Ռուսաստանը արգելափակել է նավերի գրանցումը նավահանգիստներից մեկում: Մինչ հակամարտությունը Ուկրաինան արտահանում էր ամսական մինչև հինգ միլիոն տոննա հացահատիկ բոլոր ուղիներով, ըստ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության:
3. Արդյո՞ք գործարքը միակ ելքն էր ուկրաինական հացահատիկի համար
Ոչ: Համաձայնագրի հետ կապված խնդիրները հանգեցրել են նրան, որ ավելի շատ բերք է առաքվել ուկրաինական փոքր գետային նավահանգիստներով Դանուբում, ինչպես նաև երկաթուղային և ավտոմոբիլային տարանցումամբ ԵՄ սահմանով: Այս ճանապարհով առաքվող տոննաժը, առնվազն մայիսի դրությամբ, իրականում գերազանցել է սևծովյան միջանցքով տեղափոխվող ծավալները։ Այնուամենայնիվ, այս այլընտրանքներն ավելի ծանրաբեռնված ու թանկ են, քան առաքումը ուկրաինական նավահանգիստներով: Դանուբի նավահանգիստները կարող են ընդունել միայն ավելի փոքր նավեր, ինչը նվազեցնում է ծավալը, մինչդեռ հացահատիկի արտահանումը երկաթուղային ճանապարհով դանդաղում է սահմանային անցակետերում: Փոխադրումները նաև լարվածություն են առաջացրել ԵՄ հարևանների հետ: ԵՄ-ն արևելյան անդամ հինգ երկրների թույլ է տվել սահմանափակումներ մտցնել ուկրաինական հացահատիկի գնումների վրա երկրի ներսում (տարանցիկ մատակարարումները կարող են շարունակվել): Արգելքի ժամկետը լրանում է սեպտեմբերին, սակայն հնգյակը կոչ է արել երկարաձգել:
4. Ինչո՞ւ Ռուսաստանը դուրս եկավ գործարքից
Ռուսաստանը նշել է, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն վերացվել ռուսական պարարտանյութերի և սննդամթերքի արտահանման խոչընդոտները։ Սա այն դեպքում, երբ Մոսկվան ցորենի ռեկորդային ծավալներ է մատակարարում, իսկ վերջինիս պարարտանյութի արտահանումը վերականգնվում է այն մակարդակին, որը կար հակամարտության սկսվելուց առաջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգ հիմնական պահանջ է ներկայացրել, որպեսզի մնա գործարքում:
5. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժելու
Չինաստանը, Իսպանիան և Թուրքիան ուկրաինական սննդամթերքի ամենամեծ գնորդներն են եղել( անվտանգ միջանցքով), սակայն ավելի աղքատ երկրները, ինչպիսիք են Եգիպտոսը և Բանգլադեշը, նույնպես ծրագրի շրջանակներում ներմուծել են ավելի քան մեկ միլիոն տոննա(յուրաքանչյուրը): ՄԱԿ-ն ընդգծել է, որ գործարքի շրջանակներում առաքումները նպաստել են համաշխարհային մատակարարումների ավելացմանը և գների իջեցմանը, անկախ այն հանգամանքից, թե ուր է ուղարկվում հացահատիկը: Հացահատիկի համաշխարհային գները կտրուկ բարձրացան այն իրադարձությունից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ գործարքից:
6. Ի՞նչ է նշանակում սա ուկրաինացի ֆերմերների համար
Ուկրաինան պնդում է շարունակել հացահատիկի արտահանումը սևծովյան նավահանգիստներից՝ չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին։ ԱՄՆ-ն ասել է, որ բեռների ուղեկցություն չի դիտարկվում, իսկ ապահովագրական բրոքեր Marsh-ը դադարեցրել է հացահատիկի արտահանման ծրագիրը Ուկրաինայից՝ պատճառաբանելով, որ խնդիրներ կան: Երկարաժամկետ հեռանկարում, եթե Ուկրաինան կարողանա արտադրանք արտահանել միայն այլընտրանքային ուղիներով, ֆերմերների համար ծախսերը կավելանան։ Սա կխրախուսի նրանց կրճատել բերքը, ինչը կհանգեցնի մատակարարումների հետագա կրճատմանը Ուկրաինայից: Զինված հակամարտության պատճառով արդեն նվազել են ֆերմերների ցանքատարածությունները։