Վրաստանի նախագահը մեկնել է Բրյուսել՝ փորձելով փրկել իր երկրի եվրոպական կուրսը
«Մեզ համար կենսական նշանակություն ունի աջակցել Վրաստանի եվրոպական հետագիծը, բայց սա անհրաժեշտ է նաև Եվրոպայի համար»։ Չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում էր, ուր ժամանել էր՝ ապացուցելու Եվրամիության հետ մերձեցման իր երկրի ցանկությունը։ Այս գործընթացին սպառնում է Ռուսաստանի աճող ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետությունում։ Այս մասին գրում է Le Monde պարբերականը:
Պետության ղեկավարի այցը տեղի է ունեցել ԵՄ քսանյոթ երկրների՝ Վրաստանին ԵՄ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ չտրամադրելու որոշումից մի քանի ամիս առաջ։ Այս երկրին մերժել են 2022 թվականի հունիսին՝ ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի։ Եվրահանձնաժողովը Թբիլիսիին 12 հանձնարարականներ է ներկայացրել, որոնք պետք է իրականացվեին մինչ այդ հարցը վերանայվեր Բրյուսելի կողմից՝ նախքան դեկտեմբերին որոշում կայացնելը։
Իր ուղևորության ընթացքում տիկին Զուրաբիշվիլին երկկողմ զրույցներ ունեցավ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլայի հետ: Այս հանդիպումներն ուղղված էին աջակցելու Վրաստանի նախագահի եվրոպամետ հանձնառությանը, չնայած ղեկավարի խիստ սահմանափակ լիազորություններին պետության խորհրդարանական կառավարման համակարգով, որը հաստատվել է 2018 թվականի սահմանադրական բարեփոխումներով։
Հակառակ վրացական կառավարության գնալով ավելի բացահայտ ռուսամետ կողմնորոշման, մի միտում, որն ակտիվացել է ուկրաինական հակամարտության բռնկումից հետո, եվրոպացիները Սալոմե Զուրաբիշվիլիին համարում են դաշնակից, քանի որ նրանք չեն ցանկանում թույլ տալ, որ Վրաստանն ընկնի Կրեմլի ազդեցության տակ ռազմական գործողությունների ակտիվացման շրջանում: «Ես ողջունում եմ ձեր հաստատակամ հավատարմությունը Վրաստանի եվրոպական կուրսին և ակնկալում եմ շարունակել համագործակցությունը ձեզ հետ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Մեկուկես տարվա ընթացքում Մոսկվայի և Թբիլիսիի միջև մերձեցման ավելի շատ նշաններ են նկատվել՝ ի հիասթափություն բնակչության, որի 80%-ը եվրոպամետ է և դեռ հիշում է պատերազմի պատճառած տառապանքները Ռուսաստանի հետ 2008 թվականին։ Օրինակ՝ ուկրաինական հակամարտության բռնկումից հետո Վրաստանի կառավարությունը հրաժարվեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ համարելով ազգային շահերին հակասող։
Ուղիղ չվերթների վերականգնումը հակառուսական բողոքի ցույցեր է առաջացրել Վրաստանում։ Նախագահը հայտարարել է, որ բոյկոտելու է ազգային ավիափոխադրող Georgian Airways-ը, որը վերադարձրել է թռիչքները։ Ընկերության հիմնադիրն ի պատասխան նրան արգելել է օգտվել ավիափոխադրողի ծառայություններից։
Վրաստանը՝ 3,7 միլիոն բնակչությամբ կովկասյան փոքր երկիր, երկար ժամանակ եղել է տարածաշրջանային օրինակ՝ բարեփոխումների և ժողովրդավարացման տեսանկյունից: 2012 թվականին «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց ի վեր, սակայն, երկրի եվրոպական հեռանկարը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, գնալով ավելի է հեռանում: