G7-ը պայքարում է Չինաստանի «տնտեսական հարկադրանքի» սպառնալիքի դեմ
G7 բոլոր երկրները համաձայն են Չինաստանի տնտեսական պարտադրանքի սպառնալիքի շուրջ։ Այս մասին գրում է AL JAZEERA-ն։
Պեկինին հակազդելու կոնկրետ գործողությունների շուրջ կոնսենսուսի հասնելը, սակայն, խոստանում է մարտահրավեր դառնալ ժողովրդավարական հարուստ երկրների ակումբի համար՝ աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության հետ կապերը կառավարելու տարաձայնությունների ֆոնին:
G7-ի առաջնորդները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները, ազդարարել են, որ Չինաստանի կողմից պատժիչ առևտրային միջոցների կիրառումը կլինի օրակարգում իրենց եռօրյա ամենամյա գագաթնաժողովի, որը մեկնարկում է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում ուրբաթ օրը: Ներկա կլինեն նաև Եվրամիության ղեկավարները։
Չինաստանի կողմից հարկադրական տնտեսական քայլերի կիրառումը վերջին տարիներին աճող մտահոգության խնդիր է Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում, որտեղ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Լիտվան բախվում են առևտրային սահմանափակումների Պեկինի հետ վեճերից հետո որոշակի հարցերի շուրջ (COVID-19 համաճարակի ծագումից մինչև Թայվան):
Մինչ ակնկալվում է, որ G7-ը հայտարարություն կտարածի, որը մտահոգություն կհայտնի Չինաստանի տնտեսական հարկադրանքի վերաբերյալ և կառաջարկի այդ հարցում միասին աշխատելու ուղիներ, պարզ չէ, թե Ճապոնիան և եվրոպական անդամները որքան հեռու կարող են գնալ միջոցների հարցում, ինչը կարող է հակադրել Պեկինին՝ հաշվի առնելով նրանց մեծ կախվածությունը չինական առևտրից:
Ճապոնիան և Եվրամիությունը երկուսն էլ Չինաստանին համարում են իրենց հիմնական առևտրային գործընկերը: Միացյալ Նահանգները, որը գլխավորել է Պեկինին հետ մղելու գլոբալ ջանքերը, ամենաշատ առևտուրն անում է Կանադայի և Մեքսիկայի հետ, ընդ որում Չինաստանը հանդիսանում է երրորդ ամենամեծ գործընկերը:
Տոկիոյի Կեյո համալսարանի տնտեսագիտության պրոֆեսորն ասում է, որ Ճապոնիան և Եվրոպան կարող են ավելի զգույշ լինել, քան ԱՄՆ-ն այն գործողությունների նկատմամբ, որոնք կարող են խաթարել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները:
«Չինաստանի ՀՆԱ-ն [համախառն ներքին արդյունքը] կգերազանցի ԱՄՆ-ին հաջորդ տասնամյակում և կունենա հսկայական շուկա… Այսպիսով, Չինաստանի շուկա մուտք գործելը կարևոր է զարգացած տնտեսությունների համար», — ասել է նա Al Jazeera-ին:
«Տնտեսական ՆԱՏՕ»
Չինաստանի դեմ համակարգված գործողությունների ամենաաղմկոտ կոչերից մի քանիսը հնչել են ԱՄՆ-ից, որտեղ նախագահ Ջո Բայդենը Պեկինին հակազդելը դարձրել է իր արտաքին քաղաքականության կենտրոնական հենասյունը:
Այս տարվա սկզբին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Բոբ Մենենդեսը կոչ արեց ստեղծել «տնտեսական ՆԱՏՕ»՝ արձագանքելու տնտեսական հարկադրանքին, ռազմական ագրեսիային և ինքնիշխանության խախտումներին:
Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Լիզ Թրասը նույնպես հանդես եկավ ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակի գաղափարով փետրվարյան ելույթում, որտեղ նա կոչ արեց համաշխարհային առաջնորդներին պատրաստ լինել համակարգված պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ, եթե նա ագրեսիվ քայլեր ձեռնարկի դեպի ինքնավար Թայվան, որը Պեկինը պնդում է որպես իր տարածք:
Մարտին ԵՄ-ն բացահայտեց «հակահարկադրանքի գործիք» (“anti-coercion instrument”) անդամ երկրների համար, որը ներառում է վեճերի լուծման նոր մեխանիզմ և հակաքայլեր, ինչպիսիք են մաքսատուրքերը և պետական գնումների սահմանափակումները:
Չինաստանը հերքել է առևտուրը որպես զենք օգտագործելու մեղադրանքները և ԱՄՆ-ին մեղադրել է կեղծավորության մեջ՝ հաշվի առնելով պատժամիջոցների և արտահանման վերահսկողության իր իսկ կիրառումը։
«Եթե G7-ի գագաթնաժողովն իր օրակարգում կդնի «հակազդող տնտեսական հարկադրանքը», ես առաջարկում եմ, որ նրանք առաջին հեթրին քննարկեն այն, ինչ արել է ԱՄՆ-ը», — նախորդ շաբաթ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չինաստանի ԱԳՆ խոսնակը։
«Չինաստանն ինքն է ԱՄՆ-ի տնտեսական պարտադրանքի զոհը, և մենք միշտ կտրականապես դեմ ենք եղել այլ երկրների տնտեսական պարտադրանքին»:
Կիրառումը առանցքային է
ԱՄՆ-ի և G7-ի մյուս անդամների միջև Չինաստանի վերաբերյալ տարաձայնությունները միակը չեն, որոնք ի հայտ են եկել այս շաբաթավերջին կայանալիք գագաթնաժողովից առաջ:
Նախորդ ամիս Financial Times-ը հայտնել էր, որ Ճապոնիան և ԵՄ-ն դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի առաջարկին G7-ի կողմից Ռուսաստան գրեթե բոլոր արտահանումների արգելքի վերաբերյալ՝ պայմանավորված անիրատեսական լինելու հանգամանքով։