Չինաստանը պատվիրակություն կուղարկի Ուկրաինա. ո՞րն է նպատակը
Սի Ցզինպինի և Զելենսկու շփումը Ուկրաինայի բազմաթիվ խնդրանքների արդյունք էր, գրում է Figaro-ն։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։
Չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին, Չինաստանը հայտարարեց, որ պատվիրակություն է ուղարկելու Ուկրաինա՝ հակամարտության «քաղաքական կարգավորում փնտրելու» առաքելությամբ։ Մինչ այդ, արձագանքելով ուկրաինական կողմի նախաձեռնությանը, Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա նրանց առաջին խոսակցությունն է Ուկրաինայում ռուսական հարձակման սկզբից ի վեր, միաժամանակ չինական կողմն ընդգծել է, որ հենց Կիևն է խնդրել այդ խոսակցությունը։
Զրույցը տևել է «գրեթե մեկ ժամ», Սի Ցզինպինը իր ուկրաինացի զրուցակցին ասել է, որ «Չինաստանը միշտ խաղաղության կողքին է»։ Չինաստանի ղեկավարը նաև հորդորել է Զելենսկին «բանակցել» Ռուսաստանի հետ։ «Երկխոսությունն ու բանակցությունները միակ ելքն են հակամարտությունից»,- ասել է Չինաստանի ղեկավարը։
Չինաստանի և Ուկրաինայի նախագահների հեռախոսային կապի վերջին դեպքը գրանցվել է 2021 թվականի հուլիսին։ Դրանից հետո Զելենսկին ամիսներ շարունակ ապարդյուն առիթ էր փնտրում Սի Ցզինպինի հետ զրուցելու համար, որպեսզի Չինաստանի դիրքն ավելի ձեռնտու դարձնի Կիևին։ Պեկինը այս ամբողջ ընթացքում մերժում էր հաղորդակցության առաջարկները։
Զելենսկին, ուրախանալով այդ զանգից, Չինաստանում նոր դեսպան նշանակեց։ Պեկինում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի թափուր պաշտոնը դատարկ էր 2021 թվականի փետրվարից։
«Չինական կողմը կուղարկի իր հատուկ ներկայացուցչին, պատասխանատու է Եվրասիայում արտաքին քաղաքականության համար, Ուկրաինա և այլ երկրներ, որպեսզի կարծիքներ փոխանակի բոլոր կողմերի հետ քաղաքական կարգավորման որոնումներում»- այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: