Քրիստոնեական եկեղեցին և Սուրբ Ծնունդը
Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների կողմից օգտագործվող Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նշումը հունվարի 19-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սբ. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Կաթոլիկ եկեղեցին շատ մեծ շուքով է տոնում Սուրբ Ծնունդը:
Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր:
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները: Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով:
Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սբ. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել:
Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը: