Ֆինլանդիայի ազգային պաշտպանությունը զգալիորեն ամրապնդվել է. այժմ պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ֆինլանդիան պատրաստ է մասնակցել Ուկրաինային Leopard մարտական տանկերի մատակարարմանը, ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի խոսքերն է մեջբերում Aamulehti-ն։
Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Ուկրաինային պետք է բոլոր միջոցներով աջակցել: Խելամիտ կլինի հիմա տեղափոխել մի քանի մարտական տանկ՝ ապագայում դրանք բոլորը իրական իրավիճակում օգտագործելու ռիսկը նվազեցնելու համար: Մենք կարող էինք նաև ուկրաինացիների հետ կիսել Leopard տանկերի և ռազմական պայմաններում տանկերի օգտագործման մեր փորձը։
Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք նախագահ Սուլի Նինիստոյի խոսքերը: Ֆինլանդիայի ներդրումն իսկապես անհրաժեշտ է, բայց այժմ երկիրը գտնվում է հատուկ դիրքում. մենք դեռ ՆԱՏՕ-ի կազմում չենք, և ընդհանուր սահման ունենք Ռուսաստանի հետ։ Ուստի մենք չենք կարող շատ տանկեր տեղափոխել Ուկրաինա։
Վտանգ կա, որ ժամանակի ընթացքում ֆիններն անտարբեր կդառնան Ուկրաինայում ձգձգվող ռազմական գործողությունների նկատմամբ։ Պատերազմի ուղղությունը և դրա ելքը մեծ նշանակություն ունեն Ֆինլանդիայի անվտանգության համար։ Մենք վախենում ենք նույնիսկ մտածել, թե ինչ կարող է հաջորդել Ռուսաստանի հաղթանակին։ Ուկրաինան պայքարում է ամբողջ Եվրոպայի համար:
Հավանական է, որ Ֆինլանդիան կմիանա ՆԱՏՕ-ին այս տարի, թեև շատ հարցեր դեռ լուծված չեն։ Թուրքիան դանդաղեցնում է Ֆինլանդիայի՝ դաշինքի մեջ մտնելու գործընթացը, բայց այս խաղը չի կարելի անվերջ խաղալ:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները կարող են կապված լինել ամռանը Թուրքիայում կայանալիք ընտրությունների հետ։ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու ԱՄՆ որոշումը կարող է վճռորոշ լինել:
Խոսքը միայն այն պաշտպանության մասին չէ, որ ՆԱՏՕ-ն կապահովի Ֆինլանդիային. Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը դաշինք զգալիորեն կամրապնդի այն։
Եվ չնայած Ֆինլանդիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ֆինլանդիայի ազգային պաշտպանության մակարդակը զգալիորեն բարելավվել է։ 2022 թվականին մոտ 50000 մարդ մասնակցել է կամավորների ուսումնամարզական հավաքներին և մարտական պատրաստությանը։ Լրացուցիչ ֆինանսավորմամբ ավելացվել է վարժությունների քանակը։ Զինվորական պատրաստության հետ կապված անցկացված հարցումներում պահեստազորայինները, ի թիվս այլ բաների, բարձր են գնահատել հրահանգիչների աշխատանքը, հայրենիքը պաշտպանելու ցանկությունը և թիմային ոգին։
Պահեստազորի մոտիվացիան այժմ շատ բարձր է: Հավանական է, որ բարոյահոգեբանական տրամադրություն են հաղորդում նաև զենքի խոշոր գնումների մասին հաղորդումները Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի կողմից:
Մեր Պաշտպանության ուժերը, անշուշտ, կկարողանան դիմանալ մի քանի մարտական տանկերի մատակարարմանը Ուկրաինա։