Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ բոլորիս ավելի ապահով կդարձնի. Ստոլտենբերգ
Կիրակի (2023թ. հունվարի 8) Շվեդիայում անցկացված Folk och Försvar անվտանգության համաժողովում ունեցած ելույթում գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ ավելի վտանգավոր աշխարհում «ավելի կարևոր է, որ Շվեդիան և Ֆինլանդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ»։ Հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջը:
Ստոլտենբերգը նաև կոչ է արել ավելացնել աջակցությունն Ուկրաինային և զգուշացրել, որ Ռուսաստանի թերագնահատումը կարող է «մեծ հետևանքներ ունենալ հյուսիսային տարածաշրջանի անվտանգության համար»: Նա հավելել է, որ վստահ է, որ «մենք շուտով կկարողանանք ջերմորեն ողջունել» Շվեդիային և Ֆինլանդիային Դաշինքի կազմում:
Համաժողովի շրջանակում գլխավոր քարտուղարը հանդիպել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Մագդալենա Անդերսոնի հետ։