Չինաստանը մեծացրել է ծախսերը ռուսական էներգետիկ ռեսուրսների՝ հասցնելով 35 միլիարդ դոլարի
Չինաստանը մեծացնում է իր կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Չինաստանի ծախսերը ռուսական հում նավթի, նավթամթերքների, գազի և ածուխի վրա աճել են մինչև 35 միլիարդ դոլար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային տվյալները մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 20 մլրդ դոլար։
Եվ մինչ ներմուծման արժեքը բարձրացել է էներգակիրների գների համաշխարհային աճի պատճառով, Չինաստանն իր ռազմավարական գործընկերոջից ավելի մեծ ծավալներ է գնում, երբեմն՝ զեղչով։
Հուլիսին հատկապես աճել են ռուսական ածխի (աճը՝ 14%, մինչև 7,4 մլն տոննա) և կոքսի մատակարարումները պողպատի արդյունաբերության համար (63%, մինչև 2 մլն տոննա)։
Ռուսաստանը մնում է հումքի հիմնական մատակարարը չինական նավթավերամշակման գործարանների համար ։ Թեև ներկրվող հում նավթի ծավալը նախորդ ամսվա համեմատ նվազել է մինչև 7,15 մլն տոննա, այնուամենայնիվ այն 8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Հունիսի համեմատ նվազել է նաև հեղուկ բնական գազի ներմուծումը և կազմել 410 հազար տոննա, բայց դեռ 20 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Այս ցուցանիշը չի արտացոլում խողովակաշարերով մատակարարվող ծավալները, որոնք հանդիսանում են հիմնական տարբերակը, որով ռուսական գազը մտնում է Չինաստան։
Չնայած տնտեսական դժվարություններին՝ հուլիսին Չինաստանը մեծացրել է ռուսական էներգառեսուրսների վրա ծախսերը մինչև 7,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4,7 մլրդ դոլարի դիմաց։