Քաղաքացիների շրջանում ձևավորվող խոսույթի վտանգավոր հետևանքը ՀՀ-ի համար
Մեզ մոտ ձևավորվում է խոսույթ, որ Հայաստանը ոչինչ չի որոշում, կործանված է և առհասարակ ինքահոսի է մատնված։ Սա շատ վտանգավոր է ՀՀ-ի համար, քանի որ մեծ ազդեցություն է ունենում քաղաքացիների ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա, իսկ պետության հիմքը քաղաքացին (մարդն ) է։ Եթե քաղաքացին լսում է նման գնահատականներ, ապա դրանց ազդեցության տակ թեևաթափ է լինում, կորցնում է աշխատունակությունը և չի կարողանում առավելագույնս օգտակար լինել պետության կենսունակության ապահովման գործում։ Այս խնդիրը հարկավոր է մեծ ուշադրության արժանացնել, քանի որ ինչ-որ ժամանակ անց այն հնարավոր է ավելանա այն մարտահրավերների շարքին, որոնց առաջ կանգնած է ՀՀ-ն։
Այո՛, մոլորակում տեղի են ունենում աշխարհակարգային փոփոխություններ։ Տարածաշրջանային և համաշխարհային գերտերություններն անգամ բախվում են լուրջ մարտահրավերների։ Հետևաբար, ՀՀ-ի նման փոքր և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների խնդիրները բազմապատիկ ավելի բարդ են և դժվար լուծվող։ Մեծ Մերձավոր Արևելքում և բուն Հարավային Կովկասում տեղի են ունենում բազմաթիվ տնտեսա-քաղաքական գործընթացներ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում ՀՀ-ի վրա։ Միայն այս գործընթացների քանակը և մաշտաբը ենթադրում են, թե որքան բարդ ժամանակաշրջանում ենք ապրում։ Հարկավոր, սակայն, նշել, որ ինչքան էլ ռիսկերը շատ ավելի մաշտաբային և վտանգավոր են, կան նաև հնարավորություններ։ Ռիսկերին դիմագրավելու կամ չեզոքացնելու համար հարկավոր է, որ պետությունը առավելագույնս օգտագործի իր ռեսուրսները ի շահ հնարավոր առաջընթացի և կայունության։ Ասվածից ակներև է, որ քաղաքացու նպաստը իր և պետության զարգացմանը անգնահատելի է։ Այս ամենի համար կարևորագույն պայմանը քաղաքացու հավատն է։ Վերջինիս ստեղծման համար անհրաժեշտ է, որ պետությունը հնարավորինս բաց ներկայացնի մարտահրավերները, տեսլականը, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել դրանք։ Պետք է հստակեցվի պետության և քաղաքացու դերը հաղթահարման գործընթացում։ Միայն այս երկուսի առավելագույն համագործակցությունը հնարավորություն կստեղծի ՀՀ-ի համար՝ դիմագրավելու այն դժվարին մարտահրավերներին, որոնք կանգնած են պետության առջև։