ԱՄՆ-ը քննադատում է «անպատասխանատու» Չինաստանին՝ հարձակման փորձի մասին պնդումների ֆոնին
Միացյալ Նահանգները Պեկինին մեղադրել է «սադրիչ» և «անպատասխանատու» գործողությունների մեջ այն բանից հետո, երբ Թայվանն հայտնել է, որ Չինաստանը փորձել է հարձակվել կղզու վրա: Հայտնում է BBC-ին։
Թայվանն հայտարարել է, որ պատասխանել է չինական զորավարժություններին ( որոնք արդեն չորրորդ օրն են )` տեղակայելով ինքնաթիռներ և նավեր կիրակի օրը: Աճող լարվածությունը հետևում է ԱՄՆ-ի պատվիրակության Թայվան այցին, որը գլխավորում էր ավագ դեմոկրատ Նենսի Փելոսին:
Չինաստանը այցը դիտարկում է որպես իր ինքնիշխանության պահանջներին ուղղված մարտահրավեր Թայվանի նկատմամբ, որն իրեն անջատ է համարում: Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չինական նավերն ու ինքնաթիռները հանգստյան օրերին առաքելություններ են իրականացրել Թայվանի նեղուցում, որոնց մի մասը հատել է միջին գիծը՝ երկու կողմերը բաժանող ոչ պաշտոնական բուֆերային գոտին: Թայվանի զինվորականները հայտարարել են, որ «պատշաճ կերպով» պատասխանել են ուղիղ կրակով վարժանքներին։
Թայվանի վարչապետը, Թայբեյում լրագրողների հետ զրույցում, մեղադրել է Չինաստանին «գոռոզաբար» վարժանքներ իրականանացնելու և տարածաշրջանային կայունությունը խաթարելու մեջ։ Վերջինս զսպվածության կոչ է արել Չինաստանին։ Պեկինը չի մեկնաբանել վերջին զորավարժությունները, սակայն Թայվանի շրջակայքում՝ օդում և ծովերում, նրա չորսօրյա զորավարժությունների շարքը նախատեսվում է ավարտել կիրակի օրը:
Վաշինգտոնը մեղադրել է Չինաստանին լարվածության սրման մեջ։ «Այս գործողությունները զգալի էսկալացիա են ստատուս քվոն փոխելու Չինաստանի ջանքերում: Դրանք սադրիչ են, անպատասխանատու և մեծացնում են սխալ հաշվարկների վտանգը», — ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Դրանք նաև հակասում են Թայվանի նեղուցում խաղաղություն և կայունություն պահպանելու մեր վաղեմի նպատակին, ինչն էլ ակնկալում է աշխարհը»:
Չինաստանը հայտարարել է, որ տիկին Փելոսիի այցը «լրջորեն սպառնում է» խաղաղությանը և կայունությանը Թայվանի նեղուցում: Չինաստանը Թայվանը դիտարկում է որպես անջատված նահանգ, որն ի վերջո կհայտնվի Պեկինի վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, Թայվանը ինքնակառավարվող կղզի է, որն իրեն անջատ է համարում մայրցամաքից:
Պեկինը հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ մի քանի հիմնական ոլորտներում՝ ներառյալ կլիմայի փոփոխության, ռազմական բանակցությունների և միջազգային հանցագործության դեմ պայքարի ջանքերում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Չինաստանին «անպատասխանատու քայլերի» մեջ՝ Վաշինգտոնի հետ կապի հիմնական ուղիները արգելափակելու համար։
Տիկին Փելոսին՝ Չինաստանի երկարամյա քննադատը և ամենաբարձրաստիճան ամերիկացի քաղաքական գործիչը, ով մեկնել է կղզի վերջին 25 տարիների ընթացքում, երեքշաբթի ժամանեց Թայվան՝ չնայած Պեկինի նախազգուշացումներին:
Իր այցի ընթացքում տիկին Փելոսին ասաց, որ «աշխարհը կանգնած է ավտորիտարիզմի և ժողովրդավարության միջև ընտրության առաջ»: